Լրահոս
Օրվա լրահոսը

Դերասանուհի. «Ե՞ս նվաճեցի նրան, թե՞ ինքը` ինձ» (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 26,2013 15:58
PrevPhoto
NextPhoto

Երեկ Դերասանի տանը Ագնեսա Շահնազարյանը հանդես եկավ «Պենելոպե» մոնոներկայացմամբ՝ ըստ Կարինե Խոդիկյանի համանուն պիեսի:

Ագնեսայի Պենելոպեն ուժեղ, խորամանկ, հարուստ ներաշխարհով, շքեղ կին էր, ամուսնուն սիրող, բայց վիրավորված ինքնասիրությամբ կին, որ կրում է հերոսի կին լինելու բոլոր դափնիներն ու տառապանքները:

Դերասանուհու խաղը տպավորիչ էր, Ոդիսեւսին նրա քսանամյա սպասումը՝ համոզիչ: Այս յուրատեսակ Պենելոպեն հաճախ ինքնածաղրանքով է խոսում, ու նաեւ սարկազմով արտահայտվում ողջ աշխարհի ու աստվածների մասին:

Ուշագրավ է Ոդիսեւսի հետ հանդիպման պահը, որ նկարագրում է Պենելոպեն «Հրամայեցի բերել ոսկեզօծ թասը, հոտավետ յուղերն ու տաք ջուր: Հասկանալով, ու պատրաստվում եմ ոտքերը լվանալ, փորձեց խույս տալ, քիչ մնաց` հյուրասենյակից փախչեր: Ի դեպ, էպոսում իբր նրա ոտքերը դայակն է լվացել… Չհավատա´ք: Ե´ս ծնկի իջա ու լվացի նրա գոսացած, սպիներով ծածկված ոտքերը, որոնց վրա դրոշմվել էր Տրոյայի փոշին ու… Կալիպսոյի բույրը: Մատներիս մեջ արթնացած կարոտը շերտ-շերտի ետևից մաքրում էր անառակ ամուսնուս վերադարձի պարտություններն ու հաղթանակները… իսկ հետո ձեռքերս դանդաղ, շա՜տ դանդաղ սկսեցին սողալ վերև: Չէի նայում նրան, միայն լսում էի անկառավարելի դարձող շնչառությունը: Ե՞ս նվաճեցի նրան, թե՞ ինքը` ինձ… Ես համբուրում էի նրա կեղտաբույր դեմքը, նա լիզում էր անուշահոտ մարմինս…Հավատացած եմ` աստվածներն այդ պահին նախանձից մեռնում էին ու նաև հռհռում էին` փորները բռնած: Ա՜յ թե տեսարան էր. անառիկ Պենելոպեն տրվել է թափառական մուրացիկին, իսկ Ոդիսևսը պառկել է իրեն դավաճանող կնոջ հետ»:

Մոնոներկայացումը բեմադրել է ճանաչված ռեժիսոր Վահե Շահվերդյանը: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Շահվերդյանը նշեց, որ «Պենելոպեն» մոնոբեմադրություն անելու իր առաջին փորձն է, ու ինքը գոհ է արդյունքից: «Շատ մտահոգ էի Ագնեսայի ճակատագրով, տաղանդավոր դերասանուհի է, բայց գործ չէր անում: Իսկ Կարինե Խոդիկյանի այս պիեսը հարմար էր: Եվ ինքս ինձ ստուգեցի՝ կարո՞ղ եմ, արդյոք, մոնոներկայացում անել, բոլոր դեպքերում սովոր եմ մասսայական, մասշտաբային ներկայացումների: Ի դեպ, ձեւավորումը եւ բեմադրությունը ես եմ մտածել՝ Ագնեսայի հետ միասին: Նախ ինքս ինձ ապացուցեցի, որ մոնոբեմադրություն էլ կարող եմ անել: Ինչ վերաբերում է Ագնեսային, սա նրա ստեղծագործական որոշակի փուլի հանրագումարն էր, որը հաջողությամբ պսակվեց: Երբ երկարատեւ ընդմիջումից հետո Ագնեսան այստեղ երեկ փորձ արեց, ես ապշած մնացի, թե ինքը ինչքան է հասունացել, գրեթե խաղացած չլինելով այս տարվա ընթացքում»,-հայտնեց մեր զրուցակիցը:

Իսկ ինչո՞ւ հենց Ագնեսային տեսավ Պենելոպեի կերպարում:

«Ագնեսա Շահնազարյանը հրաշալի ձայն ունի եւ ներքին զգացողություն: Կապ չունի՝ երիտասարդ է, ինքը ուժեղ եւ ամուր է: Անգամ հիմա մտածում եմ ապագայում Մեդեա բեմադրել նրա համար»,-նշեց ռեժիսորը:

Ագնեսա Շահնազարյանը հայտնեց, թե այժմ այնպիսի զգացողություն ունի, որ երկու տարի առաջ չի ունեցել. «Հիմա ուրիշ բան եմ զգում, բառերով չեմ կարող ասել: Ամեն նախադասությունն արտասանելիս՝ ես հասկանում էի, ինչ եմ խոսում, ինչը դերասանի համար կարեւոր է» :

Մոնոներկայացումը դիտելու էր եկել Ամենայն հայոց թատրոնի տիկին Վարդուհի Վարդերեսյանը: Նրա հետ բոլորը սիրով լուսանկարվում էին, իսկ Վահե Շահվերդյանը դահլիճում ասաց, որ իր գլխավորությամբ խնդրել են, որպեսզի դերասանուհին խաղա իրենց նախագծում:

Վարդուհի Վարդերեսյանը Aravot.am-ի հետ զրույցում Ագնեսա Շահնազարյանին բնորոշեց որպես շնորհալի դերասանուհի, որը կարող է ավելին անել, իսկ մոնոներկայացումը՝ գունեղ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30