Սեպտեմբերի 26-ին Քաջարանը նշում է ծննդյան 55-ամյակը։
72-ամյա Լավրենտ պապը ծննդով Քաջարանի Վերին Հանդ գյուղից է։ Նա պատմում է, որ Քաջարան քաղաքը Վերին Հանդ, Քաջարան, Ողջի գյուղերի վերամիավորումից է ստեղծվել, եւ բնիկ քաջարանցիներն էլ հենց այդ գյուղերի բնակիչներն էին, ովքեր հիմնականում զբաղվում էին գյուղատնտեսությամբ եւ անասնապահությամբ։ «Հին Քաջարանից շատ քիչ բան է մնացել էսօր։ Սարեր ու ձորերի տարբերություն կա։ Քաջարանի կոմբինատի գործարկումից հետո գյուղական բնակավայրը սկսել է քաղաքի տեսք ստանալ։ Նեղ փողոցները փոխարինվեցին լայն փողոցներով, երկհարկանի շենքերն էլ՝ բարձրահարկ շենքերով։ Այն տարիներին Քաջարանում համատեղ տարբեր ազգերի ներկայացուցիչներ էին ապրում։ 1990-ականներից հետո մնացինք միայն հայերով։ Բնակիչներից շատերը եկել են նաեւ Սյունիքի մարզի մյուս տարածաշրջաններից, ովքեր Քաջարանի կոմբինատ աշխատելու եկած քաղաքացիներ ու գյուղացիներ են»,- ասաց Լավրենտ պապը, որն իր ընկերների հետ վաղ առավոտից եկել է քաղաքի հրապարակ՝ մասնակցելու Քաջարանի 55-ամյակի տոնակատարություններին։
Քաջարանցի երեխաներն ու երիտասարդները մեծ ոգեւորությամբ են նշում, որ հենց Քաջարանն է իրենց ծննդավայրը, սակայն կուզենային, որ քաղաքում ավելանային երիտասարդների համար նախատեսված ժամանցի վայրերը, ստեղծվեին նորերը՝ մարզադահլիճ, թատրոն եւ այլն, քանի որ այժմ նրանք ստիպված են հիմնականում Կապան քաղաք իջնել՝ իրենց ժամանցը հետաքրքիր կազմակերպելու համար։
Քաջարանում այսօր ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի մասնակցությամբ կբացվի նաեւ Քաջարանի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքը՝ կահավորված ժամանակակից սարքավորումներով: Բժշկական հաստատության տնօրեն Վարդան Ավագյանի խոսքով՝ եզակի սարքավորումներով համալրված բուժկենտրոնում հնարավոր կլինի սպասարկել նաեւ Սյունիքի մարզի մյուս տարածաշրջանների բնակիչներին։
Կարդացեք նաև
Նա հավելեց նաեւ, որ բուժկենտրոնը որոշակի բժիշկ մասնագետների խնդիր ունի, քչերն են համաձայնվում գալ եւ աշխատել Քաջարանում, եւ ժամանակ առ ժամանակ բժիշկներ են հրավիրվում մայրաքաղաքից. «Նախաձեռնություն կա բժիշկ-մասնագետների կադրեր պատրաստելու, եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պատրաստակամություն է հայտնել հովանավորել 2 ուսանող ապագա բժիշկների ուսման վարձը պայմանով, որ նրանք հետագայում աշխատեն Քաջարանում»:
Քաջարան քաղաքի կենտրոնում տոնական համերգ է։ Քաջարանցիները սպասում են նախագահ Սերժ Սարգսյանին, որը շուտով կմիանա քաջարանցնիներին։
Մանրամասները՝ առաջիկայում։
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ