Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը մշակում է շինարարության ոլորտը խթանելու ծրագիր

Սեպտեմբեր 26,2013 14:56

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Օտարերկրացիների մասին» և ևս երկու օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնցով բավարար հիմք է ստեղծվում օտարերկրացիների հոսքը Հայաստան խրախուսելու, նրանց կողմից ներդրումների իրականացմանը նպաստելու համար: Նշելով, որ սա շինարարության ոլորտը խթանելու ծրագրի բաղկացուցիչ մասն է, վարչապետ Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «2013 թ. ցուցանիշները, որոնք հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը, վկայում են, որ շինարարության ոլորտում դեռևս մտահոգիչ գործընթացներ կան: Մասնավորապես, այս պահին արձանագրել ենք ոլորտի 8.5 տոկոսանոց անկում, և տնտեսական աճի հիմնական շարժիչները գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունն են, որտեղ աճի տեմպերը մեզ բավարարում են: Բայց շինարարությունը ճգնաժամից հետո շարունակում է իր անկման միտումը, և դա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ էլիտար բնակարանների պահանջարկը նվազել է: Մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ պահանջարկ կա էկոնոմ դասի բնակարանների նկատմամբ, բայց առաջարկը մեծ չէ: Մենք ձեռնամուխ ենք եղել մի ծրագրի մշակման, որի նպատակն է խթանել շինարարության ոլորտի ակտիվացումը: Բազմաթիվ առաջարկություններ ենք ստացել, դրանց մի մասն արդեն օրենսդրական իրացում է ստանում, մի մասը դեռևս պետք է իրականացնենք: Օրենսդրական սույն նախաձեռնությունն այս համալիր ծրագրի տարրերից է: Եթե օտարերկրացիները Հայաստանում բնակարան են ձեռք բերում, մենք նրանց համար կարճ ժամկետում ստեղծում ենք հարմարավետ միջավայր, որպեսզի այդ մարդիկ վստահ լինեն, որ արագորեն կստանան կացության վկայական և երկիր մուտք գործելու որևէ խնդիր չեն ունենա: Միջազգային փորձն էլ վկայում է, որ անշարժ գույքի ձեռքբերումը և կացության վկայականը միասին տալու դեպքում ավելի հարմարավետ պայմաններ են ստեղծվում համանման գործարքներին մասնակցելու համար: Բայց, իհարկե, մեր հիմնական թիրախը լինելու է այն, որպեսզի կարողանանք խթանել ՀՀ քաղաքացիների կողմից բնակարանների ձեռքբերումը:

Մենք սկսել ենք մի աշխատանք, որի մասին ցանկանում եմ տեղյակ պահել, քանի որ դուք բոլորդ պետք է լինեք այդ աշխատանքի մասնակիցը: 2014 թվականին մենք ուզում ենք պետական ծառայողների համար հասանելի դարձնել բնակարանները, որպեսզի նրանք ի վիճակի լինեն հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերել: Այսօր թիվ մեկ խոչընդոտն այն է,  որ հիփոթեքային ցանկացած սխեմայով կանխավճար է պահանջվում: Շատ հաճախ պետական ծառայողները չունեն կանխավճարի գումարը և չեն կարողանում բնակարան ձեռք բերել, որի արժեքը մինչև 25 մլն դրամ է: Մենք պատրաստ ենք պետական ծառայողներին տրամադրել պետական երաշխիք այդ 30 տոկոսի չափով, որպեսզի բանկերը նրանցից չպահանջեն 30 տոկոսանոց կանխավճար: Ուսումնասիրությունը, ինչպես նաև կառուցապատողների առաջարկությունները ցույց են տալիս, որ դա էապես կարող է ավելացնել պահանջարկը:

Երկրորդը, մենք պետք է կազմենք ցուցակը պետական այն ծառայողների, ովքեր ցանկություն ունեն մասնակցել այսպիսի հիփոթեքային վարկ ստանալուն: Մասնավորապես, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի գլխավորությամբ ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը ձեզ կներկայացնի համապատասխան տեղեկատվություն և տեղեկանքներ, թե ինչ հարցերի պատասխան պետք է դուք ունենաք: Ձևաթղթերը կուղարկվեն ձեզ, կլրացնեք կուղարկեք կառավարության աշխատակազմ, թե առաջարկվող պայմանների համաձայն պետական ծառայողներն ինչ պահանջարկ կներկայացնեն՝ հիփոթեքային վարկերից օգտվելու համար, հաշվի առնելով, որ պետծառայողները կարող են օգտվել այդ պետական սխեմայից:

Երրորդը, մենք դիմում ենք քաղաքապետարան` խնդրելով, որպեսզի Երևանում հարմար տարածքներ փորձենք գտնել` նպատակ ունենալով դրանք տրամադրել կառուցապատողներին, որպեսզի ավելի ցածր գներով հնարավոր լինի Երևանում կառուցապատում իրականացնել: Դա նշանակում է, որ մենք որակապես փոխելու ենք շինարարական տեխնոլոգիաները: Եթե մինչև հիմա այն շինարարական տեխնոլոգիաներով, որոնք կիրառվում են, ենթադրվում է, որ 1 քմ-ի արժեքը տատանվում է 800 դոլարի շրջանակում, մենք նպատակ ունենք մոտակա տարիներին առաջարկել կառուցապատողներին՝ կիրառել էկոնոմ դասի տեխնոլոգիաներ, որոնք էապես պետք է նվազեցնեն ինքնարժեքը: Դա նշանակում է, որ նաև հողի արժեքի առումով պետությունը պետք է օժանդակի, որպեսզի էապես նվազեն գները, որպեսզի ավելի շատ մարդիկ հնարավորություն ունենան բնակարան ձեռք բերելու: Այս աշխատանքները մենք պետք է ավարտենք մեկ ամսվա ընթացքում, որպեսզի պետական բյուջեի քննարկման ժամանակ Ազգային ժողովում կարողանանք այս ծրագիրը ներկայացնել ավելի մանրամասն, գնահատականներ ունենալով և՛ հիփոթեքային միջոցների ծավալների վերաբերյալ, և՛ պետական ծառայողների թվաքանակի, որոնք կցանկանան մասնակցել նման ծրագրերին:

Հարգելի գործընկերներ, եթե դուք կունենաք այլ առաջարկություններ, որոնք կարող են դառնալ այդ համալիր ծրագրի բաղկացուցիչ մասերը, ինչպես մենք կարող ենք խթանել, որպեսզի շինարարության ոլորտում 2013-2014 թվականների ընթացքում կարողանանք ապահովել որոշակի աշխուժություն, մենք, բնականաբար, նախարարական կոմիտեներում կքննարկենք»:

 

 

 

***

Նիստում հավանության է արժանացել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որով ուժը կորցրած է ճանաչվում այդ օրենքի 35-րդ հոդվածի մասերից երկուսը: Անդրադառնալով քննարկվող հարցին` վարչապետը մի լուրջ խնդիր է մատնանշել: Այս շաբաթ տեղի ունեցած խորհրդակցություններից մեկում քննարկվել է պետական կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություններում տիրող վիճակը: «Պարզվում է, որ կան դեռևս ձեռնարկություններ, որոնք աշխատում են վնասով, և մեր ներկայացուցիչները կամ նախարարությունները պատշաճ վերահսկողություն չեն իրականացնում, – շեշտել է Տիգրան Սարգսյանը: – Մենք պետք է էապես խստացնենք մեր պահանջները նման ձեռնարկությունների նկատմամբ. եթե պետական ձեռնարկությունն աշխատում է վնասով, անհապաղ պետք է փոխել տնօրենին: Եթե չկա հիմնավոր բացատրություն` ինչ պատճառով է պետական ձեռնարկությունը կամ պետական մասնակցությամբ ձեռնարկությունն աշխատում վնասով, դա անհապաղ պետք է դառնա մեր քննարկման առարկան: Մենք մեր պետական սեփականությունը պետք է արդյունավետ կառավարենք: Համապատասխան հանձնարարականները խորհրդակցության արդյունքում ձեզ կներկայացվեն, և համապատասխան վերահսկողական մեխանիզմներ ենք սահմանելու, որ ավտոմատ դա լինի. պետական ձեռնարկության տնօրենը պետք է իմանա` եթե ինքը վնաս է ցույց տալիս, պետք է դիմում գրի և ազատվի աշխատանքից, ուրեմն չի կարողանում պետական ունեցվածքն արդյունավետ կառավարել: Կան դեպքեր, երբ 100 տոկոս պետական ֆինանսավորում ստացող ձեռնարկություններն են վնասով աշխատում: Սա նույնպես պրոբլեմ է, որը պետք է քննարկենք, որովհետև մենք ֆինանսավորումը 100 տոկոս ապահովում ենք, և հասկանալի չէ, թե ինչու պետք է դրանք վնասով աշխատեն: Անհապաղ դա պետք է դառնա քննարկման առարկա: Կամ բյուջետային պլանավորումն է սխալ եղել, կամ սխալ կառավարում է տեղի ունենում, և բացատրություն պետք է տրվի: Մենք հիմա ունենք ամբուլատորիաներ, պոլիկլինիկաներ, որոնք անցնում են համայնքային ենթակայության, և մեկ էլ տեսնում ենք, որ սկսում են աշխատել վնասով: Մենք պետք է խնդրենք համայնքի ղեկավարներին, որպեսզի դա դարձնեն քննարկման առարկա, և եթե նրանք ի վիճակի չեն պատվիրակված ֆունկցիաներն իրականացնել, ապա ավագանիները որոշում ընդունեն և այդ սեփականությունը հանձնեն պետությանը: Հակառակ դեպքում անթույլատրելի է պարտքի կուտակումն այն ձեռնարկություններում, որոնք ստանում են 100 տոկոս պետական ֆինանսավորում, ուղղակի անթույլատրելի է, և այս որոշումն այդ շարքից է»:

 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30