Լրահոս
Օրվա լրահոսը

Հացպանյան. «Թուրքիայում աննախադեպ բան է տեղի ունենում»

Սեպտեմբեր 26,2013 14:41

«Մանկությանս ընկերը՝ Երվանդը Տիգրանակերտից, որ ուդ է նվագում, 70-ականներին լքեց ծննդավայրը, գնաց Լոս Անջելես:

Բայց անցած տարի վերադարձավ իր ծննդավայր՝ մշտական բնակության՝ անսալով Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի կոչին : Բայդեմիրը, որ կիսով չափ քուրդ եւ կիսով չափ զազա է, դիմել էր ամբողջ հայերին, ասել էր՝ ովքեր լքել են, վերադարձեք, սա ձեր երկիրն է, ավելի ձերն է, քան մերը, ասել էր որ 2500-ից ավելի բնակարան՝ պատրաստ, վերանորոգված, ձեզ են սպասում: Երվանդն էլ վերադարձավ, որովհետեւ իր ծննդավայրն է: Իմ դասընկեր Գեւորգը հայերեն է դասավանդում ուծացած հայերին նույն Տիգրանակերտում: Հայերը, որ չգիտեին, թե հայ են, կամ վախենում էին, սկսել են բարձրաձայնել: Աննախադեպ բան է տեղի ունենում: Եվ հիմա կտեսնեք՝ նույնը սպասվում է Դերսիմում, նույնը կլինի Վանում, կլսեք դրա մասին»,-այսօր «Հայնյուզ» ակումբում ասաց նախկին պոլսահայ Սարգիս Հացպանյանը:

Նա վստահ է, որ հենց Թուրքիո պետությունը եւ թուրք հասարակությունը ինքը իր ձեռքով է սկսելու հայերի եւ այդ երկրի տարածքի մյուս ազգերի՝ հույների, ասորիների, եւ այլոց խլված սեփականությունների վերադարձը: Որպես վկայություն նա ցույց տվեց մի քուրդ երիտասարդ իրավաբանի դոկտորական աշխատությունը՝ հրատարակված որպես ծավալուն գիրք, որում իրավաբանը հարց է բարձրացրել՝ ճանաչել Ցեղասպանությունը՝ հենց հայերին պատկանող հողատարածքների վերադարձի միջոցով. «Երիտասարդ քուրդ է, քսանինը տարեկան, հայերի հետ շփում չի ունեցել, մի քանի տարի առաջ լսել է ծանոթից, որ նա կադաստրից տեղեկանք է ուզել՝ իր սեփականության մասին, չեն տվել: Դա տղայի մոտ հարցեր է առաջացրել, նա ուսումնասիրություններ է սկսել եւ դոկտորական է դարձրել: Այնքան խճճված են թուրքական օրենքները կադաստրի մասին, որ իրենք էլ են ուզում պարզել, հասկանալ: 2005-ին թուրքական կադաստրը նախաձեռնեց, որ օսմանյան ժամանակների սեփականության վկայականները օսմաներեն լեզվից թվայնացնեն եւ դնեն կայք, որպեսզի մարդիկ կարողանան իրենց ինչքերը ճանաչել: Այս հայտարարությունը երկրաշարժի պես ցնցեց Թուրքիան: Սա հայերի հետ ոչ մի կապ չուներ, բայց սա ցնցեց: Անմիջապես ազգային խորհուրդը ժողով արեց եւ նամակ գրեցին, որ հանկարծ նման բան չանեք, դա Թուրքիայի անվտանգությունը խարխլող բան է: Հույները Թուրքիայում հսկայական տարածքներ ունեն պապենական՝ Կապադովկիայից մինչեւ Թրակիա, եւ այս հարցը մնում է բաց»:

Պարոն Հացպանյանը մեկ այլ դեպք էլ պատմեց. «Հինգ տարի առաջ մի քուրդ տղա, իմանալով, որ այն հողը, որի վրա իր հայրական տունն է, իրենց չի պատկանում, ուզել է իմանալ՝ ում է պատկանում: Եվ փնտրելուց հետո իմացել է, որ մի ասորիի է պատկանում: Ասելով, որ ինքն իր հոր նման չի, նոր սերունդ է, ուզել է գտնել այդ ասորուն, չի կարողացել գտնել եւ այդ հողը նվիրել է ասորական խնդիրներով զբաղվող մի կազմակերպության: Դրանից հետո ահագին մարդ, շատ մարդ, հիմնականում քրդեր, դիմել են ինձ, որ եթե կարողանանք գտնել իրենց զբաղեցրած հողատարածքի իսկական տերերին, նրանց կվերադարձնենք, եթե չգտնենք, կտանք մի հիմնադրամի: Պատկերացրեք, որ ոչ մի օրենք ու դատավարություն էլ չլինի՝ մարդկանց այս անհատական շարժը լինի, մեծ բան կփոխվի: Մի ձեռքով ծափ չեն տալիս, բայց եթե ես իմ մի ձեռքը կարող եմ քրդի ձեռքին խփել ու ծափի ձայն գա՝ ինչո՞ւ չանեմ»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30