Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «Վերադարձնենք Բաքվի եւ Թիֆլիսի հայերի ունեցվածքը» (տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2013 22:26

Այսօր կայացած ասուլիսում, որը նվիրված էր Թուրքիայի տարածքի հայկական պատկանելություն ունեցող անշարժ գույքի եւ սեփականության վերադարձին՝ համապատասխան իրավական ակտերով, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը կարծիք հայտնեց, որ Թուրքիայում սկսվել է մի ներքին գործընթաց՝ հայերին վերադարձնելու առումով: «Թուրքերը հասկացել են, որ Ցեղասպանությունը ռազմավարական սխալ էր, եւ հայերի կոտորածով տարածաշրջանում քրդերի եւ հայերի միջեւ հավասարակշռությունը վերացավ, ու հիմա քրդերին չեն կարող ֆիզիկապես ոչնչացնել՝ նրանց քանակի եւ ժամանակների փոփոխության պատճառով, եւ փորձում են հավասարակշռությունը վերականգնել՝ հայերին վերադարձնելով». սա պարոն Պապյանի խոսքերի ոչ բառացի շարադրանքն է:

«Առավոտի» հարցին, թե եթե այդպես է, ապա ինչո՞ւ է Թուրքիան դեռ վախենում «հայ» բառից եւ սրբագրում է անցյալը, մասնավորապես՝ Անիի, Կարսի եւ Արեւմտյան Հայաստանի այլ տարածքների պատմական շենքերի, եկեղեցիների վրա տեղադրված տեղեկատվական ցուցանակներում ոչ մի տեղ չի նշվում, որ դրանք հայկական են: Արդյոք այս պայմաններում հայկական ունեցվածքի վերադարձի մասին խոսելը խնդրահարույց չի՞:

Ի պատասխան պարոն Պապյանը նկատեց, որ, բնականաբար, գործընթացը սկսելը հեշտ չի լինելու, եւ դժվար թե ամեն ինչ միանգամից լինի, բայց որոշակի փոփոխություններ թուրք հասարակության եւ կառավարության կողմից արվում են. «Որոշ եկեղեցիներ նորոգվում են, շատ դժվարությամբ, իհարկե, բայց արվում են՝ նույն Աղթամարի եկեղեցին, սկզբում խաչը չդրեցին, բայց ի վերջո դրեցին, առաջին մկրտությունը եղավ, եւ գործընթացը գնում է, դժվար, բայց գնում է»:

Պարոն Պապյանը վստահ է, որ այդ քայլերը արվում են Թուրքիայի այդ տարածքներում քրդերին հակակշիռ ստեղծելու համար, իսկ քրդերն էլ իրենց հերթին փորձում են հայերի հետ լավ լինել՝ իրենց շահի համար. «Խնդիրն այն է, թե մենք՝ որպես պետություն, որքանո՞վ կկարողանանք նպաստել այդ գործընթացին եւ օգուտ քաղել»:

Մեր հարցին՝ եթե թուրքական կառավարությունը հայերին ընդառաջելու ինչ-որ քայլեր է անում՝ քրդերին հակակշռելու համար, ապա պիտի որ քրդերին ձեռնտու չլինի հայերի վերադարձը իրենց արմատներին, իրենց պապենական տարածքներ, սակայն Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի օրինակը կա, որը հայերին կոչ է անում վերադառնալ եւ բնակություն հաստատել իրենց բնօրրան Դիարբեքիրում, արդյոք հակասություն չկա՞, Արա Պապյանը պատասխանեց. «Ոչ, հակասություն չկա, որովհետեւ քրդերն էլ ուզում են հայերին օգտագործել թուրքերի դեմ: Քրդերը հասկանում են ,որ իրենց բարեկեցությունը անկում ապրեց հայերի կոտորածից հետո, նրանք գիտեն, որ հայերը հիմա այդ տարածքում այդ քանակը չունեն եւ չեն էլ ունենա: Բացի դա՝ մենք չենք նկատում, բայց հայերս շատ ակտիվ եւ ձեռներեց ժողովուրդ ենք, եթե այս վիճակում՝ ամբողջովին շրջափակման մեջ եւ այս վատ կառավարման պայմաններում, այս մակարդակը պահել ենք, դա խոսում է մեր ժողովրդի ձեռներեցության մասին, քուրդ ժողովուրդն էլ է դա գնահատում, եւ դա իրենց պետք է: Նաեւ՝ քաղաքական իմաստով»:

Մեր մյուս հարցին՝ Դուք խոսեցիք նաեւ Բաքվում եւ Թիֆլիսում հայերի ունեցվածքի, սեփականության վերադարձի մասին, այսօրվա պայմաններում որքանո՞վ է դա իրատեսական, պարոն Պապյանը պատասխանեց. «Եթե զբաղվենք՝ իրատեսական է, ինչի՞ չէ»:

Նա նկատեց, որ կան բազմաթիվ արխիվային փաստաթղթեր, որոնք ապացուցում են այդ քաղաքներում բազմաթիվ շենք-շինությունների, գործարանների, նավթահորերի հայկական սեփականություն լինելը, եւ պետք է ուղղակի դիմել դատարան ու վերադարձնել դրանք: Նա, իհարկե, վստահ էր, որ, ասենք, Թիֆլիսի դատարանները կմերժեն այդ հայցը, սակայն «խնդիրն այն չի, որ հաղթենք այդտեղ, խնդիրը այդտեղի ներպետական դատական ատյաններում սպառվելու եւ ՄԻԵԴ դիմելն է»:

Ըստ Պապյանի՝ եթե Վրաստանն ու Ադրբեջանը համապատասխան փաստաթղթերով չդիտարկեին սովետական շրջանը որպես անօրինական շրջան՝ ուրիշ բան, բայց եթե նրանք իրավական ակտերով ՍՍՀՄ ողջ շրջանը անօրինական են համարել, ուրեմն ազգայնացումն էլ է եղել անօրինական, եւ այդ սեփականությունները իրենց նախկին տերերին վերադարձի ենթակա են:

Մեր ճշտող հարցին՝ եթե մենք Բաքվի հետ չունենք որեւէ դիվանագիտական հարաբերություն, իսկ Վրաստանը տարածաշրջանի հազվադեպ «ոչ թշնամի» երկրներից է, եւ հսկայածավալ գույքային պահանջը կարող է այդ խախուտ բարեկամությունն էլ խաթարել, այդ համատեքստում որքանո՞վ է իրատեսական նման գործընթացներ սկսելը, Արա Պապյանը պատասխանեց. «Ամեն անհատ իր իրավունքների հարցով պետք է զբաղվի: Դիվանագիտական հաւրաբերությունների բացակայությունը կապ չունի: Բավական է, որ լինի Ադրբեջանի տարածքում գործունեություն ծավալելու իրավունք ունեցող իրավաբան եւ կարող է սկսել այդ գործընթացը: Բաքվի անշարժ գույքի 44%-ը հայերի սեփականությունն է, թող չլինի այդքանը, գոնե 10%-ը, որ կարողանանք վերադարձնել՝ լավ է: Մեր քաղաքացիները հիմա ծանր տնտեսական կացության մեջ են, ինչի՞ չօգտվեն իրենց ժառանգությունից»:

Հիմնական խնդիրը պարոն Պապյանը տեսնում էր նրանում, որ մեզ մոտ իրավական նիհիլիզմ կա, սովետական շրջանում տեսած անիրավ դատական համակարգից հետո մարդիկ չեն հավատում, որ հնարավոր է հասնել ինչ-որ բանի դատարանի միջոցով՝ «աչքը տեսածից է վախենում»: Դրանով հանդերձ, նկատեց, որ կա նաեւ հակառակ օրինակը, թե ինչպես է Թուրքիան բազմամիլիոն հատուցումներ տվել Հյուսիսային Կիպրոսի հույներին:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գալուստ says:

    Հալալա պարոն Պապյան ջան: Միշտ լավ մտքեր եք ասում,բայց ցավոք սրտի մեր ժողովուրդը առանց պետական օգնության չեն կարալ այդպիսի հարցեր լուծել: Իսկ պետությունն էլ, դե գիտեք էլ ինչ՞ ասեմ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30