Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը վստահ է, որ այդ ժամանակը գալու է:
74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը Բուդապեշտում կայացած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում կրկին չկարողացավ հաղթել ռուսաստանցի Ռոման Վլասովին:
Այսօր «Հայելի» մամուլի ակումբում Լեւոն Ջուլֆալակյանն անդրադարձավ նաեւ այդ խնդրին: «Արսենը Բուդապեշտում շատ լավ է մասնակցել: Ինչ մնում է Վլասովի հետ գոտեմարտին, այդ ժամանակ էլ նա շատ լավ հանդես եկավ: Արսենը պարտվեց տակտիկական սխալի պատճառով: Զգացվում էր հայ ըմբիշի առավելությունն ու ակտիվությունը, բայց, կրկնում եմ, նա տակտիկական սխալ թույլ տվեց: Ստացվում է, որ նրանց միջեւ վերջին հանդիպումներում հաղթանակը Վլասովինն է լինում: Բայց ասեմ, որ երկուսն էլ արժանի, լուրջ ու հավասարազոր մրցակիցներ են: Վլասովը Արսեն Ջուլֆալակյանին է լուրջ մրցակից համարում, Արսենը` Ռոման Վլասովին: Նրանք հավասարազոր մրցակիցներ են եւ ինչ- որ տեղ պահն է դեր խաղում, ինչը հաղթահարել Արսենի մոտ առայժմ չի ստացվում: Մենք Վլասովին հաղթելու բանալին դեռ չենք գտել: Բայց վստահ եմ` անհնարին ոչինչ չկա: Մենք` մարզիչներս, եւ Արսենը համոզված ենք, որ կգա ժամանակը եւ մենք կհաղթենք»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ