Սեպտեմբերի 24-ին Բուենոս Այրեսի Հայ կենտրոնի «Սիրանույշ» սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին։
Ընդունելությանը ներկա էին Արգենտինայի Սենատի եւ պատգամավորների պալատի, Արտաքին գործերի եւ պաշտամունքի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, նահանգային և քաղաքային իշխանությունների անդամներ, դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների, կրթական, մշակութային եւ գործարար շրջանակների, արգենտինահայ համայնքի կառույցների եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ։
Իր ողջույնի խոսքում Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանն անդրադարձավ անկախության 22 տարիների ընթացքում Հայաստանի անցած ուղուն, ձեռքբերումներին եւ հայ-արգենտինյան հարաբերություններին։ Բարձր գնահատելով արգենտինահայ համայնքի դերակատարությունը երկկողմ կապերի զարգացման եւ ամրապնդման գործում` դեսպան Մելիքյանը վերստին իր երախտագիտությունը հայտնեց արգենտինյան իշխանություններին՝ 1915թ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչելու եւ դատապարտելու, ինչպես նաեւ այդ ոճրագործությունից փրկված հայորդիներին ապաստան տրամադրելու եւ ամենայն օժանդակություն ցուցաբերելու համար։ Նա ընդգծեց, որ այսօր առկա է հսկայական ներուժ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համար, եւ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի հասնել բավականին լուրջ հաջողությունների։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ