Վարչական վերաքննիչ դատարանում հետաձգվեցին փախստականներ Արմեն Խաչատուրյանի եւ Հրաչյա Վարդանյանի՝ փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցով դատական նիստերը:
Արմենն ու Հրաչյան բողոք են ներկայացրել վարչական վերաքննիչ դատարան, քանի որ վարչական դատարանում մերժել էին նրանց փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցապահանջը:
Վերաքննիչ դատարանում Արմենի բողոքը կլսվի դատավորներ Առաքելյանի, Աբովյանի եւ Ղարիբյանի մասնակցությամբ, իսկ Հրաչյայի բողոքը՝ Սարգսյան, Բեդեւյան եւ Բաբայան դատավորների:
Բողոքաբերների գործի հետաձգումը տեղի ունեցավ նույն օրը՝ տասնհինգ րոպե տարբերությամբ:
Կարդացեք նաև
Դատարանում նրանց երկուսի բողոքը կներկայացնի Աստղիկ Ջանիկյանը:
ՀՀ ՏԿՆ ՄՊԾ-ն՝ որպես պատասխանող կողմ, ներկա չէր դատական նիստին, սակայն այդ մասին պատշաճ տեղեկացրել էր դատարանին՝ ծանուցման տեսքով:
Արմեն Խաչատուրյանի փախստականի կարգավիճակը դադարեցվել էր ՄՊԾ-ի կողմից այն պատճառաբանությամբ, թե նրա ծնողների քաղաքացիության ընդունման ժամանակ Արմենի 14 տարին լրացած չի եղել, իսկ Հրաչյայի փախստականի կարգավիճակը դադարեցվել էր, քանի որ նրան տրամադրված ծննդյան վկայականում նշվում է ոչ թե նրա ծնված տարեթիվը՝ 1988թ. նոյեմբերի 20-ը, այլ՝ 1989թ. փետրվարի 20-ը, որն էլ տրամադրվել է Հայաստանում: Հրաչյան չի ունեցել ծննդյան վկայական հենց Ադրբեջանում, քանի որ 1988 թվականին, երբ ծնվել էր, իրենք ընտանիքով բռնագաղթվել են Հայաստան: Հենց Հայաստանում էլ սխալ նշելով նրա ծննդյան թվականը՝ կատարվածը դարձել էր ներկայիս պատճառը, որ նա զրկվի իր օրինական փաստաթղթից:
Ուշագրավ է, այդ վերոնշյալ պատճառաբանությունները, որոնք կատարվել են ՄՊԾ-ի կողմից բոլորովին վերջին ժամանակներս, չի եղել փաստացի հանգամանք եւ չի խոչընդոտել, որ նրանք երկուսն էլ տարիներ շարունակ ստանային իրենց անձը հաստատող փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը: Դեռ ավելին, նրանց անձնագրերը պարբերաբար երկարաձգվել են ժամկետներով եւ փոխարինվել նորով: Նրանք հաշվառված են եղել որպես փախստականներ այն ժամանակ, երբ առաջին անգամ մուտք են գործել Հայաստան, եւ այդ ամենը պահպանվում է «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ի արխիվում:
Այն հանգամանքները, որ նրանք օրինավոր փախստականներ են, եղել են հաշվառված, փաստաթղթավորվել են փախստականի անձնագրով, հաշվի չեն առնվել Հայաստանի վարչական դատարանում եւ նրանց երկուսի հայցադիմումի պահանջն էլ մերժվել է, որի համար էլ տղաներն իրենց բողոքն են ներկայացրել վարչական վերաքննիչ դատարանում:
Արմենի վերաքննիչ բողոքը կլսվի հոկտեմբերի 24-ին, իսկ Հրաչյայի բողոքի նիստի օրվա մասին դատավորը հայտնեց, որ կտեղեկացնի փոստային ծանուցմամբ:
ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ