Լրահոս
Օրվա լրահոսը

Նպաստառուն 25 հազարից ավելի ժամ է ծախսում՝ համակարգում գրանցվելու համար

Սեպտեմբեր 26,2013 13:03

IMG_6532[1]Այսօր «Մեդիա կենտրոնում» Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի միջազգային փորձագետ, կարգավորիչ գիլյոտինի հեղինակ Սկոթ Յակոբսը, խոսելով Հայաստանում տեղի ունեցող օրենսդրական բարեփոխումների մասին, ասաց, որ ՀՀ կառավարությունը գնում է նման բարեփոխումներին ընդառաջ:

Նա նշեց, որ պետության հետ հարաբերությունների ժամանակ պետք է քաղաքացին հարգանքի արժանանա, հարմարավետությունը պետք է լինի ոչ թե պետական մարմինների համար, այլ գործընթացը պետք է հարմարավետ լինի քաղաքացիների համար»:

Մասնագետը խոսեց նաեւ բյուրոկրատական քաշքշուկների, փաստաթղթաշրջանառության մասին. «2539 իրավական ակտ Հայաստանում կվերանայվի մինչեւ 2015-ի ապրիլը: Հայաստանում յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել այդ գործընթացին: Ցանկացած իրավական ակտ կարող եք տեսնել www.e-guillotine.am կայքում: Որքան շատ մարդ, հ/կ մասնակցի այս գործընթացին, այնքան լավ արդյունք մենք կունենանք»:

Թե ինչ կշահի Հայաստանն այս գործընթացից, ըստ Սկոթ Յակոբսի, «կունենանք ավելի քիչ փաստաթղթաշրջանառություն, տարբեր տեսակի ծառայությունների ծախսերը կկրճատվեն, մարդկանց իրավունքները կպաշտպանվեն ավելի հստակ պրոցեսների միջոցով, մենք կունենանք ավելի շատ աշխատատեղեր եւ ավելի բարեկեցիկ կյանք»:

Հարցին՝ մենք արդեն ունենք բարեփոխումներ առողջապահության, հանրային ծառայությունների, տրանսպորտի ոլորտում, այդ բարեփոխումները որքանո՞վ են ազդեցություն ունեցել ՀՀ քաղաքացու վրա՝ Սկոթ Յակոբսը պատասխանեց. «Մի շարք այլ ոլորտներ նույնպես վերանայման փուլում են, ոչ միայն այդ ոլորտները: Օրինակ, հեռահաղորդակցության ոլորտում մրցակցությունը մեծացել է եւ ծառայությունների գինը նվազեցնելու հնարավորություն է ստեղծվել, ավելի մրցունակ դաշտ ունենալու: Պետությունից աղքատ ընտանիքների նպաստ ստանալու գործընթացը անասելի բարդ է: Քաղաքացիները, ովքեր շատ հեռու են ապրում նախարարությունից, պարտավոր են անձամբ ներկայանալ նախարարություն, որպեսզի համապատասխան դիմումը լրացնեն: Ավելի լավ է, որ նրանք հնարավորություն ունենան օնլայն էլ-փոստով ուղարկել այդ դիմումը եւ նպաստ ստանան: Հարյուրավոր ընտանիքներ, ովքեր գրանցվում են այս համակարգում, նրանք 25 հազարից ավելի ժամ են ծախսում, որպեսզի այդ գործընթացն անցնեն: Սա մեծ ծախս է այն ընտանիքների համար, որոնք պետք է դիմեն: Պետք է հնարավորինս կրճատել փաստաթղթերը, մեկ պատուհանի սկզբունքը պետք է լինի»:

Հարցին՝ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը միանալու հայտարարությունը որքանո՞վ կազդի մաքսային ոլորտի բարեփոխումների վրա՝ Սկոթ Յակոբսը պատասխանեց. «Մաքսային միությանը միանալու ՀՀ որոշումը կարեւոր քայլ է, որն ազդում է այս գործընթացների եւ իրավական դաշտի վրա: Մաքսային ոլորտի առանձնահատկություններից մեկն այն է, որ կան միջազգային ստանդարտներ, որոնց պետք է համապատասխանի գործընթացը: Մաքսային միությանը միանալու այս որոշումը, հույս ունեմ, կընթանա այնպես, ինչպես պլանավորված է: Եվրասիական միության պահանջները եւ պայմանները համապատասխանում են այն պահանջներին, ինչ մենք արդեն նախօրոք որդեգրել էինք: Կան Մաքսային միությանը գործունեության լավ եւ վատ օրինակներ, Հայաստանը պետք է ընտրի լավ օրինակը»:

Որպես միջազգային փորձագետ՝ Սկոթ Յակոբսը նշեց, որ Մաքսային միությանը միանալը շատ լավ է, մրցակցային է դարձնում տնտեսությունը. «ՀՀ կառավարությունն ավելի շատ ինֆորմացիա ունի, քան ես, եւ հենց դրա պատճառով է, որ այս որոշումն ընդունվել է»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Հայաստանում շատերը համոզված են, որ մեր օրենքները կատարյալ են, բայց կամք է պետք՝ այդ օրենքները կատարելու համար: Եթե դատական համակարգը մեր երկրում չի գործում, որպեսզի քաղաքացին վիճարկի այնտեղ այդ օրենքների կիրարկումը, չե՞ք կարծում, որ այս ամբողջ բարեփոխումներն անիմաստ են, անիմաստ ծախս է, եթե չկա կամք՝ մասնագետը. «Ես չեմ կարող ասել, որ Հայաստանում օրենքները կատարյալ են: Ես չեմ լսել պետական որեւէ մարմնից, որ ասի, որ օրենքներն այստեղ կատարյալ են: Մեր առաջարկությունը բարեփոխմանն է ուղղված: Ինչպես ես, այնպես էլ կառավարությունը կարծում է, որ Հայաստանում օրենքները կարող են հսկայական ձեւով բարելավվել: ՀՀ կառավարությունը պատրաստ է 50 տոկոսով կրճատել պետության հետ հարաբերությունների քաղաքացու եւ բիզնեսի ծախսերը: Մենք այս երկրում միլիարդավոր դրամների, ծախսերի կրճատման մասին ենք ասում: Ես չեմ կարող ասել, թե ինչու Հայաստանը պետք է չանցնի այս գործընթացով, 12 երկրներ անցել են այս գործընթացը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30