«Այս անգամ բիրտ ուժի կիրառման միջոցը իշխանությունները կիրառեցին շատ ավելի երկար, քան նախորդ տարիների ընթացքում, քանի որ այն արդյունք չէր տալիս: Ամեն օր մենք լսում էինք, որ այս կամ այն երիտասարդին ծեծել են, ճնշել են, հարազատներին են գործից ազատել: Այս ռեժիմը Հյուսիսային Կորեայի ռեսուրսը չունի, որ ամիսներ շարունակ մարդկանց գնդակահարելով առաջ գնա»,-այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում հայտարարեց «Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Իշխանության գործելաոճի մասին խոսելով Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ «հրոսակախմբերը մեկ-երկու հոգու վրա ոհմակային տրամաբանությամբ հարձակվում ու ծեծում են»:
Սեպտեմբերի 19-ի երեկոյան ձերբակալված ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետ կատարվածին Ժիրայր Սեֆիլյանն այսպես արձագանքեց. «Այն անհատները, որոնք իրենց վերահսկողությունից դուրս են, սկզբում կաշառում են, հետո վախեցնում և եթե այս մեխանիզմները չեն աշխատում, կաշառքի չափն են բարձրացնում: Եթե դա էլ չի ստացվում՝ կամ ֆիզիկապես պատժում են, կամ կալանավորում: Վոլոդյայի նկատմամբ կատարվածը միանշանակ քաղաքական հալածանք է: Եթե շարունակվի դա, ես անուններ էլ կտամ, քանի որ Բաղրամյան 26-ի մակարդակով փորձել են կաշառել Վոլոդյային: Նա ինձ ամեն ինչի մասին տեղյակ է պահել»:
Ժիրայր Սեֆիլյանը ցավում է, որ ազատամարտիկները «օգտագործվում են». «Հանդիպում են օլիգարխիայի ներկայացուցչի հետ, փնտրում եզրեր երկիրը այս վիճակից դուրս բերելու համար: Ինչպե՞ս կարելի է համագործակցել այն ուժերի հետ, որոնք մասնակից են մեր երկրի կեղեքմանը, ժողովրդի նկատմամբ բիրտ ուժ կիրառելուն»:
Կարդացեք նաև
Այգեձոր գյուղի 26-ամյա բնակչի՝ ականի վրա պայթելու և նրան օգնություն չցուցաբերելու մասին Ժ. Սեֆիլյանը փոխանցեց. «Իմ տեղեկություններով՝ 40 րոպե անտեր վիճակում են երիտասարդին թողել, մեր բանակը չի միջամտել երիտասարդին դուրս բերելու համար: Նրան կիսամեռ վիճակում կրակի դաշտից դուրս բերողները եղել են գյուղացիներ: Հայ բանակը չի միջամտել, սա վերջն է ու ցույց է տալիս, որ մեր բանակը մեզ չի ծառայում»:
«Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը անդրադարձավ Մաքսային միության անդամակցության որոշմանը. «Մաքսային միությունը՝ որպես նախաքայլ եվրասիական միության մաս կազմելու, ՀՀ-ից վերցնում է գերիշխանության լայն ատրիբուտներ, և այդ պատճառով էլ դեմ ենք այդ մոտեցմանը: Այստեղ խնդիրը Ռուսաստանի հետ կապված չէ»:
«Նախախորհրդարանի»-ի անդամ Կարո Եղնուկյանը «երեսփոխան» Սամվել Ալեքսանյանին բնութագրեց՝ որպես «ատելություն սերմանող սփյուռքահայերի նկատմամբ», ինչը իշխանության գործելաոճն է:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է դա ձեռնտու իշխանությանը, պարոն Եղնուկյանը պատասխանեց. «Պառակտիր, որ տիրես»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համոզված եմ, որ դարերով կհիշվի նկարում պատկերված՝ այս ազգի հերոս մարդկանց անունները:
Թող աստված մեկ անգամ ևս գթասիրտ գտնվի մեր ժողովրդի հանդեպ, և իմաստունություն տա մեզ՝
հասկանալու, գնհատելու և կատարելու նրանց՝ միայն և միայն ազգի բարորության համար պայքարի
պատգամներն ու գործունեությունը, որի առաջ յուրաքանչյուր առողջ դատողությամբ Հայ մարդ պետք է խոնարհվի:
շան պես վախենում են, մենակ իրանց թուլեքին են տալիս …