«Ես ցավում եմ, որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ նման միջադեպ է տեղի ունեցել: Տիկին Փոստանջյանն արդեն դիմել է պատկան մարմիններին եւ ես հուսով եմ, որ պատկան մարմիններն ամեն ինչ կանեն եւ իրողությունը կպարզվի»,- Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Խոսքը երեկ երեկոյան «Ժառանգության» պատգամավորի հետ կատարվածի մասին է: Հիշեցնենք, Մեղրիից վերադառնալու ճանապարհին կանգնեցրել էին «Ժառանգության» երկու մեքենաները եւ թույլ չէին տվել քարոզչության մեկնած թիմին ազատ տեղաշարժվել, կոտրել էին տեսախցիկը: Տիկին Փոստանջյանը վստահեցնում է, որ իրենց տեսախցիկիս կոտրողը եղել է հատուկ համազգեստով, որի վրա նշված է եղել՝ ФСБ. «Ես մոտեցա իրեն եւ ռուսերենով խնդրեցի պարզաբանում: Իրենք հաղորդակցվում էին ռուսերենով»:
Aravot.am-ը Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվել էր` Հայաստանի` Մաքսային միությանը պաշտոնապես անդամակցությունից հետո նման միջադեպեր հաճախակի՞ պետք է ակնկալել: ԱԺ փոխնախագահն ասաց, որ չի հասկանում հարցը քաղաքական հարթություն տեղափոխելու մոտիվները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ