Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաչիկյանի գործով» կալանավայրից դատարան բերված վկան առանց պաշտպանի էր (Տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2013 15:30

Xachikyan_0102 Xachikyan_0103

Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ռուբեն Մնացականյանն այսօր դատակոչվել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Վազգեն Խաչիկյանի եւ սոցիալական ծառայության մի խումբ աշխատակիցների գործով, որպես վկա: Այս գործից առանձնացված մասով դատական քննությանը, որը ընթանում է Գյումրիում, նա մեղադրյալ է:

Ռուբեն Մնացականյանը Գյումրիի սոցիալական ծառայության վճարումների բաժնի պետն է եղել, մեկնաբան Նվեր Մնացականյանի եղբայրն է:

Այս վկան դատարանում հարցաքննվեց առանց պաշտպանի, առանց իր ներկայացուցչի, եւ դատավարության կողմերը նման բացթողումի վրա ուշադրություն կարծես չդարձրին:

Նա ասաց, որ ճանաչում է ամբաստանյալներից շատերին, մեկն էլ իր 51 «կամեռի» ընկերն էր եղել:

Ռուբեն Մնացականյանին կանչել էին դատարան՝ կապված մի դրվագի հետ, այն է՝ 29 միլիոն դրամը ինքն է փոխանցել Վազգեն Խաչիկյանին, թե սոցիալական ծառայության պետը՝ Էդուարդ Վարժապետյանը:

Այս դրվագի հետ կապված՝ վկան ասաց, որ ինքը չի փոխանցել, որ իր ու Վարժապետյանի միջեւ էլ գումարի հետ կապված խոսակցություն չի եղել:

Դատավոր Մխիթար Պապոյանը մեղադրող Հովհաննիսյանի միջնորդությունը բավարարեց եւ հրապարակեց վկայի նախաքննության ժամանակ տրված ցուցմունքը: Համաձայն այս ցուցմունքի, վկան ու Վարժապետյանը գալիս են Երեւան՝ Խաչիկյանի մոտ: Սկզբում Խաչիկյանի աշխատասենյակ է մտնում Է.Վարժապետյանը, ապա՝ ինքը: Վարժապետյանն իր ներկայությամբ Խաչիկյանին հարցնում է՝ ի՞նչ եղավ 29 միլիոն դրամը: Խաչիկյանն ասում է՝ ստուգումները կավարտվեն, կպատասխանի:

Երբ դուրս են գալիս Խաչիկյանի աշխատասենյակից, ըստ նախաքննության ցուցմունքի, Ռուբեն Մնացականյանը հարցնում է՝ ինչո՞ւ բերեցիր Խաչիկյանի մոտ, որ հարցնես, գումարը տվե՞լ ես: Էդուարդ Վարժապետյանը պատասխանում է՝ այո:

Հրապարակումից հետո վկան խնդրեց նախագահողից, նայել իր ձեռագիրը: Երբ վերցրեց իր ցուցմունքը, նախ հաստատեց, որ դա իրենն է, ապա ասաց, որ գրվածը ճիշտ է:

Հաջորդ վկան Սուրեն Մարտիրոսյանն էր: Նա քրոջ ամուսնու կենսաթոշակի հետ կապված էր ճանաչվել վկա:

Քրոջ ամուսինը ԱՄՆ էր գնացել 1992թ.-ին, այնտեղ մահացել էր, մինչ մահն էլ Հայաստան չէր եկել:

Շենգավիթի տարածքային բաժնից, սակայն, հանգուցյալը կենսաթոշակ էր ստացել:

Դատավորը հրապարակեց 11 վկաների նկատմամբ բերման ենթարկելու մասին որոշման հետ կապված ոստիկանության բաժիններից ստացված պատասխանների մասին:

Որոշվեց բերման ենթարկել ոչ միայն այս տասնմեկին, որոնք չէին հայտնաբերվել, այլ եւս 20 վկայի:

Ամենաարտառոց բերման ենթարկվածը կարող էր, թերեւս, լիներ Մարգարիտա Գաբուզյանը, եթե քսան տարի առաջ Հայաստանից հեռացած չլիներ:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 3-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30