Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի անվան հրապարակը մոտ մեկ տարուց բոլորվին նոր տեսք կունենա: Այս պահին այնտեղ դեռեւս հողային աշխատանքներ են միայն տարվել: Ծրագրի իրականացումը ներկայումս նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և մշակման փուլում է գտնվում:
Գարեգին Նժդեհ հրապարակը արդիականացնելու և ժամանակակից տեսքի բերելու նպատակով՝ նախատեսվում է հրապարակի հարեւանությամբ կառուցվող «Բիզնես կենտրոն»-ի շենքի շինարարությանը զուգահեռ իրականացնել Կապանի մշակույթի կենտրոնի շենքի ճակատային մասի վերակառուցման և արդիականացման, ինչպես նաև ջրավազանի վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ, իսկ ջրավազանի կից տարածքում ստեղծել հանգստի գոտի՝ վերափոխելով կանաչ տարածքը: Կլինի լուսային էֆեկտներով համադրված շատրվան, իսկ զբոսայգու հարեւանությամբ հոսող Վաչագան գետի ջրային ավազանը կբարեկարգվի եւ ավելի ժամանակակից տեսք կստանա:
Գարեգին Նժդեհ հրապարակի արևմտյան թեւում գտնվող ՀՀ Սյունիքի մարզպետարանի վարչական շենքի ճակատային մասը վերանորոգվել եւ արդիականացվել էր 2009 թվականին, իսկ հրապարկի մյուս հատվածում 2006-2007 թթ.-ից կառուցվում է ժամանակակից տեսք ունեցող Կապանի «Բիզնես կենտրոն»-ի մասնաշենքը, որն ավարտին կհասցվի 2014 թվականին: Գարեգին Նժդեհ հրապարակի տարածքում գտնվող Կապանի մշակույթի կենտրոնի շենքը այս կառույցների կողքին հին տեսք ունի, այն շահագործման էր հանձնվել 1977 թվականին եւ մինչ օրս ոչ մի անգամ չի հիմնանորոգվել:
Կարդացեք նաև
«Մենք ներկայացրել ենք հրապարակի վերակառուցման, մշակույթի կենտրոնի հին շենքի վերակառուցման, կառուցման ընթացքի մեջ գտնվող «Բիզնես կենտրոն»-ի վերնահարկի ավելացման նախագիծը: Ջրավազանի գոտին եւ հարակից տարածքով անցնող գետի վրա ջրային շիթերով նաեւ ստեղծում ենք մի միկրոկլիմա, որը կնպաստի քաղաքացիների հանգիստն ավելի հարմարավետ կազմակերպելու համար: Մշակույթի կենտրոնի շենքը սովետական տարիների կառույց է, այն նախագծվել եւ կառուցվել է 7 բալային գոտու համար: Այժմ մենք միաժամանակ առաջարկում ենք շինության սեյսմակայունության ուժեղացում եւ արտաքին ճարտարապետական էլեմենտների փոփոխություն, ներսի վերանախագծում՝ այսօրվա պահանջներին համահունչ դարձնելու նպատակով: Բիզնես կենտրոնի վերնահարկը կավելացվի՝ իր ակտիվ շեշտադրումներով եւ կհամադրվի ընդհանուրի տեսքին», – պարզաբանեց «ՀՈՎԱՇ» ՍՊԸ գլխավոր ճարտարապետ, նախագծի հեղինակ Ռոբերտ Բալյանը: Նախագիծը հավանության է արժանացել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրինության կողմից եւ ծրագրի նախատեսվում է իրականացնել կոմբինատի ֆինանսական միջոցներով:
Երկօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր կեսօրից հետո եղել է Կապանի Գարեգին Նժդեհ հրապարակում, տեղում ծանոթացել հրապարակի վերակառուցման եւ արդիականացման նախագծին: Գարեգին Նժդեհ հրապարակից հետո Սյունիքի մարզպետի ուղեկցությամբ նախագահը եղավ Կապանի թիվ 2 ավագ դպրոցի կառուցման շինհրապարակում, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, որից հետո այցելեց Կապանի նորաբաց մանր եղջերավոր անասունների մորթման եւ վերամշակման «Գյուղարտ» ՓԲԸ արտադրամաս, այնտեղից էլ մեկնեց մայրաքաղաք:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Արդիականացումն ու գեղեցկացումը,իհարկե,լավ է,բայց դա ԵՐԲԵՔ չպիտի արվի հինը ՈՉՆՉԱՑՆԵԼՈՎ,որովհետև հինը ազգի/քաղաքի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ մի մասն ու վկան է,որի հետ ԲԱԶՈՒՄ մարդկանց զգացումներ են կապված:
ԱՊՇԵԼ կարելի է,որ նախագիծը հաստատում է ոչ թե Կապանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժինը,այլ ՄԱՍՆԱՎՈՐ ԶՊՄԿ-ը: Հետո՞ ինչ ով է ֆինանսավորում: Ով՞ է կառավարում Կապանը. քաղաքապետարանը,թե՞ ՄԱՍՆԱՎՈՐ մի հանքի ղեկավարություն:
Մարզպետարանի շենքի մոտի այդ 9-հարկանի շենքի տգեղ ու գույնզգույն բալկոններն էլ պիտի կարգավորել ու ԱՄԲՈՂՋ քաղաքում ԱՐԳԵԼԵԼ շենքից-շենք ու պատշգամբներից դուրս լվացքի թառերը:
Մոռացա ավելացնեմ. ըստ փորձագետների,գույնզգույն շատրվանները ոչ թե հանգստացնում,այլ գրգռում են մարդու ներվային համակարգը. հատկապես երբ պարբերաբար ես այն տեսնում:Ուստի ՄԻԱՅՆ տոնական օրերին պիտի գույնզգույնը օգտագործել: