Խորհրդային Միության ժողովրդական արտիստ, նշանավոր երգիչ Մուսլիմ Մագամաեւի մասին հղումները ինտերնետում, որտեղ հնարավոր է ադրբեջանական գրաքննությունը, «մաքրված են» հայերի մասին հիշատակումներից: Չի նշվում, որ նրա առաջին կինը հայ էր (ամուսնությունն անհաջող էր, նրանք միասին են ապրել ընդամենը մեկ տարի), Բաքվում ուսանելիս նա ուներ սիրելի հայ դասախոսներ, եւ վերջապես՝ ամենակարեւորը, որ նա Առնո Բաբաջանյանի մի քանի տասնյակ երգերի լավագույն կատարողն էր, եւ այդ երկու արվեստագետներն իրենց անունը, իրենց ժողովրդականությունը կերտել են նաեւ իրար (եւ բանաստեղծ Ռոբերտ Ռոժդեստվենսկու) շնորհիվ: Հայերի մասին դրական կամ թեկուզ չեզոք հիշատակումների վերացումը բավականին նման է Թուրքիայի վարքագծին, երբ, ասենք, Անիի կամ Կարսի եկեղեցիներում խնամքով ջնջվում են հայատառ արձանագրությունները, ցուցանակներում որեւէ բառ չկա՝ դրանց ազգային պատկանելության մասին, իսկ թուրք զբոսավարները (գիդերը), որոնք շրջում են այլազգիների հետ, հիշատակելով այդ եկեղեցիների ճարտարապետների եւ այդ ժամանակաշրջանի թագավորների եւ ճարտարապետների անունները, «մոռանում են» նրանց ազգությունը:
Եվ ահա ես մտածում եմ՝ եթե 50 կամ 100 տարի հետո որեւէ ազգության մարդ (այդ թվում՝ հայ կամ ադրբեջանցի) փորձի տեղեկություններ հավաքել google-ի որոնման միջոցով՝ արդյոք նա ադեկվատ պատկեր կստանա՞: Խոսքը շարքային մարդու մասին է, ոչ թե գիտնականի, որը համացանցային որոնմամբ, հավանաբար, չի սահմանափակվի եւ կգնա գրադարաններ, կուսումնասիրի սկզբնաղբյուրներ: Պատմությունը, իհարկե, խեղաթյուրվում էր միշտ, ամեն րոպե, համացանցի ստեղծումից դարեր, հազարամյակներ առաջ, պարզապես հիմա մենք ունենք այդ խեղաթյուրման ակնառու եւ ընդհանրացված պատկերը:
Այս ամենը ես գրում եմ՝ փորձելու համար գնահատել այսօրվա իրադարձությունները ապագայի աչքերով: Մասնավորապես, ինձ հետաքրքրում է, թե ինչ է 50 տարի հետո մտածելու ընթերցողը (ինտերնետի օգտատերը) մեր հրաշալի արվեստագետներ Ռոբերտ Ամիրխանյանի, Մարտին Վարդազարյանի, Արամ Սաթյանի մասին, եթե որոնում տա «2013 թվականի աշուն» ժամանակահատվածը: Փորձեք դա անել, եւ դուք կտեսնեք, որ խոսվում է ոչ թե նրանց գրած բարձրորակ երաժշտության, ոչ թե մեր մշակույթում նրաց ավանդի, այլ այն մասին, թե ով է տիրացել կամ պատրաստվում տիրանալ Կոմպոզիտորների միության նախագահի աթոռին, եւ ով է ծախել կամ պատրաստվում ծախել այդ միության գույքը:
Մեր ընթերցողներից մեկը՝ արձագանքելով նույն թեմայով իմ նախորդ հրապարակմանը, գրել է. «կռիվը գնում է լոկ այն «ստեղծագործական» միություններում, որտեղ Սովետից նյութական ունեցվածք է մնացել` շենք, հանգստյան տուն եւ այլն, ինչպես նաեւ ոչ նյութական ունեցվածք, որը ի վերջո նյութականացնում է այդ միության նախագահը` ազդեցություն, արտասահմանի հայերի (եւ ոչ միայն) համակրանք, դրամաշնորհ եւ այլն»: Տեսականորեն ճիշտ է: Բայց չեմ հավատում, որ վերը թվարկած կոմպոզիտորներին այդ ամենն այդքան հուզում է: Չեմ ուզում հավատալ: Ինչպես նաեւ՝ չեմ ցանկանում, որ հաջորդ սերունդներն այդ մարդկանց մասին սխալ պատկերացում կազմեն:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
200 տարուց ավելի է անցել Սայաթ-Նովայի մահվանից,բայց նա դեռ ապրում է ու կապրի հավերժ,որովհետև նա մտավորական էր բառիս ամենալայն իմաստով և չվերածվեց պալատական սազանդարի ու մնաց ժողովրդի հետ,չխոնհարվեց ու չծնկեց իշանավորների առաջ,նրանցից թուլափայեր չփախցրեց իր ծառայամտության ու պնակալիզության դիմաց…
Ահա իմ հակիրճ պատասխանը հոդվածագրի մտավախությանը,թե՝ ,,…որ հաջորդ սերունդներն այդ մարդկանց մասին սխալ պատկերացում կազմեն,,:
Մի 10-15 տարի անց նմաններն իսպառ ջնջվելու էն ժողովրդի հիշողությունից ու մնալու են միայն google-մոգլեներում՝ որպես զուտ տեղեկատվություն…
Հա, լավ`շատ մի տանջվեք: Սալյերին Մոցարտին թունավորեց (թե՞ ժանգոտ խարտոցով ծակեց): Ոչինչ, դիմանում ենք: Թող Ամիրխանյանն էլ մի քիչ դիմանա Սաթյանի խորը հոգեբանական հարձակումներին: Թե՞ Մացարտն ու Սալյերին ավելի թույլ կոմպոզիտորներ են: Ի՞նչ իմանամ`չխմազ ժամանակներ են:
Ըստ Ռոբերտ Ամիրխանյանի, ինքը լեռնային լիճ է, այնքա՜ն է ջինջ, որ մեջը լույս է ու էլ`ոչի՜նչ ..
https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=NHnquV54ok0
Ինչպիսի նյութ (Ապագայի աչքերով) և ինչպիսի արձագանքներ, հատկապես Համլետ-ի կողմից:
“Ինչպես նաեւ՝ չեմ ցանկանում, որ հաջորդ սերունդներն այդ մարդկանց մասին սխալ պատկերացում կազմեն:”… Մի անհանգստացեք, հաջորդ սերունդներն այդ մարդկանց մասին կկազմեն ճիշտ այնպիսի պատկերացում, ինչպիսին հենց իրենք են,- ամեն ինչ ակընհայտ դրված է հանրության աչքի առաջ:
Եւ դրանք մեր մտավորականներն են: Պատկերացնում եմ մնացած ողջ բազմությունը… Չէ, ինչ-որ դուրս չեկան, վերջը վատ է լինելու:
Հավատա, Արամ, հավատա:
Կոմիտասի հասցեին պակաս էին վատաբանում ժամանակի կղերականները ??? Բայց ուր են այսօր նրանց անունները և ուր է Կոմիտասի անունը, նրա երաժշտությունը, նրա պոեզիան… Համամիտ եմ Լևոն Մելքումյանի հետ: Մարդիկ կհիշեն նրանց այնպիսին, ինչպիսին որ իրականում եղել են: Համոզված եմ, որ ապագայում ավելի անաչառ կդատեն, քանի որ չեն վախենա քննդատելու հանրապետական կամ ոչ հանրապետական կոմպոզիտորին:
Արամ Աբրահամյան եթե վերլուծեք, կամ ինչպես դուք եք ասում` աչքաչափով նայեք Ձեր իսկ հոդվածի արձագանքներին, որոնց հեղինակները շինական կամ շատ պատահական մարդիք չեն արդեն պարզ կդառնա մեր հիմնական հիվանդության գլծավոր պատճառներից մեկը:
Մարտինը դառնալու է կոմպ-դիրեկտոր, ու սա նրանց բոլորի կերպարն է:Մարտինը էսա քանի տարի է կարքին “հանրապետական” գործեր է անում.
Սերունդները նրանց կհիշեն ու կգնահատեն ըստ նրանց թողած ստեղծագործական ժառանգության,իսկ մնացած ասեկոսները՝ընդամենը պղպճակներ նեղ հետաքրքրասների համար։
Հուսանք
եթե չեմ սխալբում Չարենցը Թումանյանի հասցեին ասել էր ,, նրա բանաստեղծություններից թրիքի հոտ է գալիս,, ..եթե սխալվում եմ կներեք…ես ընդհանրապես նկատել եմ, որ մտավորականները ամենամեծ ինտրիգաններն են ու նաև շատ փառասեր…..
թեկուզ հենց Վիկտոր Համբարձումյանը, բոլորն էին խոսում թե նա ոնց էր իր շրջապատից վանում տաղանդավոր, երիտասարդ գիտնականներին….բայց երբ էտ ամենին պատմության տեսանկյունից են նայում, մնում է արձանագրել միայն էն փաստը թե ով ինչ է թողել իրենից հետո….