Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի երկրում, որտեղ կենդանիներին վատ են վերաբերվում, մարդկանց վիճակը այդպես էլ չի լավանալու»

Սեպտեմբեր 25,2013 17:23

 Երևանում թափառող կենդանիների խնդիրը շարունակում է մնալ արդիական. քաղաքացիները շարունակում են իրենց բողոքները հայտնել այն մասին, որ որոշակի եղանակին ակտիվանում է կատաղած թափառող կենդանիների թվաքանակը, կենդանասերներն էլ իրենց հերթին ահազանգում են, որ կենդանիների կատաղությունը պայմանավորված է զուտ սոված լինելու հետ, և հարկ չկա այլ ուժ կիրառել։

Երևանի քաղաքապետարանի կողմից լիազորված միակ կազմակերպությունը, որը 2006-ից ստերիլացնում կամ ոչնչացնում է թափառող շներին, «Յունիգրաֆ իքս» կազմակերպությունն է: Ըստ կազմակերպության տրամադրած պաշտոնական տվյալների՝ 2006-2010 թվականներին ստերջացվել է 35 հազարից ավելի թափառող շուն, ոչնչացվել կամ քնեցվել են մոտ 90 հազարը։

Այս առիթով «Դինգո կամավորների թիմը», որը զբաղվում է կենդանիների իրավունքների պաշտպանությամբ,  բազմաթիվ բողոք-նամակներ է հղել քաղաքապետին, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան։
«Առավոտ Երիտասարդականը» խոսել է «Դինգո կամավորների թիմի» հիմնադիր Օվսաննա Հովսեփյանի հետ, և փորձել է պարզել թե ինչ հիմնախնդիրներ և հնարավոր լուծումներ է տեսնում նա կենդանիների իրավունքների ոլորտում։

Օվսաննան կենդանիների պաշտպանությամբ սկսել է զբաղվել դեռ փոքրուց, երբ փողոցից տուն էր բերում բազմաթիվ կենդանիների, պահում, առողջացնում և բաց թողնում։ 2008 թվականին նա հանդիպում է Նունե Մեհրաբյանին, և նրանք միասին այցելում են «Փրկենք կենդանիներին» կացարան, որտեղ էլ հասկանում է, թե որքան բան ունի այդ ասպարեզում անելու։ «Սկսեցի կամավոր հիմունքներով օգնել կացարանին՝ կազմակերպելով դրամահավաքներ և սննդահավաքներ կացարանի կենդանիների համար», — ասում է Օվսաննան և հավելում, որ ժամանակի հետ  սկսում էր հասկանալ, որ կացարանը շատ սահմանափակ է ֆիզիկական տեղի տեսակետից, ու դրսի կենդանիները նույնպես ունեն օգնության կարիք։ Սկսում է մշակել մի մեխանիզմ, որի դեպքում հեշտ տերեր կգտներ իր տանը ապաստան գտած կենդանիների համար։ «Սկզբից ստեղծեցի ալբոմ սեփական էջումս, հետո՝ որդեգրման էջ, ավելի ուշ՝ կենդանասեր կամավորների խումբ, որից հետո էլ խմբի ակտիվ անդամներ Աննա Ժամհարյանի և Սամվել Գրիգորյանի հետ միասին ստեղծեցինք Դինգո Թիմը», — ասում է նա։483693_10151340780158244_1140862940_n (1)

Ըստ Օվսաննայի՝ կենդանիների իրավունքների պաշտպանության ոլորտը շատ բաց և աչքաթող արված ոլորտ է, և այդ պատճառով այդտեղ խնդիրները շատ-շատ են։ Ամենամեծ խնդիրը, ըստ նրա, մարդկանց՝ «մարդկանց թողած կեդանիների հետևից եք ընկել» հոգեբանական մոտեցումն է այդ հարցին։ «Քանի որ մարդիկ չեն հասկանում, որ այս կյանքում ամեն ինչ փոխկապակցված է, ու մի երկրում, որտեղ կենդանիներին վատ են վերաբերում, մարդկանց վիճակը այդպես էլ չի լավանալու։ Ուզում եմ նշել Գանդիի խոսքերը «Ազգի մեծությունը չափվում է նրանով, թե որքանով են այնտեղ պաշտպանված կենդանիները», — ասում է նա և ավելացնում, որ պատահական չէ, որ որքան երկիրը հետամնաց է, այնքան այնտեղ ավելի վատ են վերաբերվում կենդանիներին։

Այն հարցին, թե ըստ Օվսաննայի՝ ինչո՞ւ կենդանիների սպանդն արգելող օրենք չկա և ի՞նչ քայլերի պետք է դիմել հարցի կարգավորման և օրենքի՝ իրավական ուժ ստանալու համար, նա պատասխանեց. «Օրենք չկա, բայց շուտով կլինի։ Մենք արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ և օրենքի նախագիծն արդեն ներկայացրել ենք Ազգային Ժողով։ Հիմա այն մշակման գործընթացի մեջ է։ Այնպես որ այդ մեծ ու կարևոր բացը շուտով կլրացվի, ու մենք չենք թողնի, որ այդ օրենքը մնա թղթի վրա։ Մենք այն հնարավորինս կաշխատեցնենք»։

«Դինգո կամավորների թիմի» ջանքերով բազմաթիվ թափառական կենդանիներ իրենց տանիքն են ունենում ոչ միայն հենց թիմի կացարանում, այլև այն մարդկանց մոտ, ովքեր ցանկություն են հայտնում կենդանիներին որդեգրելու։404343_10150562518188244_448824994_n

«Փողոցում գտնվող շունը մեզ մոտ կարող է հայտնվել ամենատարբեր ճանապարհներով։ Լինում է, որ մեր կամավորներն (ովքեր շատ են — Օվսաննա) են գրում մեզ այդ մասին, լինում են դեպքեր, երբ հենց մեր քաղաքացիներն են գրում մեր ֆեյսբուքյան էջին, — ասում է նա, — ուղղակի թե՛ մարդկային և թե՛ ֆինանսական ռեսուրսների պակասի պատճառով հատուկ հեռախոսահամար չունենք։ Ցավոք սրտի, ամեն ահազանգին հասնել չենք կարողանում, բայց փրձում ենք որքան հնարավոր է շատ կենդանիների օգնել մեր հնարավորության սահմաններում։ Սակայն հույս ունեմ, որ շուտով կունենանք և ցանկացած քաղաքացի կարող է թեկուզ դրսում մեկ շուն տեսնելուն պես կապնվել մեզ հետ, և ես խոստանում եմ, որ այդ շունը կհայտնվի վստահելի ձեռքերում»։

Դաթո Աբուլաձե

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30