«Շատ երկրներում ծնունդ եւ աբորտ փոխհարաբերության ցուցանիշը կազմում է մեկը` մեկին, Հայաստանում 88-90-ական թվականներին էր այդպիսի ցուցանիշ, իսկ հիմա 5 ծնունդին 1 աբորտ է գրանցվում»- այսօր «Հենարան» ակումբում, հակաբեղմնավորման միջազգային օրվա առիթով, առողջապահության նախարարության Մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանն այսպիսի ցուցանիշներ ներկայացրեց:
Նա խոսելով հակաբեղմնավորիչների կարեւորության մասին, ասաց, որ կան ավանդական եւ ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցներ. «Ավանդական միջոցները դրանք պատնեշային միջոցներն են, երբ կինը տարբեր դեղաբույսեր, քիմիական նյութեր, հարաբերությունից առաջ դնում էր հեշտոց, որպեսզի կանխարգելեր հղիությունը: Ժամանակակիցը` հաբեր, մոմիկներ, գելեր, ինչու չէ, նաեւ պահպանակ, որն այսօր աշխարհում մեծ պահանջարկ ունի»:
Անդրադառնալով այդպիսի հակաբեղմնավորման միջոցներին, որոնք այլեւս կնոջը հնարավորություն չեն տալու հղիանալ, Գայանե Ավագյանը նշեց, որ կամավոր ստերիլիզացիայի դեպքում, օրինակ` կնոջ փողերը կապում են: Այս եղանակով Հայաստանում կանանց 1 %-ն է պաշտպանվում հղիանալուց: Այս մեթոդը կիրառում են միայն այն դեպքում, երբ կինն արդեն ունի 3-4 երեխա եւ այլեւս չի ցանկանում մայրանալ:
Տիկին Գայանեն ներկայացրեց Հայաստանում 2000, 2005 եւ 2010 թթ իրականացրած առողջապահական, ժողովրդագրական հետազոտությունների արդյունքները, որոնց համաձայն, հարցումներում ընդգրկված 15-49 տարեկան 5000-ից ավել կանանց 98%-ը իմացել է որեւէ ժամանակակից հակաբեղմնավորիչի մասին: Սակայն, բժշկի խոսքերով, 2010-ին հակաբեղմնավորիչ միջոցներ են օգտագործել հարցվածների 55%-ը, որից 27%-ը օգտագործել է ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցներ:
Կարդացեք նաև
Տիկին Ավագյանը տեղեկացրեց, որ հորմոնալ միջոցներով անցանկալի հղիությունը կանխելու կանանց վախը տեղին չէ, քանի որ այն չի կարող ծանր հետեւանքներ առաջացնել կնոջ համար:
«Անցանկալի հղիությունից խուսափելու, աբորտների չդիմելու կարեւոր պայմանը, դա հակաբեղմնավորիչ միջոցների գրագետ օգտագործումն է, որը պահպանում է կնոջ վերարտադրողական առողջությունը»,-ասաց Գայանե Ավագյանը, բերելով վիճակագրական տվյալներ տարածաշրջանային երկրներից: Հակաբեղմնավորիչներ օգտագործելով, Հայաստանը առաջ է Ադրբեջանից, մոտ է Վրաստանին, բայց զիջում է Մոլդովային, Ուկրաինային, Ղազախստանին: Ըստ տիկին Ավագյանի, ինչը նշանակում է, որ այս մշակույթը դեռեւս չի արմատավորվել եւ լայն տարածում չի գտել Հայաստանում:
Խոսելով աբորտների մասին, տիկին Ավագյանը նշեց, որ 2000 թվականին աբորտների գումարային գործակիցը եղել է 2,6, այսինքն` կինն իր վերարտադրողական կյանքի ընթացքում կարող էր ունենալ 2,6 աբորտ, 2005 թվականին այդ թիվը դարձել է 1,8, 2010-ին՝ 0,8, որը ցույց է տալիս, որ 3 անգամ աբորտների թիվը նվազել է:
2000 թվականին էլ` 100 հղիությունից 38-ը ծննդաբերել է, իսկ 2010-ին` 100 հղի կանանցից 63-ն է ծննդաբերել:
Հայաստանում ծնելիության պիկը 20-25 տարեկան հասակն է, իսկ աբորտների պիկը` 25-29 տարեկան:
«Ուրախալի փաստ է, որ հայ կանայք 1-2 երեխայից հետո են դիմում աբորտի»,-փաստեց տիկին Ավագյանը:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ