Վրացական արմատներով բրիտանացի երգչուհի Քեթի Մելուան իր նոր «Love is a Silent Thief» երգը նվիրել է Սերգեյ Փարաջանովին՝ տեսահոլովակում օգտագործելով հատվածներ Փարաջանովի ֆիլմից: Հայտնում է «Նովոստի Գրուզիա» լրատվականը:
«Այս տեսահոլովակը ես հավաքել եմ ձայնագրման ընկերությունում աշխատող Մայքլ Դյունի օգնությամբ՝ օգտագործելով կադրեր վրացահայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից», – ասված է երգչուհի պաշտոնական կայքում:
Տեսահոլովակը սկսվում է Քեթի Մելուայի երկտողով. «Նվիրվում է ռեժիսոր պարոն Փարաջանովին: Շնորհակալ եմ այս երգն ինձ ներշնչելու համար»: Հաջորդ երեք րոպեն երգը ուղեկցվում է Սայաթ-Նովայի մասին Փարաջանովի նկարահանած ֆիլմի հատվածներով:
«Այս երգն իր մեջ ներառում է սիրուց առաջացած հիասթափությունը, տանջանքները և կախվածությունը», – նշել է երգչուհին:
Կարդացեք նաև
«Love is a Silent Thief» (սերը լռակյաց գող է) երգը ներառվել է Մելուայի վեցերորդ ալբոմի մեջ, որը նա անվանել է իր ամբողջական անունով՝ «Քեթևան»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ