«Այսօր իմ տարեդարձն է, դարձել եմ 30 տարեկան, նկարներս նույնպես երեսունն են»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում իր աշխատանքների անհատական ցուցահանդեսի մասին նշեց գեղանկարիչ Տիգրան Հակոբյանը:
Նրա խոսքով արվեստանոցից դուրս բերված նկարները ցանկացել է յուրովի տեսնել, դրանք էքսպերիմենտների մեջ են, աբստրակտի ոճով: Ստեղծագործությունների շնորհիվ գեղանկարիչը իր ներքին աշխարհն է ի ցույց դրել, նկարչությունը ուրիշ կյանք է` ապրելու եւ ստեղծագործելու հնարավորությամբ.
«Նպատակային վերնագրեր չեմ դրել, քանզի ամեն մեկը յուրովի պետք է վերնագրի ու հասկանա նկարներս: Ժամանակի ընթացքում տրամադրությունից ելնելով գույներն էլ ինձ մոտ փոփոխվում են»:
Գեղանկարչի պնդմամբ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, միայն աշխատանքը ճիշտ դասավորելու եւ ծախսելու խնդիրն է: Օրինակ հենց իր մոտ վերջին մեկ տարում ժամանակ չի եղել հանգստանալու, անընդհատ աշխատել է եւ հասել արդյունքի: Երկրից դուրս` Մոսկվայում շատ է ցուցահանդեսներ ունեցել, կարծում է, որ հայ նկարիչներին սիրում եւ գնահատում են, մերոնք աչքի շատ են ընկել:
Կարդացեք նաև
«Արտե Վալե» ցուցասրահի տնօրեն Մեդեա Քամալյանի համոզմամբ իրենց սրահում միշտ ցուցադրվել են դասական վաստակավոր նկարիչների գործեր, սա առաջին անգամն է, երբ ցուցադրվում է երիտասարդ նկարչի ժամանակակից արվեստը:
Տիգրանի մայրը` Հասմիկ Սաղոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր տղան մեծ ձգտում ունի եւ պաշտում է նկարչությունը: Դեռ մանկուց Տիգրանը երազել է դառնալ նկարիչ ու միշտ բարձրաձայնել է այդ թեման: Նա նվիրված է իր գործին, իսկ նկարները հարազատ են մարդկանց.
«Տիգրանը համեստ, հանգիստ եւ զուսպ է: Նկարչությունն էլ կյանք է իր համար, առանց որի ապրել չի կարող»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ