Այսօր Գյումրու «Ստիլ» պատկերասրահում բացվեց «Երկրաշարժ, որը ցնցեց մեդիան» խորագրով շրջիկ ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր «Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնի (նախկին Ինտերնյուս մամուլի աջակցության հ/կ) կողմից`«Լրատուն. մեդիա թանգարան» նախագծի շրջանակներում:
Ինքնատիպ ձեւաչափով այս ցուցահանդեսը նվիրված էր տարբեր լրատվամիջոցների, լուսանկարիչների, հեռուստատեսային ու կինովավերագրողների կողմից 1988թ-ի Սպիտակի երկրաշարժի լուսաբանմանը:
«Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանն իր ելույթում «Լրատու» թանգարանի գոյությունը կարևորեց նրանով, որ մարդիկ հնարավորություն ունենան տեսնելու, թե ինչպես են լրատվամիջոցները աշխատել տարբեր իրադարձությունների լուսաբանման ժամանակ, այն իրադարձությունների, որոնք ցնցել են աշխարհը:
«Ես զրուցեցի իմ կոլեգաների հետ, շատերը խոսում են այն մասին, որ այս էքսպոնատը չկա, շատ բան չկա, որովհետև սա առաջին քայլն է, և այս ցուցահանդեսը մուլտիմեդային է, ինտերակտիվային է, իսկապես նրա համար է, որպեսզի առաջին հերթին կարողանանք մոդելը ստեղծել, որը մեր կարծիքով՝ մի քիչ նոր է մեր հասարակության համար և փորձում է մարդկանց հրավիրել մեդիան հասկանալու: Սա առաջին հերթին երիտասարդ սերնդի համար է», -ասաց Նունե Սարգսյանը:
Կարդացեք նաև
Ի դեպ, նա ներողություն խնդրեց երկրաշարժի տեսարաններով մարդկանց նորից տխրեցնելու համար: «Պատկերասրահի ղեկավարը`Արտուշ Մկրտչյանը, ով մեզ հրավիրեց այստեղ , ասաց` ինչո՞ւ եք մարդկանց տխրեցնում, հերիք չէ՞ նրանք տխրեն, ուզում եմ ներողություն խնդրել, եթե մենք տխրեցնում ենք, բայց կարծում եմ, որ այս ցուցահանդեսը ուրիշ մտածություն ու ուրիշ մոտեցում կբերի այս ամեն ինչին», -ասաց Նունե Սարգսյանը:
Նա շեշտեց, որ փոքր մաս են ցուցադրում ցուցահանդեսից, քանի որ այն մուլտիմիդային է, հիմնական տեղեկատվությունը համակարգչի մեջ է:
Ըստ «Լրատու» նախագծի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանի, իրենք սովետական ու արտերկրում տպագրված նյութերից ու երկրաշարժի ժամանակ կատարված լուսանկարներից ընտրել են ամենաբնորոշները: Այստեղ տեղ էին գտել այնպիսի լուսանկարներ, որոնք կատարվել են ավերիչ երկրաշարժից ընդամենը 15 րոպե անց:
«Շնորհակալություն բոլոր լուսանկարիչներին, մեզ տրամադրել են լուսանկարների բնօրինակները, ովքեր որ պահպանել են: Մի հանգամանք ևս պարզեցի, որ մենք գործ ունենք մի տեսակ անցյալ կորուսյալի հետ: Ընդամենը 25 տարի է անցել, շատ նյութեր կան, որոնք այսօր հնարավոր չէ ճարել», -ասաց Վահրամ Մարտիրոսյանը:
Ցուցահանդեսի տաղավարներին հայկական ու սովետական ռուսալեզու պարբերականների երկրաշարժյան լուսաբանումները փակցնելուց զատ, հեռուստաէկրանին ցուցադրվեցին հարցազրույցներ լրագրողների, անվանի լուսանկարիչների վավերագրողների հետ, օրինակ` Վահագն Քոչարի, Մարտին Շահբազյանի հետ, ովքեր պատմում էին իրենց հույզերն ու ապրումները:
Ցուցադրվող ֆիլմում լուսանկարիչներից մեկը պատմում էր, թե ինչպես չի կարողացել լուսանկարներ անել աղետի գոտում, ինչ ծանր ապրումներ է ունեցել, երբ տեսել է մի ցելոֆան, որի մեջ եղել են երեխաների կտրված ձեռքեր: Նա, այս ամենը պատմելիս, հոնգուր-հոնգուր լաց էր լինում:
Իհարկե, այս դժբախտության մեջ կար նաև հումոր, երկրաշարժը վավերագրողներից մեկն էլ պատմում էր, թե ինչպես է հոգնել, այլևս չի դիմացել ու դատարկ դագաղ գտնելով, մտել է մեջը:
Նշենք, որ այս ցուցահանդեսին մասնակցում էր նաև «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը մեզ հետ զրույցում ևս պատմեց իր ծանր ապրումները երկրաշարժի մասին, երբ իր ու մոր`տիկին Վարդիթերի հետ եկել են աղետի գոտի:
Րաֆֆի Հովհաննիսյանը, այստեղ կանգնեցնելով Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանին, ձեռքով բարևեց նրան:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Էդ Արտուշը գրադարնների տնօրենը չէ, ձեռքի հետ էլ Ստիլում բաներ -մաներ կենե? թող գրադարանավարներին տեր էղնի, որ աշխատավարձերը չիջեցնեն, թե չէ էդ ձևական բաներից կուշտ ենք, դե Բալասանյանից ինչ պետք է սովորի-դատարկ գործեր և միայն նկարահանումներ, որոնք քողարկոըւմ են իրենց անգործությունը