Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահը քաջարանցիներին մաղթել է հույս եւ հավատ ապագայի նկատմամբ. (Տեսանյութեր, Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 26,2013 17:42

Այսօր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը Քաջարան քաղաքի անվանակոչման 55-ամյակի տոնական հանդիսությանը մասնակցելու ժամանակ քաջարանցիներին մաղթել է քաջառողջություն, երջանկություն եւ ամենակարեւորը՝ հույս եւ հավատ ապագայի նկատմամբ:

PrevPhoto
NextPhoto

«Մենք հինավուրց ժողովուրդ ենք, ունենք հազարամյա քաղաքներ եւ հաղթահարելով պատմության փորձությունները հասել ենք 21-րդ դար:  Շատ հաճախ հարց է առաջանում, ինչի՞ շնորհիվ մենք կարողացանք հասնել այսօրվան, եւ պատասխաններից մեկը հետեւյալն է սիրելի՛ քաջարանցիներ, որ ունենալով հզոր պատմական անցյալ, մեր ժողովրդի, մեր հասարակության լավագույն մասը միշտ նայում է ապագային:  Եւ ահա այդպիսի դրսեւորումներից մեկը Քաջարանի կոմբինատի ստեղծումն է եւ Քաջարան քաղաքի հիմնադրումը, ու փառք Աստծո, որ այսօր էլ Քաջարան քաղաքը հանդիսանում է մեր հանրապետության ամենաբարեկեցիկ քաղաքներից մեկը, իսկ Քաջարանի կոմբինատը՝ մեր տնտեսության հսկան», – ասաց Սերժ Սարգսյանը:

Նախագահը շնորհակալագրերով, մեդալներով պարգեւատրեց Քաջարան քաղաքի երեք նվիրյալ քաղաքացիներին՝ կոմունալ տնտեսության, հանքարդյունաբերության ու առողջապահության ոլորտներից:

Արցախյան գոյամարտում մեծ մասնակցություն ունեցած  Քաջարան քաղաքը եւս անակնկալ ուներ նախագահի համար: Քաջարանում հիմնադրված քաղաքապետի հուշամեդալի առաջին օրինակը Քաջարանի քաղաքապետը հանձնեց հենց նախագահին:

Քաջարանի տոնակատարությանը մասնակցելու էին եկել հյուրեր հանրապետության տարբեր տարածաշրջաններից եւ արտերկրից: Քաջարանցիներին շնորհավորելու էր եկել նաեւ Քաջարանի բելառուսական եղբայր քաղաք Ժոդինոյից ժամանած պատվիրակությունը:

Ամենայան Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ի օրհնության գիրը հրապարակեց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը:

Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանի խոսքով՝ հնամենի ավերակների վրա հիմնված Քաջարան քաղաքը ոչ միայն օրեցօր զարգանում է, այլեւ մրցակցում է հանրապետության  զարգացած մյուս քաղաքների հետ:

«Լեռնագործի մասնագիտությունը, կենցաղը, կրթամշակութային եւ առողջապահական հիմնահարցերը, սոցիալ-տնտեսական բազմաթիվ մտահոգությունները կազմում են մեր գործունեության առաջնահերթությունները», – հավելեց քաղաքապետը:

Այսօրվա տոնին հիշվեցին բոլոր նրանք, ովքեր քաղաքի հիմնադրման, զարգացման, պահպանման եւ պաշտպանման գործում ներդրում են ունեցել մինչեւ օրս: Իսկ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն առանձնահատուկ ընդգծեց  Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի երկարամյա տնօրեն, լեռնահանքային արդյունաբերության հմուտ կազմակերպիչ Ֆրունզե Պետրոսյանի նշանակալի ավանդի մասին, որն անմիջական ու ակտիվ մասնակցություն է ունեցել 1968թ․ Քաջարանի երկրաշարժի հետևանքները վերացնելու գործում, 1990-ականների սկզբներին՝ տնտեսական անկման տարիներին պահպանել ու զարգացրել է  կոմբինատի արտադրական հզորությունները եւ զգալի ծառայություններ մատուցել  սահմանամերձ տարածքների պաշտպանության կազմակերպման, մասնավորապես, ինքնապաշտպանական ջոկատների ու նոր ձևավորվող կանոնավոր բանակի ստորաբաժանումներին ֆինանսական և նյութատեխնիկական միջոցներով աջակցելու գործում:

2010թ.-ին է մահացել Ֆրունզե Պետրոսյանը, որը հասցրել էր մինչ այդ մասնակցել Քաջարանի 50-ամյակին: Նրա կինը՝ Ամալյա Ադամյանը, ասում է, որ իր ամուսինը բնության սիրահար էր,  ի սկզբանե մտադիր էր դառնալ արվեստագետ, քանդակագործ, ճարտարապետ, բայց կյանքի բերումով դարձավ լեռնագործ եւ նվիրվեց իր աշխատանքին: Անկեղծանում է, որ տանը շատ քիչ էին տեսնում նրան, մշտապես գործուղումների մեջ էր  եւ չէր դադարում ավելացնել իր գիտելիքները:

Վարդանուշ Պետրոսյանը տան ամենափոքրն էր, նրա ծնվելու ժամանակ հայրը բացակայում էր քաղաքից: Ասում է, որ որպես տան ամենափոքր երեխա՝ ավելի շատ արտոնություններ ուներ: Թեեւ հորը հաճախակի չէր տեսնում, բայց շնորհիվ իր ընտանիքի՝ հատկապես հոր,  ժառանգել է մարդկային մի շարք կարեւոր արժեքներ՝ ազնվություն, աշխատասիրություն, մարդկանց օգնելու ցանկություն, եւ հպարտանում է, որ պետության մասին մտածող  հայր է ունեցել:

«Այսօր մենք կրկին մեծարելու ենք մի մարդու, ով 18 տարի գլխավորել է  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ում նվիրված, սրտացավ, հեռահար գործունեությունն ուղղված էր Քաջարանի  հանքավայրի արդյունավետ շահագործմանը: Ֆրունզե Պետրոսյանը ինչպես եւ նախկինում, այսուհետ էլ լինելու է  մեր կողքին, ու գալիք սերունդների համար՝ ինչպես եւ տարիներ առաջ իմ եւ իմ հասակակիցների համար, ուղեցույց են դառնալու նրա եւ նրա նման մարդկանց կյանքն ու գործունեությունը», – Ֆրունզե Պետրոսյանի մասին իր կարծիքը հայտնեց նաեւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

Նա նաեւ քաջարանցիներին հավաստիացրեց, որ հինգ տարի հետո Քաջարանը կունենա ավելի բարեկարգ տեսք, իսկ քաջարանցիներն էլ կապրեն ավելի բարեկեցիկ կյանքով: Մարզպետն ուրախությամբ նշեց, որ այսօր Քաջարանում բացվում է  միջազգային ստանդարտներով կառուցված եւ գերժամանակակից սարքավորումներով համալրված հիվանդանոցի մասնաշենքը, որի առկայության պարագայում բնակիչները ստիպված չեն լինի այլեւս բուժում ստանալու կամ բուժզննում անցնելու  նպատակով հասնել մայրաքաղաք:

ՀՀ նախագահը Քաջարանում մասնակցեց նաեւ հիվանդանոցի շենքի, Ֆրունզե Պետրոսյանի արձանի բացման արարողությանը, այնուհետեւ մեկնեց Կապան:

Qajarani-bjshkakan-kentron

Qajarani-hivandanoc

meqena

hivandanocum

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    (Ոմն գերմանացու պատկանող) մասնավոր Քաջարանի կոմբինատի ԱՄԵՆՕՐՅԱ հանքային պայթեցումների ու ՀԱՆՔԱՅԻՆ թունավոր փոշիների ու ահռելի ճառագայթման տակ ՇԱՏ ԴԺՎԱՐ է հույս ու հավատ ունենալ ապագայի նկատմամբ: Ու սա հանրապետության «ամենաբարեկեցիկ քաղաքներից» մեկն է՞:

    Ոնց որ Բրեժնևյան ժամանակները լինեն. դպրոցականներին շարքերով շարել են,որ «նախագահին ջերմորեն ողջունեն»:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30