«Իմ ինքնասիրությունը վիրավորվում է, երբ ես տեսնում եմ Հայաստանի Հանրապետության սոված, հացի, դեղի, տարրական աշխատանքի ու նվազագույն վարձատրության կարիք ունեցող մարդիկ: Իմ ինքնասիրությունը ոտնահարվում է, երբ ես տեսնում եմ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների համար իրավահավասարության անհրաժեշտ պայմանների բացակայություն: Իմ ինքնասիրությունը ոտնահարվում է, երբ ես տեսնում եմ, որ ծանրագույն վիճակում գտնվող համաերկրացիներիս խնդիրները լուծումներ չեն ստանում, բայց տարատեսակ արտոնյալ անձանց, պետական պաշտոնյաների եւ նրանց մերձավորների համար ստեղծվում են բավականին նպաստավոր, լիարժեք կենսակերպ ապահովող պայմաններ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նկատի առնելով երեկ երեկոյան «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ թիվ 38 ընտրատարածքում քարոզչություն կատարող այլ կուսակցականների հետ տեղի ունեցածը , ԲՀԿ-ական պատգամավորից հետաքրքրվել էինք` որպես ՀՀ քաղաքացի` Ձեր ինքնասիրությունը չվիրավորվե՞ ց, երբ տեղեկացաք այդ ամենի մասին:
Հիշեցնենք, Մեղրիից վերադառնալու ճանապարհին կանգնեցրել էին «Ժառանգության» երկու մեքենաները եւ թույլ չէին տվել քարոզչության մեկնած թիմին ազատ տեղաշարժվել, կոտրել էին տեսախցիկը: Տիկին Փոստանջյանը վստահեցնում է, որ իրենց տեսախցիկի կոտրողը եղել է հատուկ համազգեստով, որի վրա նշված է եղել՝ ФСБ. «Ես մոտեցա իրեն եւ ռուսերենով խնդրեցի պարզաբանում: Իրենք հաղորդակցվում էին ռուսերենով»:
«Իսկ ինչ վերաբերում է իրավական հարթության մեջ տեղի ունեցող որեւէ երեւույթի, ապա, եթե տեղի է ունեցել որեւէ ապօրինություն, ապա միանշանակ, դրան պետք է հետեւեն համապատասխան հետեւանքներ»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ