«Ամեն օր, ըստ վիճակագրության, մետրոյի 1 վագոն մարդ Ուկրաինայում վարակվում է ՄԻԱՎ-ով»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի տվյալներ ներկայացրեց «Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց միավորման» մամուլի քարտուղար Յուլյա Ռասկեւիչը, որն այսօր «Վորդ Վիժոն Հայաստան» կազմակերպության աջակցությամբ լրագրողների համար դասընթացներ էր անցկացնում:
Յուլյա Ռասկեւիչի ներկայացմամբ` Ուկրաինայում ՄԻԱՎ-ով ապրող (մարդու իմունային անբավարարության վարակ) մարդիկ կան, որոնք, հանրությանը բացահայտ ներկայացնում են իրենց կարգավիճակը, չնայած նրան, որ այս երկրում եւս կա որոշակի խտրականություն ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ. «Օրինակ` եղել են դեպքեր, երբ մի երիտասարդի հրաժարվել են սպասարկել ատամնաբուժարանում`իմանալով որ ՄԻԱՎ դրական է, մեկ այլ երիտասարդի էլ իր վարձակալած բնակարանի տիրուհին է դուրս վռնդել, իմանալով նրա հիվանդության մասին: Կան մարդիկ, որոնք այդ մասին բաց կարգավիճակից են խոսում, նրանք երջանիկ են եւ լիարժեք կյանքով են ապրում: Մի 14 տարեկան դեռահաս աղջիկ, որը ծնվել է ՄԻԱՎ-ով, եւս մեծ լսարանի առջեւ հայտարարեց, որ ինքը ՄԻԱՎ դրական է եւ կառավարությանը կոչ էր անում` ձեզանից է կախված իմ կյանքը. նա պայքարում էր, որպեսզի պետական բյուջեում ներառվի ՄԻԱՎ-ով մարդկանց բուժումը: Ներկայումս Ուկրաինայում լայնամասշտաբ ակցիա է, բոլոր խոշոր քաղաքներում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկարներով պաստառներ են փակցված, գրված` այս մարդիկ երջանիկ են եւ երկար են ապրում, կամ այս մարդն արդեն այսքան տարի է ապրում է ՄԻԱՎ-ով»:
Ի տարբերություն Ուկրաինայի, Հայաստանում չկա որեւէ մեկը, որը բացահայտ հայտարարի լայն հասարակությանը, որ ինքը ՄԻԱՎ դրական է, քանի որ հասարակության կողմից խտրական վերաբերմունք կա, մեր այս դիտարկմանը, Յուլյա Ռասկեւիչն ասաց. «Ամենակարեւորը անհրաժեշտ է տեղեկատվություն տալ հասարակությանը, դա պետք է անեն ԶԼՄ-ները, պետությունը սոցիալական ակցիաներ կազմակերպի: Տարիներ առաջ մեծ կոմպանիա էր տարվում, որի միջոցով տարածում էին` ՄԻԱՎ-ը 20-րդ դարի ժանտախտն է, դա պետական մակարդակով էր արվում, եւ բոլորի մոտ այդ խոսքերը տպավորվել էր, ուստի ակցիաները, որոնց միջոցով կտեղեկացվի ՄԻԱՎ-ի մասին, որը բուժվում է, ազդեցություն կթողնի խտրականությունը նվազեցնելու համար: Անհրաժեշտ է նաեւ դպրոցներում այդ մասին խոսել: Ուսուցիչներին էլ է պետք այդ մասին տեղեկատվություն տալ»:
Կարդացեք նաև
Շուրջ 16 երկրներում այս ոլորտը կոորդինացնող ընկերության մասնագետը, պատասխանելով, մեր այն հարցին, թե ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ որ երկրներում են ավելի կոշտ խտրականություն ցուցաբերում, Յուլյա Ռասկեւիչն ասաց, որ մուսուլմանական երկրներում, ելնելով նաեւ կրոնից, ոչ ոք այդ մասին չի խոսի, Կովկասում էլ է ավելի կոշտ վերաբերմունք, ի տարբերություն Ռուսաստանի եւ Ուկրաինայի:
Aravot.am-ի հետ զրույցում «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության ղեկավար Հովհաննես Մադոյանը կարծիք հայտնեց, որ այսօր ավելի շատ խտրականությունը ներքին է. «Այսինքն`հենց ՄԻԱՎ-ով ապրող մարդը վախենում է իր կարգավիճակը բացել` պայմանավորված մտացածին վախերով, քան վախենում է, որ ասենք ֆիզիկական կամ սոցիալական կյանքին կարող է վտանգ սպառնալ: Իսկ հասարակության վերաբերմունքը, ըստ իմ 17 տարվա այս ոլորտում ունեցած փորձի, բավականին փոխվել է: Առաջին անգամ, երբ այս թեմայի մասին խոսում էինք գյուղական համայնքներում ու ավագ դասարաններում, առաջինը որ ասում էին` դա մեզ չի վերաբերում, Հայաստանին չի սպառնում, կամ նույնիսկ եթե լինի էլ, նրան պետք է մեկուսացնել, վառել, թաղել, ում երեւակայությունը որքան բավականացնում էր, դաժան միջոցներ էին առաջարկում: Հիմա մեկուսացնելու «պայծառ» մտքերը նվազել են ահագին: Երեւանում ուսանողության շրջանում տեղեկացված են, գիտեն, որ կա բուժում, որը կյանքը երկարացնում է, գիտեն, որ կարող են առողջ երեխա ունենալ: 8-9 տարի առաջ գրեթե բոլոր գինեկոլոգներն առաջարկում էին հղիության արհեստական ընդհատում անել, հիմա էլ կան դեպքեր, բայց տարածված չէ: Հիմա գիտեն, որ ՄԻԱՎ-ով հղիին որտեղ պետք է ուղարկեն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ