Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս միլիոններ աշխատել՝ Արա Պապյանի բանաձեւը

Սեպտեմբեր 26,2013 17:30

«Թուրք բարձրաստիճան դիվանագետների հետ իմ շփումները ցույց են տալիս, որ թուրքերը հասկանում են, որ Ցեղասպանությունը իրենց նախնիների ստրատեգիական սխալն էր: Նրանք այդպես էլ ասում են՝ գուցե տակտիկապես շահեցինք, բայց դա մեծ ռազմավարական սխալ էր՝ հայերին կոտորեցինք, ու քրդերը շատացել եւ հիմա քրդերն ու հայերը իրար չեն հակակշռում: Եվ հիմա նրանք ակնհայտորեն շատ բան են անում հայերի ներկայությունը Թուրքիայում վերականգնելու համար՝ քաղաքական ամենաբարձր մակարդակով»,-այսօր նման տեսակետ հայտնեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ «Հայնյուզ» մամուլի սրահում:

Պարոն Պապյանի եւ մյուս բանախոսի՝ Թուրքիայում ծնված, Ֆրանսիայում ապրած եւ այժմ հայաստանաբնակ Սարգիս Հացպանյանի բուն ասելիքը նվիրված էր Ցեղասպանության զոհերի եւ վերապրածների ժառանգների կողմից՝ իրենց պապենական ժառանգություն հանդիսացող հողի ու անշարժ գույքի նկատմամբ սեփականության ճանաչման գործընթաց սկսելու հրամայականին:

Պարոն Պապյանը մի քանի օրինակ բերեց, որոնցով ցանկանում էր ցույց տալ, թե ինչ կարգի գումարների մասին է խոսքը. «Կիլիկիո կաթողիկոսությունը Ադանայի կենտրոնում 2000 քմ խանութի տարածք է ունեցել: Հիմա մեր եկեղեցիները հանգանակություններ են մուրում, բայց եթե այդ տարածքը կարողանան վերականգնել՝ մեծ շահույթ կունենան: Եկեղեցապատկան փաստաթղթերը կան, դրանց զգալի մասը հիմա Երուսաղեմում է: Մենք երբեք լրջորեն չենք ուսումնասիրել եւ թվայնացրել այդ փաստաթղթերը: Կարելի է սկսել գործընթացը ընդամենը մեկ գույքից եւ հետո տարածվել: Եթե անգամ Թուրքիայում գործը բարեհաջող չավարտվի, ապա ներպետական ատյաններից հետո կդիմենք ՄԻԵԴ: Ասեմ նաեւ, որ մինչեւ այժմ Թուրքիայում 1000 միավորից ավելի գույք է արդեն իսկ հետ վերադարձվել՝ եւ դրանք բոլորը ո’չ Արեւմտյան Հայաստանում, այլ՝ հիմնականում Ստամբուլում եւ շրջակայքում: Մեծամասամբ՝ ֆրանսիացի իրավաբանների զբաղված գործերով»:

Իսկ ինչ է պետք անել այդ գործընթացը սկսելու համար՝ քայլ առ քայլ՝ այս հարցին պարոն Պապյանը պատասխանեց այսպես. «Առաջին հերթին պիտի ստեղծվեն գրասենյակներ, որոնցում կհավաքվեն իրավաբաններ, պատմաբաններ, արխիվագետներ, որոնք նորմալ կվճարվեն, գուցե՝ սկզբի համար պետության կողմից: Ապա պետք է կոչով դիմել անհատ մարդկանց, որ հավաքվեն թղթերը, արխիվները, ինչպես արդեն ասացի՝ աղբյուրները երկուսն են  անձնական արխիվներ եւ համայնքային արխիվներ: Ապա պետք է մարդիկ գործուղվեն աշխարհի տարբեր արխիվներ, այդ թվում՝ եկեղեցիներ, ապա պետք է ամբողջ տեղեկատվությունը մեկտեղվի, դասակարգովի եւ առանձնացվեն այն միավորները, որոնց հաղթանակը ավելի հնարավոր է: Որից հետ կարելի է սկսել դատավարական պրոցեսը»:

Սակայն պարոն Պապյանը չի բավարարվում միայն Թուրքիայում մեր կորցրածը վերականգնելով, նա այլ պլաններ էլ ունի. «Թուրքիայի մասին ենք խոսում, բայց մոռանում ենք, որ Բաքու եւ Թիֆլիս ենք կորցրել: Այդ քաղաքներում հայերը հսկայական գույք ունեն: Մանթաշովի արձանը կանգնեցրեցին, Մանթաշովի թոռանը բերեցին: Այդ արձանի փոխարեն թոռանից կարելի էր վերցնել լիազորագիր եւ դատավարություն սկսել Ալեքսանդր Մանթաշովի նավթահորերը վերադարձնելու համար:  Բաքվի հին քաղաքի անշարժ գույքի 44%-ը հայապատկան է եղել, պետք է զբաղվել դրանցով: Ամերիկացիներիը 1 մլն դրամի օգնություն են տալիս՝ ուրախանում ենք, ռուսները 150 մլն խոստացան՝ ծախվեցինք: Բայց դա ինչ փող է որ՝ նրա համեմատ, ինչ կարող ենք ունենալ»:

Նա նկատեց, որ դա 150 մլն դոլարը չնչին գումար է՝ համեմատած Ստամբուլի Գիզի զբոսայգու հետ, որը Ստամբուլի ամենակետրոնական հատվածում է գտնվում, հայապատկան տարածք է եղել եւ ունի 850 հազար քմ մակերես, ու շուկայական արժեքով մոտավորապես 2,5-3 մլրդ դոլար կարժենա՝ «մեր ամբողջ բյուջեի չափ»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30