Լրահոս
Օրվա լրահոսը

Տուբան սկսել են նկատել

Սեպտեմբեր 26,2013 13:44

«Առավոտը» վերջին շրջանում բազմիցս անդրադարձել է փողային գործիքների ու դրանցից կազմված նվագախմբերի հանդեպ մեր կոմպոզիտորների ունեցած պասիվությանը։ Մեզ հետ զրույցի ժամանակ վրացի կլարնետահար Լեւան Ցխադաձեն հայտնել էր, որ իր համոզմամբ՝ խորհրդային փողային գործիքների դպրոցը սպառել է իրեն եւ երաժիշտների համար հնարավորություն է ընձեռվել հենց փողային գործիքների ծննդավայրում՝ Եվրոպայում, կատարելագործվել, քանի որ ԽՍՀՄ երկրներում փողային գործիքների «մասով» ստեղծված ավանդութային ու ժամանակակից ոճերի միջեւ տարբերությունը մեծ է եւ որ ամենակարեւորն է՝ այս գործիքների դեպքում տեխնոլոգիաները 10-15 տարվա ընթացքում նորանում են, կատարելագործվում։ Դարձյալ մեզ հետ զրույցում ճանաչված վալտորնահար Էնգելբերտ Շմիդը տեղեկացրել էր, որ իր սեփական ֆաբրիկայում պատրաստված վալտորնները թեեւ փոքր-ինչ թանկ են ¥շուրջ 10 հազար դոլար), սակայն երաժշտին կարող են ծառայել ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում,  հարկ եղած դեպքում էլ  այն կարելի է նույնիսկ մի քանի անգամ վերանորոգել, որից գործիքի հնչողությունը չի տուժում։ Օրերս էլ ներկայացրինք մի կոմպոզիտորի՝ Յուրի Գալստյանին, ում ուշադրության կենտրոնում վերջապես հայտնվել են փողային գործիքները, ինչն էլ արտահայտվում է փողային-գործիքային անսամբլների համար նրա կողմից գրված մի շարք երկերով։

Նշենք, որ օրերս Սամվել Ավետիսյանի աջակցությամբ հրատարակվել է տուբահար, Երեւանի պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի փողային եւ հարվածային գործիքների ամբիոնի դասախոս, դոցենտ Վաղարշակ Պեպանյանի «Էտյուդներ տուբայի համար» ժողովածուն։

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Վաղարշակ Պեպանյանը նշեց, որ մինչ տպագրելը, ժողովածուն երաշխավորել են կոնսերվատորիայի պրոֆեսորներ, կլարնետահար Աբգար Մուրադյանը եւ վալտորնահար Նորիկ Գալստյանը։ Իսկ ժողովածուն նախատեսված է երաժշտական դպրոցների, ուսումնարանների եւ կոնսերվատորիայի տուբահարների համար։ Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ ժողովածուում տեղ գտած էտյուդները կկատարելագործեն տուբահարների տեխնիկան, ռիթմը եւ տեմբրը։ Թե ինչո՞ւ մեր կոմպոզիտորները չեն ստեղծագործում, օրինակ, տուբայի համար, երաժիշտն ասաց. «Երաժշտագետ Արմեն Բուդաղյանի նախաձեռնությամբ դեռեւս 2000-ականների սկզբներին կոմպոզիտորներ Վարդան Աճեմյանը, Միխայիլ Կոկժաեւը եւ ես գրեցինք պիեսներ։ Նոր գրականության պահանջ վաղուց կար։ Դեռեւս անցած դարից տասնամյակներ շարունակ տուբան դասավանդել են Բլաժեւիչի, Վասիլեւի 1950-ականներին հիմնած խորհրդային դպրոցով։ Այն տարիներին սովորում էին երաժշտական դպրոցում, ապա ուսումնարանում, հետո էլ՝ կոնսերվատորիայում, իսկ մեր օրերում երաժշտական դպրոցից գալիս են կոնսերվատորիա ¥չհաշված Չայկովսկու անվան եւ երաժշտական թեքումով հատուկ երաժշտական դպրոցները) եւ 4 տարում չենք հասցնում լիարժեք ուսումնական ընթացքն ապահովել։ Այս ժողովածուն առաջին հերթին կծառայի հենց այդ խնդրին»։

Հիշեցնելով, որ ունեցել ենք փողային գործիքների երաժիշտների հիանալի դպրոց ¥Հայկազ Մեսիայան, Յուրի Բալյան, Քրիստափոր Բաբայան եւ այլն), փաստելով էլ, թե այսօր էլ կան այդ գործիքների հիանալի մասնագետներ, այդ թվում՝ հոբոյահար Աշոտ Գալստյան, ֆլեյտահար Տիգրան Գեւորգյան, կլարնետահար Վյաչեսլավ Մանուչարյան, մեր զրուցակիցը պատասխանելով հարցին, թե՝ ինչո՞ւ այսօր հայ տուբահարի չենք տեսնում իբրեւ մենակատար, ասաց. «Ճիշտ է, հիմա դեֆիցիտ է, չգիտեմ՝ գործիքի ծավալն է պատճառը, թե երաժշտից պահանջվող ֆիզիկական պատրաստվածությունը, բայց  մի բան հաստատ է՝ մեզանում փողային գործիքները կհայտնվեին «Կարմիր գրքում», եթե չլիներ Երեւանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանի հոգատարությունը»։ Մանրամասնելով էլ նշեց, թե ռեկտորի նախաձեռնությամբ կոնկրետ այս տարի անվճար հիմունքներով կոնսերվատորիայի փողային գործիքների ֆակուլտետ է ընդունվել 13 ուսանող։ Իսկ թե բուհն ավարտելուց հետո աշխատատեղի հետ կապված խնդիրներ չեն առաջանում, Վաղարշակ Պեպանյանն ասաց. «Երաժիշտները համալրում են մեր պետական, ինչպես նաեւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի, սահմանապահ զորքերի, ԱԱԾ-ի, ԱԻՆ-ի նվագախմբերը»։

Ի դեպ, տուբան, որպես սոլո գործիք, առաջին անգամ մեզ է ներկայացել ֆիլհարմոնիկի ընկերակցությամբ, ֆինն երաժիշտ Հարի Լիդսլեի շնորհիվ՝ Հարությունյանի կոնցերտով:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30