Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյանի խորհուրդը ցուցարարներին. «Պետք է ունենաք հատուկ կարգադրիչներ»

Սեպտեմբեր 26,2013 23:52

«Ոչ իրավական պետությունում մի քանի ձևեր կան, օրինակ՝ քաղաքական ձևը, իրավական ձևը՝ դատարան դիմելու, բայց ամենահզոր զենքը հասարակական շարժումներն են, որոնց ընթացքում շատ հաճախ բռնության դիմելու հարց է առաջանում: Դա ամենահարմար բանն է իշխանության համար. բռնության դեպք եղավ, դու միանգամից մտնում ես իրենց դաշտ՝ իրենք այդտեղ ուժեղ են և կարող են դա ցույց տալ»,- հայտարարեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ  Ավետիք Իշխանյանը սեպտեմբերի 26-ին քաղաքապետարանի մոտ ցուցարարների հետ հանդիպման ընթացքում:

Հանդիպումը «Հրապարակային զրույց» միջոցառման շրջանակում էր: Հանդիպման թեման էր՝ «Անհնազանդություն, հավաքների անցկացման իրավունք»: Նպատակն էր հանրային ոլորտի, հանրային կյանքի վերիմաստավորումը, քաղաքային նոր մշակույթի ձևավորումը:

Ավետիք Իշխանյանը համարում է, որ քաղաքական լարվածությունը Հայաստանում լինում է հատկապես նախագահական ընտրությունների ընթացքում: Իր խոսքում իրավապաշտպանը նշեց, որ հանրահավաքների ժամանակ վարչական կալանք էր օգտագործվում և վարչական կալանքին ենթարկվում էին ոչ թե հավաքի ղեկավարները, ինչպես պահանջում էր օրենքը, այլ ցուցարարները.

«Կախված քաղաքական լարվածությունից՝ Հայաստանում խաղաղ հավաքների խոչընդոտներ չէին լինում որոշ ժամանակ: Հենց որ լինում էր քաղաքական լարվածություն՝ միանգամից քաղաքապետարանը սկսում էր արգելել հավաքները: Այդ ժամանակ մենք Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի անդամ էինք, ՄԱԿ-ի «Մարդու իրավունքների դաշնագիրն» էինք վավերացրել, նաև ԵԱՀԿ անդամ էինք: Բայց դրանք ավելի շատ հռչակագրային էին՝ կոնկրետ մեխանիզմ չկար: «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի» 11-րդ հոդվածը հռչակում է խաղաղ հավաքների որպես ֆունդամենտալ՝ հիմնարար ազատություն»:

Ավետիք Իշխանյանը կարծում է, որ խաղաղ հավաքները և 2011 թվականի քաղբանտարկյալների ազատ արձակումը կապված են քաղաքական լարվածության հետ.

«Միջազգային հանրությանը հաճոյանալու համար 2011 թվականին ընդունվեց նոր օրենք: Այդ նոր օրենքը շատ լավ օրենք է: Այնտեղ ներառված են այնպիսի կետեր, որոնք շատ երկրների օրենսդրություններում չկան: Օրինակ՝ կետ շտապ և ինքնաբուխ հավաքների մասին, նաև չի օգտագործվում «արգելված» բառը»:

Ցուցարարներին հետաքրքրում էր, թե հավաքների ժամանակ ե՞րբ կարող է ոստիկանը միջամտել.

«Եթե հավաքի մեջ կա ինչ-որ մեկը, ով բռնության կոչեր է անում, որ չի կարելի, օրենքում գրված է, դա բավարար չի ցույցը ցրելու համար: Դա, ի դեպ, միջազգային նորմ է: Նա կարող է մեկուսացնել միայն այդ մարդուն, եթե հիմնարար պատճառներ կան: Իսկ միջամտել ու ցույցը ցրել կարող են միայն այն ժամանակ, երբ ցույցը, իսկապես, խաղաղ չի ընթանում»:

Իրավապաշտպանը խորհուրդ տվեց ցուցարարներին իրենց մեջ առավել հանգիստ և օրենքներից գիտակներին առանձնացնել որպես կարգադրիչների.

«Երբեմն լարվածության ժամանակ ցուցարարները կարող են լինել բավականին հուզվող և կարող են ընդհարումների պատճառ դառնալ: Այդ պատճառով պետք է ունենաք հատուկ կարգադրիչներ, որ պատասխանատու լինեն բանախոսությունների ժամանակ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ Գայանե Մելքոմ ՄելքոմյանՎճարում ենք 100 դրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30