Սեպտեմբերի 25-ին Հյուսիսային պողոտայի և Աբովյան փողոցի հատման մասում «Սոցիալական ներգրավվածության և աջակցության կենտրոն հանուն հավասարության» հասարակական կազմակերպությունը իրականացրել էր ակցիա նվիրված Երևան քաղաքի անմատչելիության խնդրին:
Ակցիայի շրջանակներում կառուցվել է արկղերից պատ, որի վրա ամրացված են Երևանի անմատչելիությունը պատկերող նկարներ իրենց մեկնաբանություններով: Նաև ներկայացված է իրավիճակ, երբ անվասալյակին գամված հաշմանդամը փորձում է դուրս գալ տնից, բայց չի կարողանում, քանի որ աստիճաններ կան:
«Սոցիալական ներգրավվածության և աջակցության կենտրոն հանուն հավասարության» համահիմնադիր Լուսինե Սաղումյանի խոսքերով նույնիսկ թղթե արկղերից պատրաստված պատը սիմվոլիկ է.
«Թուղթը թեթև է, ավելի հեշտ է հեռացնել, քան քարը: Ուզում ենք ցույց տալ, որ անմատչելիությունը ավելի շատ թղթային խոչընդոտ է, որը ի հայտ է գալիս հաշմանդամություն ունեցող անձանց առջև, և քաղաքը շատ հեշտ կարելի է մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Նաև ուզում ենք իրազեկել, որ կա այս խնդիրը, քանի որ շատ հաճախ հաշմանդամություն ունեցող մարդկանց չենք տեսնում դրսում և մեզ թվում է, որ նմանատիպ մարդիկ չկան»:
Լուսինեն նշեց, որ ակցիայով կազմակերպությունը ուզում է ցույց տալ, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ կան Երևանում և ունեն իրենց իրավունքներից հավասար օգտվելու իրավունք: Ակցիայի հիմնական ուղերձը Երևանը և ամբողջ Հայաստանը հարմարեցնելն է հաշմանդամություն ունեցող անձանց համար.
«Մենք, իհարկե, մեր գործունեության ընթացքում նաև անդրադառնում ենք մատչելիության խնդրին և փորձում ենք առաջարկներով հանդես գալ քաղաքապետարանում: Ուզում ենք Երևանում այդ հարցին միասնական ուժերով ինչ-որ կերպ լուծում տալ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ