Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչու է գեներալ Իվանյանը ուզել գնդակահարել Սուրիկ Խաչատրյանին. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 25,2013 19:44

Aravot.am-ի հետ զրույցում Գորիսի՝ 1992-94 թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանն անդրադարձավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ռազմական հաջողություններին:

Նա վստահեցրեց, որ Սուրիկ Խաչատրյանը որեւէ մարտական գործողության չի մասնակցել եւ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգեւատրվել է «Մարտական խաչ» շքանշանով, որը հերոսներին են տալիս: Որպես ապացույց՝ նա ընդգծեց, որ դա միայն իր համոզմունքը չէ, այդպես են կարծում նաեւ 92-93 թթ․ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը, պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանը, Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, մի քանի գումարտակների հրամանատարներ, բազմաթիվ ազատամարտիկներ:

Ըստ Սամվել Հարությունյանի, Սուրիկ Խաչատրյանն ընդամենը 1 անգամ է դիրքեր գնացել. «Դա եղել է 94-ի սկզբներին՝ Հորադիզի մոտերքում: Առաջին իսկ կրակոցներից նա ճողոպրել է ճակատից՝ մի քանի հոգու հետ միասին՝ նախախուճապային տրամադրություն ստեղծելով ամբողջ ճակատում: Գեներալ-լեյտենանտ Իվանյանը կանգնել է դեմը՝ զենք հանելով, որպեսզի գնդակահարի նրան: Այսօրվա պաշտպանության նախարարության գեներալներից մեկը ցատկել է եւ բռնել Իվանյանի ձեռքը: Հիշեք 93-ի մարտ ամիսը, երբ գնում էր Շուռնուխ եւ առանց որեւէ ռազմական հետախուզության, Շուռնուխի ջոկատին ստիպում է անցնել մարտական գործողության: Կատարելով նրա հրահանգը՝ մարտական գործողություն են կատարում եւ ընդամենը 1 ժամ հետո աքցանի մեջ ընկնում: 7 հոգի սպանվեցին այդ օրը՝ այդ ջոկատի հրամանատար, Հալիձոր գյուղի բնակիչ Միշա Գրիգորյանը, Արամը, մյուսները, մի քանի հոգի վիրավորվեցին: Ահա նրա ռազմական հաջողությունները»:

Սամվել Հարությունյանի գնահատմամբ՝ Սուրիկ Խաչատրյանն ունեցել է ընդամենը 1 ռազմական հաջողություն. «93-ի փետրվարի 25-ին, երբ որ իր բանդայով մտել է Գորիսի քաղաքապետարանի շենք, 6-7 զենք դեմ տվել իմ ճակատին, ես քաղաքապետն էի, եւ փորձել հարկադրել, որպեսզի հրաժարական տամ ես, իմ տեղակալները: 1 օր քաղաքապետարանի շենքը գրավել է այդ բանդայի կողմից եւ որեւէ պատասխանատվության չի ենթարկվել նաեւ դրա համար, այնպես, ինչպես չի ենթարկվել հարյուրավոր ոճիրների համար: Ահա դա էր նրա ռազմական միակ հաջողությունը՝ անզեն քաղաքապետարանի շենքի գրավումը: Այս երկրում պարգեւ չի մնացել, որ ստացած չլինի: Մնացել է միայն ազգային հերոսի կոչումը, գուցե Սերժ Սարգսյանը դա՞ էլ է պատրաստվում տալ: Վերջերս ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն ասաց՝ Սերժ Սարգսյանը հո դուքան չունի՞, որ պետական պարգեւներ տա սրան-նրան: Ես հայտարարում եմ, որ Լիսկային ու նմաններին տված պետական պարգեւները, կոչումները իրենց անձնական դուքանից են ուղղակի տվել: Նրանք կապ չունեն հայ ժողովրդի եւ հայոց անկախ պետականության հետ»,- ասաց պարոն Հարությունյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    սերժի ազգային հերոսը հազիվ էլ լիսկան լինի:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30