Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Մելիքսեթյան. «Հայաստանում կա հրաբխային վտանգ»

Սեպտեմբեր 26,2013 13:18

«Հայաստանում կա հրաբխային վտանգ և չի կարելի բացառել, որ ապագայում կլինեն ժայթքումներ»,-այսօր «Էկոլուր» մամուլի ակումբում հայտարարեց ՀՀ ԳԱԱ երկրաբանական ինստիտուտի հրաբխագիտության լաբորատորիայի ղեկավար Խաչատուր Մելիքսեթյանը:

Պարոն Մելիքսեթյանը նշեց, որ հնարավոր չէ կանխել հրաբխային վտանգը, քանի որ այն խորքային պրոցեսների հետ է կապված, բայց կարելի է կանխատեսել:

Aravot.am-ի հարցին՝ ունե՞նք կանխման համար համապատասխան ռեսուրսներ, պարոն Մելիքսեթյանն ասաց. «Ակտիվ հրաբխային շրջաններում՝ Կամչատկայում, Ինդոնեզիայում, Ալյասկայում, Ճապոնիայում, որտեղ կան ակտիվ հրաբուխներ, կան հատուկ ծառայություններ,որոնք երկրաֆիզիկական սարքավորումների միջոցով կարող են կանխատեսել: Մեզանում նման խնդիր չկա և չունենք այսպիսի սարքավորումներ: Մենք ուսումնասիրում ենք նախկինում կատարված հրաբխային ժայթքումները, այս հարցում կարևոր է կրկնողության գործակիցը: Այժմ ստեղծվում է GPS սեյսմիկ մոնիտորինգային ցանց, և ստացված տվյալները կարող են օգտագործվել նաև հրաբխագիտության մեջ»:

Լաբորատորիայի ղեկավարը, խոսելով ՀՀ-ում գործող ակտիվ հրաբուխների մասին, նշեց. «Այսօր ՀՀ-ում ժայթքող ակտիվ հրաբուխներ չկան, կան պոտենցյալ ակտիվ հրաբուխներ և հրաբխային շրջաններ: Օրինակ՝ Վայոց Ձորի մարզում Սմբատասար, Վայոց Սար, Վարդենիսում՝ Փորաք հրաբուխները, Սյունիքում հրաբուխների խումբ կա՝ Քարքարը: Նաև ակտիվ է համարվում Արարատ հրաբուխը, որը պոլիգեն հրաբուխ է և վերջին մի քանի հազար տարվա ընթացքում ակտիվ է»:

Հետաքրքրվեցինք՝ այս հրաբուխների ժայթքման հավանականության գործակիցը բա՞րձր է, պարոն Մելիքսեթյանը պատասխանեց. «Այդպիսի ժայթքումների կրկնողության գործակիցները ցածր են, բայց երկրագնդի պատմության մեջ բազում անգամներ եղել են աղետալի ժայթքումներ, որոնք ազդել են նաև կլիմայի վրա, և սառցակալման դարաշրջանները ևս կապված են հրաբխային ժայթքումների հետ: Նման բան կարող է տեղի ունենալ միայն հաջորդ մեկ միլիոն տարում, ուստի մեր երկրի դեպքում հավանականությունը, որ մեկ կամ հինգ տարում հրաբխային ժայթքումը կկրկնվի՝ ցածր է»:

Անդրադառնալով նոր նախագծվող ատոմակայանի կառուցմանը՝ պարոն Մելիքսեթյանը հայտնեց. «ԱԷՄԳ-ն ունի ստանդարտներ սեյսմիկ և հրաբխային վտանգների համար, և ՀՀ ատոմակայանի տարածքն աշխարհում առաջինն է, որի հրաբխային վտանգը գնահատվել է ԱԷՄԳ-ի հրաբխային վտանգին համապատասխան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30