Իր ծննդյան օրը յուրահատուկ կերպ է որոշել նշել նկարիչ Տիգրան Հակոբյանը: «Արտե Վալե» արվեստի սրահում այսօր՝ սեպտեմբերի 25-ին, բացվեց նրա անհատական ցուցահանդեսը: «Որոշել էի 30-ամյակս առանձնահատուկ նշել, և ստացվեց, սա դարձավ իմ կյանքի ամենալավ տարեդարձը», – ասաց Տիգրանը: Ներկայացված էին շուրջ 30-ից ավելի աշխատանքներ: Թեև ցուցահանդեսը խորագիր չուներ, բայց գրավել էր շատերի ուշադրությունը. «Իմ լավագույն աշխատանքներն են ներկայացված, որոնցից ամեն մեկը մյուսից տարբեր է, և ի վերջո հասկացա, որ պարտադիր չէ, որ ցուցահանդեսը խորագիր ունենա, – նշեց նա, – ուզում էի աշխատանքներս հանրությանը ներկայացնել ու կարծիքներ լսել, որոնք շատ կարևորն են ինձ համար»: Տիգրանը նկարել սկսել է վաղ տարիքից, սկզբում սիրողական, այնուհետև որոշել է ընդունվել Գեղարվեստի ակադեմիա ու խորացնել գիտելիքները: Ինչպես նշեց նկարիչը, ցուցահանդեսներ դեռ շատ կունենա. «Խմբակային ցուցահանդեսների շատ եմ մասնակցել, իսկ սա իմ առաջին անհատականն է: Չեմ կարող ասել՝ երբ, բայց շարունակություն հաստատ կլինի»:
Ցուցահանդեսին ներկա էին ինչպես Տիգրանի աշխատանքների սիրահարները, այնպես էլ ընկերներն ու հարազատները: «Ինքս էլ նկարչուհի եմ, և Տիգրանն իր խորհուրդներով ինձ շատ է օգնում, – ասաց Տիգրանի քույրը՝ Հռիփսիմեն, – երբ նկարում եմ առաջինը նրան եմ ցույց տալիս, ճիշտ է, խիստ է դատում, բայց կարծում եմ այդպես է պետք»: Հռիփսիմեյի խոսքով Տիգրանը միշտ է սիրել նկարել. «Անգամ երբ դեռ շատ փոքր էր փակվում էր սենյակում ու ասում, որ իրեն ոչ ոք չխանգարի, նկարում է»:
Տիգրանուհի Թասլակյան