Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ կոմունիստներն ամեն ինչ կանեն Եվրասիական միության կայացման համար

Սեպտեմբեր 26,2013 11:35

Հարցազրույց Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի հետ

– Մաքսային և Եվրասիական միության հակառակորդները պնդում են, որ այդ միություններին անդամակցելով՝ վտանգվում է Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը: Արդյո՞ք Հայաստանի կոմունիստների համար պետության ինքնիշխանությունը և անկախությունը որևէ արժեք են ներկայացնում, և դրանց կորուստը չի՞ մտահոգում Ձեզ:

– Նախ՝ բոլորը գիտեն իմ վերաբերմունքն անկախության մասին. ես բազմիցս եմ ասել, որ սովետական ոչ մի ժողովրդի ձեռնտու չէր ԽՍՀՄ-ի լուծարումը: Շատերն ասում են, որ ԽՍՀՄ-ը փլուզվել է, ես ասում եմ՝ ոչ, ԽՍՀՄ-ը լուծարվել է որոշ մարդկանց դավաճանական գործունեության արդյունքում` Գորբաչով, Ելցին, Շուշկևիչ, Շևարդնաձե: Դեռևս 1918թ. Ստեփան Շահումյանը գրել է, որ Կովկասը՝ կտրվելով Ռուսաստանից, կդանդաղի իր տնտեսական և կուլտուրական զարգացման մեջ, որի արդյունքում կստեղծվի մի այնպիսի դժոխք, որ դժվար է անգամ երևակայել: Այնպես որ, Կոմունիստական կուսակցությունը եղել է և կմնա Եվրասիական միության կողմնակիցն ու ջատագովը և ամեն ինչ կանի դրա կայացման համար:
– Հայաստանում ականատեսն ենք դասակարգային ամենաանողոք շահագործմանը, երբ աշխատավոր ժողովրդի հարստահարումն ու կեղեքումը հասել է անտանելի չափերի, բայց Կոմկուսը ոչ մի իրական գործունեություն չի ձեռնարկում աշխատավորների շահերը պաշտպանելու ուղղությամբ: Ինչպե՞ս կբացատրեք Ձեր ղեկավարած կուսակցության պասիվ պահվածքը:

– Մենք միշտ էլ պաշտպանել ենք աշխատավորների շահերը: Նախընտրական շրջանում բոլորն օգտագործում են մեր կարգախոսները, մեր լոզունգները`պայքար կաշառակերության դեմ, հանուն արդարության, և նման բաներ: Բայց երկրի տնտեսական վիճակը թույլ չի տալիս, որ այդ հարցերը դրվեն բարձր հարթության վրա: Իսկ Կոմունիստական կուսակցությունը երբեք պասիվ չի եղել, մեր միայն մայիսմեկյան շքերթները խոսուն են ինքնին: Ես բազմիցս դիմել եմ երկրի ղեկավարությանը՝ նոյեմբերի 29-ը որպես Երկրորդ Հանրապետության օր նշելու համար: Դիմել եմ պատգամավորներին, դիմել եմ ԱԺ նախագահին, բայց քար լռություն է տիրում: Բայց շնորհակալ եմ նախագահ Սերժ Սարգսյանից, որ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի օրը, նա իր իր ելույթում հստակ ընդգծեց Սովետական Հայաստանի ավանդը: Չի կարելի արևն ափով փակել և չտեսնել այն, ինչ կատարվել է Սովետական Հայաստանում, և Սերժ Սարգսյանը հստակ ցույց տվեց, որ դա չի մոռացվելու:

– Դուք անընդհատ խոսում եք անցյալից, բայց չի երևում այն հստակ պայքարը, որ Կոմկուսը կիրականացներ հանուն աշխատավորների իրավունքների պաշտպանության, հանուն արդար վարձատրության, հանգստի իրավունքի և առողջապահական սպասարկման ապահովման:

– Ցավում եմ, որ այսօր պայքար ասելով՝ հասկանում են հանրահավաքային պայքարն Ազատության հրապարակում. Տեսանք, թե ինչի հասցրեցին երկիրն այդ հստակ պայքար տանողները: Երդվեցին, կնքվեցին, չգիտեմ, թե էլ ինչ արեցին և ոչինչ էլ չարեցին: Այս ամենը գալիս է ասելու, որ ամենակարևորը ժամանակի խնդիրն է. ժամանակն է գլխավոր դատավորը, ժամանակն է որոշելու ամեն ինչ: Անունը դրել են՝ շուկայական հարաբերություններ, և ինչ ուզում, այնպես էլ անում են. ուզում եմ՝ այս գնով եմ ծախում, ուզում եմ՝ այսքան եմ վճարում, չես ուզում՝ կարող ես թողնել-գնալ, ուրիշին կընդունեմ աշխատանքի:

– Դուք ասում եք՝ երկրի վիճակը թույլ չի տալիս սոցիալական հարցեր բարձրացնել, բայց երկրի այս վիճակում օլիգարխներն անընդհատ հարստանում են, իսկ աշխատավորներն ավելի են աղքատանում, սակայն Կոմկուսը որևէ իրական քայլ չի ձեռնարկում աղքատների, աշխատավորների շահերը պաշտպանելու ուղղությամբ:

– Համաձայն եմ, որ հարուստներն անընդհատ հարստանում են: Բազմիցս ենք հայտարարություններ արել, բարձրաձայնել, որ աղքատության մակարդակը հասել է շատ բարձր մակարդակի, թոշակները չեն բավարարում նվազագույն սոցիալական կարիքները հոգալու համար, բայց մեր հայտարարությունները մնում են ձայն բարբառո հանապատի:

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ԺԱՄ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30