Սեպտեմբերի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնին նվիրված մամուլի ասուլիս, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը, համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը, ինչպես նաև կոմիտասագետներ և փառատոնի սփյուռքյան մասնակիցներ:
Հրանուշ Հակոբյանն իր խոսքում նշեց, որ փառատոնը նպատակ ունի նորովի արժևորել բազմաշնորհ հանճարի` երաժշտագետի, բանահավաքի, երգչի, խմբավարի, մանկավարժի ու բանաստեղծի, հայ ազգային կոմպոզիտորական դպրոցը հիմնադրողի անցած ուղին, նոր լույսի ներքո ներկայացնել Հայոց ցեղասպանությունը վերապրած արվեստագետի կերպարը:
Փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը ներկայացրեց փառատոնի ծրագիրը: Այն կմեկնարկի Կոմիտասի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին և կտևի մինչև հոկտեմբերի 3-ը: Փառատոնի շրջանակներում նախատեսվում է Կոմիտասի կյանքին և գործունեությանը նվիրված նկարազարդ գրքի և ձայնասկավառակի շնորհանդես, հեռուստաֆիլմի ցուցադրություն, կոմիտասյան ստեղծագործությունների կատարումներ: Միջոցառումները տեղի կունենան Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Էջմիածնում:
Փառատոնի աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է գեղարվեստական խորհուրդ, որի անդամներ են ՀՀ ժողովրդական արտիստներ Տիգրան Մանսուրյանը, Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը, փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը և ոլորտի այլ մասնագետներ:
Փառատոնին կմասնակցի շուրջ 150 երգչախումբ սփյուռքահայ և այլազգի կատարողներ` աշխարհի 11 երկրից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ