Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ՝ միջադեպից. ՌԴ սահմանապահները ներողություն են խնդրել Զարուհի Փոստանջյանից

Սեպտեմբեր 26,2013 01:19

Պատգամավորը 3 պահանջ է ներկայացրել եւ առաջին հերթին հորդորել է ներողություն խնդրել պաշտոնապես

Մի քանի րոպե առաջ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ կուսակցության ներկայացուցիչների առաջ փակված Մեղրի-Երեւան ավտոճանապարհը վերջապես ռուս սահմանապահները բացել են, եւ այս պահին տիկին Փոստանջյանը շարժվում է դեպի մայրաքաղաք:

Նա Aravot.am-ի հետ զրույցում նոր մանրամասներ պատմեց իրենց հետ կատարված միջադեպից: Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ Մեղրիից վերադառնալու ճանապարհին կանգնեցրել էին «Ժառանգության» 2 մեքենաները եւ թույլ չէին տվել քարոզչության մեկնած թիմին ազատ տեղաշարժվել, կոտրել էին տեսախցիկը:

ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատար Միրզոեւը Զարուհի Փոստանջյանին դեպքի հետ կապված բացատրություններ է տվել. «Իրենք ասացին, որ ներողություն են խնդրում եւ պատրաստ են անմիջապես փոխհատուցել՝ մեր վնասված տեսախցիկի համար: Բայց մենք ասացինք, որ պետք է մեզանից առաջին հերթին միջադեպի համար պաշտոնապես ներողություն խնդրեն, երկրորդը՝ փոխհատուցում տրամադրեն՝ մեզ պատճառած վնասի համար եւ երրրորդը՝ պատասխանատվության կանչեն իրենց այն զինծառայողին, ով այդ պահին այդտեղ ծառայություն է  իրականացրել: Այս պահին մեր պահանջները այդ 3-ն են: Իրենք պետք է գործին պաշտոնական ընթացք տան, ոչ թե իրենց կողմից հնչեն բանավոր հայտարարություններ: Չնայած այդ պաշտոնատար անձինք իրենց բավականին կոռեկտ էին պահում եւ հասկանում էին այդ պահին, թե ինչ է տեղի ունեցել, եւ որ մեղավորությունը իրենց աշխատակցի վրա էր: Իրենք ընդունել են, որ սխալ են եղել: Հիմա մեր պահանջը պաշտոնապես ընթացք տալն է: Իրենք խոչընդոտել են մեր քարոզարշավը: Եթե մենք չասեինք, որ կդիմենք իրավապահ մարմիններին, չեմ բացառում, որ այդտեղ մեր նկատմամբ նաեւ բռնի ուժ էլ կկիրառվեր: Սա բռնության փորձ էր, բռնի ուժով ցանկանում էին տեսախցիկը վերցնել»:

Տիկին Փոստանջյանը վստահեցնում է, որ իրենց տեսախցիկիը կոտրողը եղել է հատուկ համազգեստով, որի վրա նշված է եղել՝ ФСБ. «Ես մոտեցա իրեն եւ ռուսերենով խնդրեցի պարզաբանում: Իրենք հաղորդակցվում էին ռուսերենով»:

Նշենք, որ այդ պահին տեսախցիկը եղել է Սյունիքի թիվ 38 ընտրատարածքի թեկնածու Սամվել Հայրապետյանի մամուլի խոսնակի՝ Դավիթ Հակոբյանի ձեռքում: Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ «Եթե մեր կողմից չլիներ պնդում,  որ մենք կբողոքենք, եւ հիմա մենք դիմում ենք նաեւ իրավապահ մարմիններին, նրանք պատրաստ էին մեր անձնակազմի նկատմամբ նաեւ բռնի ուժ կիրառել, եւ նույնիսկ չեմ բացառում, որ մեզ նաեւ մեկուսացնեին: Սպառնում էին, որ նկարահանելու համար մենք ձեզ պետք է մեկուսացնենք եւ սպառնում էին դատարան դիմել: Ես ասացի՝ դիմեք, դա միջպետական ճանապարհ է, ոչ թե սահման: Իրենք այնպիսի գործողություններ էին անում, որոնք միտված են անձի իրավունքները սահմանափակելուն, այսինքն՝ խուզարկություն, փաստաթղթերի ստուգում անձի ինքնության ճշտում»:

Զարուհի Փոստանջյանը նաեւ պատմեց, որ մինչեւ իրենց ճանապարհի վրա կանգնեցնելը իրենք արդեն ժամը 11-ի սահմաններում ճշտած են եղել, թե ովքեր են այդ մեքենաներում. «Մեզանից ցերեկը փաստաթուղթ են պահանջել, զեկուցել են իրենց վերադասին: Զեկույցից հետո մեզ ասացին՝ բաց թողեք նրանց, կարող են անցնել: Երկրորդ անգամ նորից ստուգում եղավ, մեքենայի խուզարկություն, ինքնության ստուգում: Իսկ երբ հիմնավորումներ խնդրեցինք իրենց գործողությունների համար, բախվեցինք այդպիսի խոչընդոտների: Եթե մենք բողոք չբարձրացնեինք, նրանք զինված էին ինքնաձիգով, եւ ես չեմ բացառում, որ մեր անձի հետ կապված ոտնձգություններ եւս տեղի ունենային»:

Մենք հետաքրքրվեցինք՝ այդ տարածքում հատուկ ռեժի՞մ էր սահմանված եւ ի՞նչ գործ ունեին ФСБ-ի աշխատակիցներն այդտեղ: Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Մեզ հետագայում բացատրեցին, որ իրենք օգնում են Հայաստանի իրավապահ մարմիններին գտնել այն անձին, ում կասկածում են թմրամիջոցների փոխադրման մեջ, ով փախուստ է ձեռնարկել: Նա արդեն իսկ ձերբակալված է եղել, տեղափոխել են դեպի Երեւան, բայց փախուստի է դիմել: Նա Իրանի քաղաքացի է, որը կասկածվում է թմրադեղերի տեղափոխման մեջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Մեր երկրում ռուս զինվորները մեր վրա ձեռք են բարձրացնում???Բա Սերժը ինչ ա ասում?Չլինի արդեն ռուսական զորքերքվ ա ուզում պաշտպանվի???

  2. Կարեն says:

    Հարգելի լրագրող և լրատվամիջոց,
    Դատապարտելով սահմանապահների գործողությունները, առավել ևս անձեռնամխելիության կարգավիճակ ունեցող ԱԺ պատգամավորի նկատմամբ, կուզենայի հիշեցնել, որ ռուսական սահմանապահ ծառայությունը Դաշնային անվտանգության ծառայության (ФСБ-ի) կառուցվածքային ստորաբաժանում է:
    Թե այս, թե թեմային առնչվող նախորդ նյութերում անվտանգության ծառայողի ներկայության պահով զարմանքը տեղին չէ:

  3. Maxim says:

    Թմրամիջոցների առք ու վաճառքի մեջ, թող ձերբակալեն՝ լիսկայի ողջ ազգ ու տակին, սպանությունների ու բռնաբարությունների նույնպես, հեռու գնալ պետք չէ: Պատկերացնենք որ
    Զարուհի Փոստանջյանի փոխարեն այդ տեղում հայտնվեր մեզանից որևէ մեկս, և ին՛չ զրպարտանքների ու դաժանությունների կենթարկվեր՝, պարկերով թմրամիջոցներ կհայտնաբերեին, և
    լիսկայի ողջ գերդաստանի հանցանքները բարդեին: Բայց դա չի նշանակում, որ միայն փառք տանք
    աստծուն, որ պատահմամբ մենք չենք հայտնվել այդ վայրում և բավարարվել այդքանով: Հարկավոր
    է հասկանալ, որ սա դեռ սկիզբն է, և մեզանից յուրաքանչյուրիս հետ կարող է պատահել, քանի որ այս նեխած, փտած ռեժիմը՝ լուրջ ճաք է տվել և հարտապես սեպտեմբերի 3-ից հետո, մարդամեկը իր
    գլխի ֆունկցիաները հանձնել է ՌՖ-ի ФСБ- ին, իսկ գլուխը վերցրել է իր իսկ նստատեղի դերը, այսինքն ժողովրդի լեզվով ասած՝ շողուլից լրիվ ընկել է: Ժողլվրդին հարկավոր է լուրջ մտածել նաև այս մասին, հատկապես, որ ծիրանի սեզոնը վաղուց վերջացել է:

  4. Felix says:

    Սրանք արդեն ավելի քան պարզ ասում են, որ էդ “անկախություն” և “ինքնիշխանություն” տերմինները հանկարծ լուրջ չընդունենք, քանի որ ընդամենը ցուցանակների փոփոխություն է տեղի ունեցել՝ ՀԽՍՀ-ն վերանվանվել է ՀՀ-ի, իսկ НКВД-ն՝ ФСБ-ի:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30