«Ազատություն» ռադիոկայան. Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշել է փոխել Եվրատեսիլ մրցույթի կանոնները և առավել թափանցիկ դարձնել կատարողների օգտին տրվող ձայների տխրահռչակ ու վիճահարույց հաշվարկը։
Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ արևմտյան մամուլը հաղորդել է, որ 2011 թվականի հաղթող Ադրբեջանը ձայների զգալի մասը պարզապես գնել է։
Եվրոպայի հեռարձակողների միության փոխանցմամբ՝ «խարդախության դեմ միջոցները ձեռնարկվում եմ մրցույթի ավանդույթները պաշտպանելու և զարգացնելու նպատակով ու համահունչ են ժամանակի պահանջներին»։
Մի շարք երկրների լրատվամիջոցներ հաղորդել են, որ 2011 թվականին Ադրբեջանը ակտիվորեն զբաղվել է հեռուստադիտողների, այսպես ասած, «ձայնաորսով»։
Կարդացեք նաև
«Ազատություն» ռադիոկայանի մեկնաբան Էնդի Հեյլի փոխանցմամբ՝ «Եվրատեսիլը փորձում է ուշքի գալ ադրբեջանական մղձավանջից հետո»։
Մրցույթը տեղի է ունենում ամեն տարի, դրա եզրափակիչին մասնակցում է երկուևկես տասնյակ երկիր։ Հեռուստադիտողների թիվը հասնում է 125 միլիոնի։ Դա տպավորիչ ցուցանիշ է և վկայում է մրցույթի հեղինակության մասին, թեպետ ամեն տարի մեկնաբանները մրցույթը քննադատում են չափազանց քաղաքականացված բնույթի և ցածրաճաշակ երգերի համար։
Հաղթողների ընտրության կեսը վերապահվում է ժյուրիին, կեսն էլ՝ հեռուստադիտողներին, ովքեր քվեարկում են SMS-ներով և հեռախոսազանգերով։
Եվրոպայի հեռարձակողների միությունը հետաքննում է Ադրբեջանին վերաբերող հաղորդագրությունները և այդ ընթացքում արդեն որոշակի փոփոխություններ է մտցրել։
Որևէ պետությունից ազգային ժյուրիի հինգ անդամների անունները կիսաեզրափակիչներից առաջ կհրապարակվեն։ Այդ մարդիկ են տնօրինելու իրենց երկրում ձայների կեսը։ Իսկ եզրափակիչից անմիջապես հետո կհրապարակվի նաև նրանց վարկանիշը։
Բացի այդ, նույն անձը այլևս չի ունենա տարիներ շարունակ ժյուրիի անդամ լինելու հնարավորություն։
Կան հաղորդագրություններ, որոնց համաձայն՝ փոքր Մալթան Ադրբեջանին է տվել իր բոլոր 12 միավորները, ինչի դիմաց ադրբեջանական կողմը «կլորիկ գումար է վճարել»։ Պաշտոնական Բաքուն, բնականաբար, հերքում է այդ մեղադրանքը։
Այս տարի էլ տարօրինակ բան է պատահել. Շվեդիայում տեղի ունեցած մրցույթի ընթացքում, ըստ ադրբեջանցիների, իրենց քվեների առնվազն 10 տոկոսը տրվել է Ռուսաստանին, սակայն դրանք անհետացել են։ Ադրբեջանի պետական հեռուստաընկերության ղեկավար Քամիլ Գուլիևը քվեների անհետացման մեխանիզմի մասին չի խոսել, բայց ընդունել է, որ բուն փաստը կարող է վնաս հասցնել երկրի ազգային շահերին։
Ի դեպ, այս մրցույթում Ադրբեջանի աջակցությունը մշտապես վայելող Թուրքիան հետաքրքիր քայլի է դիմել՝ հայտարարելով, որ հաշվի է առնում Եվրատեսիլին բնորոշ անարդարությունը և մրցույթին այլևս չի մասնակցում։ Ավելին, Թուրքիան ստեղծում է իր մրցույթը` «Թյուրքատեսիլ»-ը, որին կմասնակցեն թյուրքալեզու քսան երկրների կատարողներ։
Առաջին այդպիսի մրցույթը տեղի կունենա այս տարվա դեկտեմբերին Էսքիշեհիրում։ Այդ մրցույթին, ամենայն հավանականությամբ, կմիանա նաև Ադրբեջանը։ Արդյոք այդ երկիրը նորից կհամարձակվի կիրառել ձայներ գնելու մարտավարությունը՝ այդ մասին, հավանաբար, տեղեկություններ կհաղորդվեն դեկտեմբերին։
Արմեն Քոլոյան