Լրահոս
Օրվա լրահոսը

Սաակաշվիլի․ «Ռուսաստանը շահագրգռված չէ, որ իր հարևանությամբ կայունություն հաստատվի»

Սեպտեմբեր 26,2013 16:19

«Ազատություն» ռադիոկայան. Եվրասիական միության միջոցով Մոսկվայում հույս ունեն պահել Խորհրդային Միության բեկորները, ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Վրաստանի նախագահը:

Չորեքշաբթի երեկոյան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ելույթ է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին` քննադատության ենթարկելով Ռուսաստանի քաղաքականությունն ու հայտարարելով, թե տարածաշրջանի երկրները աննախադեպ ճնշման տակ են հայտնվել Խորհրդային Միությունը վերականգնելու Ռուսաստանի հավակնությունների պատճառով:

Վրաստանի նախագահի խոսքով` Եվրասիական միության միջոցով Մոսկվայում հույս ունեն պահել Խորհրդային Միության բեկորները և թույլ չտալ, որ այդ երկրները Եվրամիությանը մերձենան և դառնան լիարժեք անկախ պետություններ:

Այդ պատճառով, Արևելյան Եվրոպայի երկրները գտնվում են Ռուսաստանի հսկայական ճնշման և սպառնալիքների տակ, հայտարարել է Սաակաշվիլին և հավելել. – «Հայաստանին, օրինակ, անկյուն են քշել և ստիպել են ստորագրել Մաքսային միությանը միանալու փաստաթուղթը, որը ոչ այդ պետության շահերից է բխում, ոչ էլ մեր տարածաշրջանի»:

«Մոլդովան շրջափակված է, Ուկրաինան մշտական ճնշման տակ է, Ադրբեջանը ևս աննախադեպ ճնշումների է ենթարկվում, իսկ Վրաստանը օկուպացված է, ինչո՞ւ», – հարց է հնչեցրել Վրաստանի նախագահն ու ինքն էլ պատասխանել. – «Որովհետև հին կայսրությունը փորձում է իր երբեմնի սահմանները վերականգնել, չնայած կայսրությունը` լինի դա ցարական Ռուսաստանը, Խորհրդային Միությունը, Ռուսաստանի Դաշնությունը, սահմաններ չունի, այլ ունի միայն ծայրամասեր: Եվ ի տարբերություն շատ այլ երկրների՝ Ռուսաստանը շահագրգռված չէ, որ իր հարևանությամբ կայունություն հաստատվի»:

«Հարևան երկրները մշտապես ցնցումների մեջ են, որը Կրեմլն է հրահրում», – հայտարարել է Սաակաշվիլին` բերելով հարավկովկասյան հակամարտությունների օրինակը. – «Կարծում եք` Վլադիմիր Պուտինը ցանկանո՞ւմ է, որ Հայաստանը վերջնական հաղթանակ տանի Ադրբեջանի նկատմամբ: Իհարկե` ոչ, այդ հաղթանակը Հայաստանին կդարձնի չափազանց ուժեղ և չափազանց անկախ: Կարծում եք, հակառակը, Մոսկվան ձգտում է նրան, որ Բաքո՞ւն հաղթանակ տանի Երևանի նկատմամբ: Ակնհայտ է, որ կրկին ոչ․ Ադրբեջանի այսօրվա աճն ու արդիականացումը Ռուսաստանի ղեկավարության մղձավանջն են»:

Սաակաշվիլին շարունակել է օրինակներ բերել, նշելով, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի կառավարությունը գտնվում է Ռուսաստանի մշտական ճնշման տակ` Վիլնյուսում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամության պատճառով:

Սաակաշվիլիի ելույթի ժամանակ ՄԱԿ-ի վեհաժողովի դահլիճը ցուցադրաբար լքել են Ռուսաստանի պատվիրակները` այդպիսով հայտնելով իրենց անհամաձայնությունը Վրաստանի նախագահի հնչեցրած գնահատականներին: Իսկ նրա ելույթից հետո ՄԱԿ-ում Ռուսաստանի պատվիրակությունը բավական կոպիտ ձևակերպումներով հայտարարություն է տարածել, որում Սաակաշվիլիի ելույթը անվանել է զառանցանք՝ շեշտելով, թե Վրաստանի նախագահը չնայած հայտնի է իր հակառուսական հայտարարություններով, սակայն այս մեկն արդեն ռուսատյաց բնույթի էր:

«Վրացի ժողովրդի համար բարեբախտաբար` մոտ է այդ մարդու քաղաքական կարիերայի մայրամուտը, ում հոգեկան վիճակը մասնագետների գնահատականի կարիքն ունի», – ասված է ՄԱԿ-ում Ռուսաստանի պատվիրակության հայտարարությունում:

Տաթեւիկ Լազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30