Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջին իրադարձությունները չեն ազդի Թբիլիսիի եւ Երեւանի բարեկամական հարաբերությունների վրա»

Սեպտեմբեր 26,2013 14:00

Ըստ Վրաստանի նախագահի թեկնածու Լեւան Չաչուայի՝ ՄՄ-ին միանալը կամ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելը ՀՀ իշխանությունների ինքնիշխան որոշումն է:

– Հոկտեմբերի 27-ին Վրաստանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Վրաստանի ԿԸՀ-ն ավարտեց նախագահի թեկնածուների գրանցումը, հայտնի է, որ 23 թեկնածուներ հնարավորություն ստացան պայքարելու երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար: Պարոն Չաչուա, ինչպիսի՞ն է Վրաստանում նախընտրական մթնոլորտը:

– Սկսեմ նրանից, որ Վրաստանի ժողովրդի մեջ արթնանում է վերափոխման էներգիան, հասարակությունը ցանկանում է դուրս գալ այն փոսից, ուր նրան նետել են: Հնարավորություն կտա՞ն ժողովրդին դուրս գալ շարունակական քաղաքական ճգնաժամի այդ վիճակից, ուժ կունենա՞ ժողովուրդը դուրս գալու դեպի նոր ուղեծիր՝ ահա այս հարցերն են, որոնք հետաքրքրում են վրացական հասարակայնությանը: Խորհրդարանական ընտրություններից հետո «Վրացական երազանքի» կոալիցիան մեկ տարվա ընթացքում չկարողացավ Սաակաշվիլիի կոշտ ռեժիմի տիրապետության ընթացքում ժողովրդին հասցված բարոյական վիրավորանքները բավարարել:

Ցավոք, «Միացյալ ազգային շարժումն» ու «Վրացական երազանքը» միաձուլվեցին կոհաբիտացիայի՝ համակեցության մեջ: Հասարակությունը պահանջում է արդար պատիժ իրենց դժբախտություն պատճառողներին, իսկ փոխարենը նրան առաջարկում են «ընտրովի կոհաբիտացիան», որը նշանակում է նախկին եւ ներկա իշխանությունների հետ համագործակցություն՝ հասարակության լայն շերտերի եւ այլ քաղաքական ուժերի շահերը ամբողջությամբ անտեսելու պայմաններում:

Ցանկանում եմ ընդգծել, որ նախագահի ոչ բոլոր թեկնածուներն են գտնվում հավասար պայմաններում՝ անվճար եթերաժամանակից օգտվելու առումով: ԿԸՀ այսօրվա հայտարարություններից ելնելով՝ անվճար եթերաժամանակը տրամադրվում է յոթ սուբյեկտների, որոնք են՝ «Վրացական երազանքի», «Միացյալ ազգային շարժման» եւ նրանց արբանյակ կուսակցությունների թեկնածուները:

– Ինչպե՞ս եք վերաբերվում Բիձինա Իվանիշվիլիի՝ իշխանությունից հեռանալու մտադրությանը, նա կատարե՞ց իր առաքելությունը, եւ Ձեր կարծիքով՝ ո՞վ կզբաղեցնի նրա տեղը, վարչապետի թեկնածուների անուններ շրջանառվո՞ւմ են։

–  Իր հիմնական եւ կարեւոր առաքելությունը՝ Սաակաշվիլիի ռեժիմին հաղթելը, Իվանիշվիլին իրականացրեց։ Ինչ վերաբերում է նրա՝ քաղաքականությունից հեռանալուն, ապա դա նրա անձնական ընտրությունն է: Թեեւ կարծում եմ, որ այդ որոշումը, մեղմ ասած, օգուտ չի բերի պետության ղեկավարման հարցում կայունության պահպանմանը: Ինչ վերաբերում է նոր վարչապետի թեկնածուներին, ապա դժվար է դատել: Չնայած պաշտոնը թողնելու Իվանիշվիլիի հայտարարությունները հիմք ընդունելով՝ նա տեղափոխվում է հասարակական սեկտոր՝ փոխում է քաղաքականության մեջ մասնակցություն ունենալու ձեւը եւ ընտրում է դիրք, որտեղից, ինչպես նա է վստահեցնում, կարող է ավելի արդյունավետ ազդել կառավարության գործունեության վրա։ Դրա արդյունքում անցումային համակարգը, որը ձեւավորվել է 2012 թվականի ընտրություններից հետո, կենթարկվի բնական եւ բավական լուրջ տրանսֆորմացիայի ոչ միայն Բիձինա Իվանիշվիլիի կողմից: Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացուց է կախված լինելու, թե որքանով այդ գործընթացը մեզ կմոտեցնի ժողովրդավարական եւ արդար պետության ստեղծմանը:

– Այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը Մոսկվա կատարած իր այցի ժամանակ հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է անդամակցել Մաքսային միությանը, հնչեցին տեսակետներ, թե դա վնաս էր ոչ միայն Հայաստանի, այլեւ Վրաստանի համար: Հայաստանը Վիլնյուսում պատրաստվում էր նախաստորագրել ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ոչ միայնակ, տարածաշրջանի երկրներից մենք Վրաստանի հետ նույն նավի մեջ էինք: Պարոն Չաչուա, ի՞նչ զարգացումներ են սպասվում հայ-վրացական հարաբերություններում:

– Կարծում եմ՝ վերջին իրադարձությունները ոչ մի կերպ չեն ազդի Թբիլիսիի եւ Երեւանի բարեկամական հարաբերությունների վրա: Մաքսային միությանը միանալը կամ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելը  Հայաստանի իշխանությունների ինքնիշխան որոշումն է։ Մեզ հիմա միավորում է ավելի շատ բան, քան բաժանում է, եւ ես չեմ կարծում ու կտրականապես դեմ եմ այն տեսակետներին, թե Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ Վրաստանի հետ հարաբերությունների վրա, եւ որ մեր հարաբերությունները դրանից վնաս կկրեն: Ո՛չ: Մեկը մյուսին չի խանգարում:

Ինչ վերաբերում է նրան, որ առանց Հայաստանի Վրաստանը չի կարող նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը, ապա դա կախված է վրաց հասարակության եւ Վրաստանի իշխանությունների որոշումից, այնպես որ՝ առայժմ չեմ կարող ասել, թե վաղը-մյուս օրը ինչ կարող է տեղի ունենալ: Եկեք սպասենք:

– «Վրաստանը չի լինի Եվրասիայում, Վրաստանը կլինի Եվրոպայում»՝ վերջերս հայտարարեց նախագահ Սաակաշվիլին՝ ներկայացնելով Եվրասիական միության եւ եվրոպական ուղղությունների միջեւ տարբերությունը: Նա եվրասիական հասարակությունն այսպես բնութագրեց՝ փոքրամասնությունների վրա ճնշումներ, քաղաքական հակառակորդների նկատմամբ հետապնդումներ, կոռուպցիա, օլիգարխիա եւ այլն: Սաակաշվիլին համոզված է, որ Վրաստանի ներկայիս կառավարության քաղաքականությունը ՌԴ-ի նկատմամբ վնասում է Վրաստանին: Մյուս կողմից՝ Ռուսաստանի ու Վրաստանի փոխհարաբերություններում դրական դինամիկա է նկատվում. օրերս ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի եւ ՌԴ-ի հետ հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հանդիպման արդյունքում հայտարարվեց այդ մասին: Ի՞նչ մակարդակում են այսօր ռուս-վրացական հարաբերությունները:

– Վերջին շրջանում Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերություններում ինչ-որ բան փոխվել է։ Նախեւառաջ, դա կապված է այն բանի հետ, որ Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, եւ ձեւավորվեց նոր կառավարություն, որի գլխավոր խնդիրը դարձավ քաղաքական ժառանգության հետ անհամատեղելիությունը, ինչը թողել էր նախորդ կառավարությունը: Երկու կողմերն էլ առանձնացնում են այն հարցերը, որոնց շուրջ նրանք չեն կարող համաձայնության գալ: Այդ կարեւոր հարցերից մեկը Օսեթիայի եւ Աբխազիայի կարգավիճակն է:

ԽՍՀՄ-ի ժամանակվանից ի վեր մեզ շատ վնասեց այն համոզվածությունը, թե մենք միմյանց շատ լավ ենք ճանաչում: Մեկ պետության մեջ երկար ժամանակ գտնվելը իսկապես ստեղծել էր ընդհանրություններ: Սակայն այն, թե ինչպես սկսեցին զարգանալ մեր պետությունները Խորհրդային Միության փլուզումից հետո՝ այդ հետագիծը վերլուծաբանների ուշադրությունից դուրս մնաց: Իրար հասկանալ, իհարկե, կարելի է: Շատ հարցերում դրան նպաստում է հավատի, արժեհամակարգի եւ նույնիսկ սոցիալական կարգի մասին պատկերացումների շուրջ ընդհանրությունները: Բայց կան շատ լուրջ հարցեր, որոնք մեզ բաժանում են: Կրկնվեմ՝ կարեւորը Վրաստանի տարածքային ամբողջականության հարցն է: Ինչ վերաբերում է Եվրասիական միությանը՝ Վրաստանում այդ հարցը առայժմ առանձնապես ուշադրության չի արժանանում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30