Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀիմնաՏավուշը» չի ցանկանում գյուղացիներին փոխհատուցել

Սեպտեմբեր 26,2013 23:05

Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Դիտավան համայնքի նախկին ղեկավար Սեյրան Սարգսյանը ու եւս 3 դիտավանցիներ դատի են տվել «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամին: Վերջինս ստեղծվել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից:

2010 թ. մայիսի 22-ին Իջևանում Ֆրանսիայի Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանը և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ստորագրել են համատեղ նկատառումների հուշագիր: 2011 թ. մարտին Ֆրանսիայում երկու կողմերը ստորագրել են Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի և Տավուշի մարզի միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակային պայմանագիր՝ 3 տարի ժամկետով: Տավուշի մարզին Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի դեպարտամենտի աջակցությունն ուղղված է մարզի գյուղատնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, սահմանագոտու բնակիչների կենսամակարդակի բարելավմանը:

Դիտավանցիների դատական հայցը վերաբերում է 2012թ. Դիտավանում ցանված 10 հա եգիպտացորենին, որից ստացված սիլոսը պետք է օգտագործվեր հիմնադրամի կողմից մարզի Լուսաձոր գյուղում հիմնված տոհմային անասնապահական ֆերմայի կովերին կերակրելու համար: Ս. Սարգսյանի խոսքերով՝ հիմնադրամը եգիպտացորեն ցանելու համար յուրաքանչյուր հեկտարի հաշվով իրենց 150 հազարական դրամ կանխավճար է տվել, հետագայում՝ հեկտարի հաշվով՝ եւս 30 հազարական դրամ: Նրա վկայությամբ՝ ըստ պայմանագրի «ՀիմնաՏավուշը» հնձի շրջանում պետք է ապահովեր տեխնիկայով, ինչը չի արվել: Դրա պատճառով եգիտացորենը գերհասունացել է, չորացել, ակնկալված 400 տոննայի փոխարեն հնձվել է ընդամենը 92 տոննա: Սեյրան Սարգսյանն ասաց,որ հետո հիմնադրամի ներկայացուցիչները փորձել են համոզել , որ ինքը ստորագրի փաստաթղթի տակ, թե իբր երաշտի, այսինքն՝ «ֆորս մաժորի» հետեւանքով է ցածր բերք ստացվել:

Նախկին գյուղապետը հայտնեց, որ իրենք հիմնադրամից ստացել են ընդհանուր առմամբ 1 միլիոն 860 հազար դրամ, սակայն ակնկալում էին ստանալ 8 միլիոն դրամ եկամուտ: Դիտավանցիները յուրաքանչյուր հեկտարի մշակության համար ծախսել են 350 հազարական դրամ, ընդհանուր՝ 3.5 միլիոն դրամ:

Սույն գործով դատական նախնական նիստերը մայիսի 31-ին մեկնարկել էին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում: Դատավարության ընթացքում «ՀիմնաՏավուշի» ներկայացուցիչները հանդես են եկել հակընդդեմ հայցով: Դիտավանի նախկին գյուղապետ Սեյրան Սարգսյանն ասաց, որ արդեն ավարտվել է դատավարության նախնական փուլը, եւ սեպտեմբերի 27-ին Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվելու է բուն դատաքննությունը:

Ս. Սարգսյանն ասաց, որ կայացած նախնական նիստերի ժամանակ «ՀիմնաՏավուշի» ներկայացուցիչները հրաժարվում էին ընդունել ակնհայտ փաստերը: Նախկին գյուղապետի խոսքերով՝ հիմնադրամի ներկայացուցիչները հրաժարվում էին խոստովանել, որ իրենք դիտավանցիներին եգիպտացորենի սերմացու են տվել; Դիտավանցիներին հաջողվել է ապացուցել, որ «ՀիմնաՏավուշը» «Հայաստան» համահայկական հիմնադրամից ստացել եւ դիտավանցիներին է փոխանցել եգիպտացորենի 1.5 տոննա սերմացու:

Սեյրան Սարգսյանի վկայությամբ՝ «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի ներկայացուցիչները հրաժարվել են ընդունել, որ 2012թ. հուլիսի 27-ին իրենք եգիտացորենի անսարք կոմբայն են ուղարկել Դիտավան, որը օգոստոսի 17-ին փոխարինել են այլ կոմբայնով:

Դիտավանցիները դատարան են ներկայացրել Տավուշի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի (ԳԱՄԿ) ակտերն այն մասին, որ եգիտացորենը գերհասունացած է , պիտանի չէ սիլոսավորման, նաեւ ներկայացրել են իրենց այն նամակները, որոնցով հիմնադրամին ահազանգել են եգիպտացորենի հնձի ուշացման վերաբերյալ:

Ս.Սարգսյանն ասաց, ուր «ՀիմնաՏավուշի» գործադիր տնօրեն Հրաչ Թումանյանը չի մասնակցում դատական նիստերին, հիմնադրամի շահերը դատարանում ներկայացնում է երեւանցի մի փաստաբան:

Ս. Սարգսյանի համոզմամբ՝ հիմնադրամի տնօրինությունը պատրաստ է դատական մեծ ծախսեր անել, սակայն չփոխհատուցել դիտավանցիների կրած վնասները: Նրա խոսքերով՝ հիմնադրամի դեմ բողոքում էին նաեւ Իջեւանի տարածաշրջանի Ակնաղբյուր գյուղի 3 բնակիչ, որից մեկին հիմնադրամի ներակայացուցիները ինչ-ինչ ձեւով համոզել են հրաժարվել բողոքից, երկրորդին իրենց մոտ աշխատանքի են ընդունել, 3-րդն էլ իրականում ցանք չի կատարել եւ իմաստ չի տեսել բողոքելու:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30