Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկացած կին պլանավորում է իր հղիությունը». Գինեկոլոգը՝ հակաբեղնավորիչների մասին

Սեպտեմբեր 26,2013 18:34

 

26-ամյա Լիանան արդեն չորս տարի է, ինչ հակաբեղնավորիչներից  կիրառում է ներարգանդային պարույրը: Առաջին անգամ ծննդաբերել է 6 տարի առաջ: Առաջիկա մեկ տարվա ընթացքում չի պատրաստվում մայրանալ.  «Ես շատ դժվարությամբ եմ ծննդաբերել, խնդիրներ կային կազմվածքիս պատճառով: Տղաս էլ շատ չարաճճի փոքրիկ դարձավ, հազիվ եմ հասցնում նրա ետևից: Այժմ 5 տարեկան է:  Նախատեսում եմ երկրորդ երեխայիս ունենալ ամենաշուտը երկու տարի հետո, որ գոնե տղաս մի քիչ խելոքանա, իսկ ես ֆիզիկապես կարողանամ երկուսի մասին էլ հոգ տանել»,-ասում է նա:

Հղիությունից խուսափելու, աբորտների չդիմելու համար խորհուրդ է տրվում օգտագործել հակաբեղնավորիչներ, սակայն դրանք բոլորն էլ  100% արդյունավետ և   հուսալի չեն: Մանկաբարձ-գինեկոլոգ Անահիտ Անանյանի խոսքով՝ գոյություն ունեն հակաբեղնավորիչների տարբեր տեսակներ: Դրանք լինում են դեղահաբերի, ներարգանդային պարույրի տեսքով, ինչպես նաև՝ պահպանակներ, անավարտ սեռական հարաբերություններ,   կնոջ արգանդափողերի ստերլիզացիա (վերջինս վիրահատական միջամտություն է պահանջում և անդառնալի է.  այդ միջոցին դիմելու դեպքում կինը այլևս հղիանալու հնարավորոււթյուն չի ունենում) և այլ: Անահիտ Անանյանը նշում է՝ հետագայում խնդիրներից խուսափելու համար շատ կարևոր է հակաբեղնավորիչների ընտրությունը.  «Կողմնորոշվելու համար, թե ինչ հակաբեղնավորիչ օգտագործել, նախ և առաջ կինը պետք է դիմի գինեկոլոգի, անցնի համապատասխան հետազոտություններ և ինդիվիդուալ ընտրի հակաբեղնավորիչը, քանի որ ինչպես բոլոր դեղամիջոցները, այնպես էլ հակաբեղնավորիչները ունեն հակացուցումներ, որոնք լինում բացարձակ և հարաբերական »,-ասում է նա:

Գինեկոլոգի խոսքով` հակաբեղնավորիչների պարագայում  բացարձակ  հակացուցումներն են թրոմբոէմբոլիկ հիվանդությունները, սիրտ-անոթային և գլխուղեղի ծանր հիվանդությունները, լյարդի ֆունկցիայի ախտահարումը, կաթնագեղձի և սեռական օրգանների չարորակ նորագոյացությունները, շաքարային դիաբետի ծանր ձևերը, անհատական անտանելիությունը: Իսկ հարաբերական ցուցումներն են     ծխախոտամոլությունը, հիպերտենզիան, վարիկոզ հիվանդությունը, Էպիլեպսիան, միգրենը, կնոջ անամնեզում հղիության հիպերտենզիան, լեղապարկի, լյարդի, երիկանների քրոնիկական հիվանդությունները, նաև այն հանգամանքբը, որ կնոջ տարիքը 40-ից բարձր է:  Սակայն, ինչպես նշում է գինեկոլոգը, դա վերաբերում է միայն հորմոնալ հակաբեղնավորիչներին: Իսկ ինչ վերաբերում է անավարտ սեռական հարաբերություններին, գինեկոլոգը նշում է. «Դա խիստ հակաֆիզիոլոգիական է և ծանր է անդրադառնում  թե՛ կնոջ, թե՛ տղամարդու առողջության վրա »:

 

Անահիտ Անանյանի խոսքով՝ ամենատարածված հակաբեղնավորիչները  պահպանակն է և ներարգանդային պարույրը (спираль), որը ներդրվում է արգանդ. «Դա  խոչնդոտում է ձվաբջջի բեղնավորմանը, կամ բեղնավորված ձվաբջջի թափանցմանը և ներդրմանը արգանդի լորձաթաղանթ: Սա նույնպես ունի իր հակացուցումները: Չի կարելի կիրառել սեռական օրգանների սուր և ենթասուր բորբոքային հիվանդությունների դեպքում,  դաշտանային ցիկլի խանգարումների դեպքում,  նաև արգանդի զարգացման արատների, նեղուց-պարանոցային անբավարության դեպքում»,-ասում է նա: «Կուզեի նաև նշել, որ այս ամենից  բացի՝ հորմոնալ հակաբեղնավորիչները ունեն նաև  բուժական և կանխարգելիչ ազդեցություն, ինչպես նաև իջեցնում են սեռական օրգանների մի շարք հիվանդությունների առաջացման հավանականությունը, ինչպիսիք են՝ բորբոքային հիվանդությունները, ձվարանների բարորակ և չարորակ նորագոյաթյունները արգանդի միոմա քաղցկեղը, կաթնագեղձի բարորակ նորագոյաթությունները»,-հավելում է մանկաբարձ-գինեկոլոգը:

Հարցին, թե ըստ նրա, հակաբեղնավորիչների կիրառումը  ևս կարող է նպաստել նրան, որ ծնելիության ցուցանիշը զգալիորեն նվազի, Անահիտ Անանյանը պատասխանում է.  «Հակաբեղնավորիչների օգտագործումը նպաստում է աբորտների թվի պակասին, բայց ոչ ծննելիության, քանի որ ներկայումս ցանկացած կին պլանավորում է իր հղիությունը»:

Նազենի Բաղդասարյան

 

Հ.Գ. Այսօր հակաբեղնավորման   համաշխարհային օրն է: Տոնն ընդունվել է 2007  թվականին վերարտադրողական առողջության հարցերով զբաղվող մի  շարք կազմակերպությունների նախաձեռնությամբ: Օրվա նպատակը չպլանավորված  հղիության խնդիրներին  մեծ ուշադրություն հրավիրելն է, ինչպես նաև  նվազեցնել դրանց թիվը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30