Ընկերներիցս մեկը տարիներ առաջ այսպիսի միջադեպ էր պատմում 2003 թվականի նախագահական ընտրություններից. ընտրատեղամաս է մտնում մի մականունավոր պատգամավոր՝ մոտ տասը թիկնապահներով, բոլորին, նույնիսկ այդ պահին տեղամասում գտնվող միջազգային դիտորդներին մի կողմ է հրում, հանում է քվեարկած թերթիկների մի խուրձ եւ գցելով քվեատուփի մեջ՝ հրահանգում է հանձնաժողովի նախագահին. «Էսքան հատ էր, ոնց ուզում եք արեք՝ քվեարկածների թիվը ցուցակում համապատասխանեցրեք…»:
Հայաստանում մոտ մեկ ամիս է՝ համարյա նույն իրավիճակն է. Սերժ Սարգսյանը Մոսկվայում սեպտեմբերի 3-ին Վլադիմիր Պուտինի հետ առերես հանդիպումից հետո հայտարարել է, թե Հայաստանը որոշում է կայացրել մտնել Մաքսային միություն՝ հետագայում Եվրասիական միության ձեւավորմանը մասնակցելու հեռանկարով… Երեւան վերադառնալուց հետո ինքն այդ մասին հրապարակային ոչ մի բառ չի ասել, ինչը նման իրավիճակում ամենատրամաբանական քայլը կլիներ, այլ փակ հանդիպումների ժամանակ սեփական կուսակիցներին եւ այլ դամքաշների, ենթադրաբար, հրամայել է. «Հիմնավորեք ոնց ուզում եք», ու քաշվել մի կողմ:
Հիմա «հիմնավորողների» պակաս չկա. ով ասես, որ մեյդան չի ընկել՝ խորհրդային ժամանակներից եկող «ադաբրյամսի» գործելակերպով իր հավատարմությունը հայտնելու «իմաստուն եւ Հայաստանի շահերից բխող» որոշմանը. պատգամավոր եւ օլիգարխ, «վերլուծաբան» ու գիտնական, իրեն մտավորական համարող եւ պարզապես կուսակցական (հասկանալի է՝ ինչ կուսակցության անդամ), ՕԵԿ-ական ու կոմունիստ, սովետի կարոտախտից հալումաշ եղող ու այդ կարոտը վաղուց բարձրաձայն թաղած, բայց տան դարակներից մեկի ամենահեռավոր անկյունում ԽՄԿԿ անդամության տոմսը թաքուն պահած, ընդամենը օրեր առաջ ռուսին հայհոյողն ու անգամ հրապարակային հարցազրույցներով Մաքսային միության բոլոր վնասները բացահայտածը: Եվ ինչ ճոռոմ «հիմնավորումներ» ասես չեն բերվում՝ սկսած դարավոր բարեկամությունից, ռսի օրհնած ոտից մինչեւ Արցախի անվտանգություն, իսկ Հայոց մեծ արծիվն էլ խրոխտ հայտարարում է. «Մենք մեր հայի տեսակը կհաղորդենք Մաքսային միությանը» :
Վստահաբար ասում եմ. եթե Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին հայտարարեր, թե նախաստորագրելու են ԵՄ Ասոցացման համաձայնագիրը՝ խորը ու համապարփակ ազատ առեւտրի պայմանագրին միանալու հեռանկարով, կամ էլ՝ Հայաստանը ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Եվրոպայի հետ շարունակելու է համագործակցել, սակայն չի ցանկանում մտնել որեւէ միության մեջ, ապա նույն մարդիկ (թերեւս բացի Եվրասիական թեմայով բազմաթիվ գրքերի հեղինակ Արտաշես Գեղամյանից եւ կոմկուսում մնացած հինգուկես անդամից) նույն եռանդով, փրփուրն ի բերան ապացուցելու էին այդ որոշման «հանճարեղությունը»: Եվ դա անելու էին նույն հիմնավորումներով, նույն բառերով ու պերճախոսությամբ, իսկ Հայոց մեծ արծիվն էլ պնդելու էր, թե՝ «մենք մեր հայի տեսակը կհաղորդենք Եվրոպական միությանը եւ կմաքրենք մեր տեսակին անհարիր…»:
Կարդացեք նաև
Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո եւ Ուկրաինայի վրա Ռուսաստանի ճնշումների ուժեղացման պայմաններում կիեւցի լրագրող Ալեքսանդր Գորոբեցը Հայաստանը համեմատեց սադրիչ ոչխարի հետ… Վիրավորական է, իհարկե: Սակայն ես էլ ինձ թույլ տամ ասել. այս 20-25 օրը ցույց տվեց, որ, իմ տպավորությամբ, գլխովին «իմաստուն որոշումը» ջատագովելուն նետվածներն էլ կամավոր սպանդանոց գնացող գառնուկների են նման: Այն գառնուկների, որոնց լռությունը, մարդակեր Հանիբալ Լեկտերի հուշումով, խեղդում էր հայտնի «Գառների լռությունը» ֆիլմի հերոսուհուն: Միայն թե մեր դեպքում ոչ թե գառների լռություն է, այլ գառների շատախոսություն, ավելին՝ գառների կարծեցյալ պերճախոսություն: Եվ ինչքան շատ են շատախոսում ու «պերճախոսում» եւ փորձում հիմնավորել, այնքան ավելացնում են անհեթեթությունների շարանը… Իսկ Հանիբալ Լեկտերը, որի դերում տվյալ դեպքում, իմ կարծիքով, Ռուսաստանն է, հեռվից իր կայսերական չարախնդությունն է փոխանցում եւ ձեռքերն արդեն ազատ՝ պատրաստվում կուլ տալու հերթական զոհերին: Միայն թե այդ հնարավոր զոհերը՝ ի դեմս Ուկրաինայի եւ Մոլդովայի, դեռ չեն ցանկանում հանձնվել…
Եվ այս ամենի ֆոնին արդեն ուղղակի ոչ թե զարմացնող, այլ ծիծաղելի է Սերժ Սարգսյանի շարունակվող լռությունը: Երբ ժամանակին ասում էինք, թե Սերժ Սարգսյանը հրապարակային գործիչ չէ, որ կարծես վախենում է լրագրողների եւ լրատվամիջոցների հետ ազատ շփումներից, մեզ սաստում էին: Սեպտեմբերի 3-ից հետո նրա հայտարարած «լռության ուխտը» (եւ զուգահեռ՝ «գառնուկների շատախոսությունը») ապացուցում են այդ: Նա, մեր տպավորությամբ, մարդկանց ու մամուլի հետ ուղղակի շփվելու, նրանց դիմելու վախի բարդույթ ունի: Ու չկա մեկը իր շրջապատում, որ ասի՝ չէ՞ որ ժողովուրդը միայն նրա համար չէ, որ ընտրությունից ընտրություն գնաք ու ձայն մուրաք (հընթացս էլ բացատրեք «խիարի թարս աճելու» տեխնոլոգիան): Հայաստանի Հանրապետության քաղաքացին նաեւ եւ առաջին հերթին իրավունք ունի հաշիվ պահանջելու եւ իմանալու իր ճակատագրի վրա ազդելու ընդունակ որոշումների պատճառներն ու էությունը:
Միայն նա, ով հաստատ գիտի, որ իրեն ձայն է տվել ոչ թե ժողովուրդը, այլ տոկոսները նկարվել են, հաշվետվությունը տալիս է սոսկ իր կողմնակիցների (այսինքն՝ ընտրություններում «հաղթանակը» ապահովածների) վերնախավին:
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Ամեն ինչ լավ է… Միայն ինչու՞ “գառնուկներ”: Հենց ամենա իսկական ոչխարներ, որոնք իրենց առջև դրված կերից բացի ոչինչ տեսնելու ընդունակ չեն:
Պարոն Հարությունյան միշտ այնպես դիպուկ եք ներկայացնում, որ մեկնաբանելու ոչինչ չի մնում: Հերրթական լավ հոդվածը: Սակայն այս անգամ կարծում եմ նախագահը երկար չի լռի: Էլի բրեժնևյան դեմքով կհավաքի լրատմաջոցների ղեկավարներին` կմեջբերի իր իմաստուն տատուն կամ պապուն, մի երկու դեմագոգիկ “փիլիսոփայական” հարցադրումներ կանի, ու հայդե գնացեք, տպեք: Մոռանալով, որ գործ ունի ժողովրդի հետ, ոչ թե հայելու առաջ է խոսում: