«Արմավիա» ավիաընկերության մի խումբ նախկին աշխատակիցներ` բորտուղեկցորդներ, քիչ առաջ ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա էին անում. նրանք պահանջում են ավիաընկերության սեփականատիրոջը նախագահականից հանձնարարել, որպեսզի վերջիններիս մարտ եւ ապրիլ ամիսների աշխատավարձերը վճարվի: Սակայն, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրին ցուցարարները, նախագահի աշխատակազմի նամակների բաժնում նրանց այսօր ասացին, որ նախագահականը ոչ մի լծակ չունի ազդելու «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի վրա եւ ոչնչով չեն կարող օգնել ցուցարարներին. «Իրենք ասացին` Բաղդասարովը դրա իրավունքն ունի»:
Մանրամասն` տեսանյութում
«Արմավիայից» հրաժարվում են վճարել այս 2 ամսվա աշխատավարձերը, ավիաընկերության տնօրինությունը հրահանգ է ստացել Բաղդասարովից մոտ 20 բորտուղեկցորդների աշխատավարձերը չվճարել, քանի որ վերջիններս դիմել են դատարան` «Արմավիայից» պահանջելով իրենց աշխատավարձերի հետ հաշվարկել նաեւ օրապահիկները, ինչը մեծ գումար է կազմում` 500 հազարից մինչեւ մոտ 2 միլիոն դրամ.«Քանի որ ինքն է մեզ աշխատանքից ազատել, որպես կրճատված անձանց երկու ամսվա վճարվելիք աշխատավարձերը պետք է միջին դրույքաչափով հաշվարկեն, բայց նվազագույնով են հաշվում, միայն ակլադն են հաշվում»:
Կարդացեք նաև
«Մեզ Բաղդասարովը ձեռ է առնում: Նախագահականից են ասել` դիմեք դատարան, մենք էլ դիմել ենք, ու դրա համար Բաղդասարովը մեզ զրկեց աշխատավարձերից»,-ասաց «Արմավիայի» նախկին բորտուղեկցորդուհի Կրիստինա Մկրտչյանը: Նրանք նաեւ մտահոգված են` թե ինչո՞ւ կառավարությունը լուծարեց աշխատանքի պետական տեսչությունը. սա միակ կառույցն էր, որը զբաղվում էր «Արմավիայի» նախկին աշխատակիցների աշխատավարձերի վճարման խնդրով, իսկ հիմա, ինչպես ասացին ցուցարարները` «գործը փակվեց», տեսչությունը լուծարեցին` «Արմավիայի» գլխացավանքից էլ պրծան:
«Արմավիայի» նախկին աշխատակիցների նկատմամբ նախագահականի եւ կառավարության նման արհամարհական վերաբերմունքը, բորտուղեկցորդները կապում են նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի մտերմությամբ. «Մենք տեղյակ ենք, որ իրենք միասին նույն ինքնաթիռով թռել են, տեղյակ ենք, որ ընկերներ են, ենթադրում ենք, որ դա է պատճառը մեզ հետ նման վերաբերմունքի»:
Ավիաընկերության նախկին աշխատակիցները պնդում են, եթե խնդիրը չլուծվի, Մարդու իրավունքների եվրոպական դատարան են դիմելու. մինչ այդ պատրաստվում են դիմել ԱՄՆ դեսպանատուն, որպեսզի միջազգային հանրությունն էլ տեղյակ լինի եւ տեսնեն` կա՞ Հայաստանում ժողովրդավարություն, թե` ոչ. «Ապաստան ենք խնդրելու այլ երկրներից: Մի անգամ, երբ «Արմավիայի» տնօրինությանն ասացինք` դուք մեզ ապօրինի եք գործից ազատում, ասացին` դե դուք չգիտե՞ք ինչ երկրում եք ապրում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ