Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ սրբազանը՝ եպիսկոպոսաց ժողովի մասին. «Կնճռոտ» հարցեր չեն շոշափվել

Սեպտեմբեր 25,2013 16:39

Aravot.am-ը Բագրատ եպիսկոպոս Գալստանյանից հետաքրքրվեց, թե ինչպիսի տպավորություն ունի սեպտեմբերի 24-ից մեկնարկած Հայ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովից: «Երկրորդ օրն է, որ եպիսկոպոսաց ժողովը երկու հայրապետների օրհնության եւ հովանավորության ներքո գումարվել է Մայր աթոռում: Երեկ ամբողջ օրը նվիրվեց Հայոց ցեղասպանության նահատակներ սրբադասման կարգի հաստատման քննարկմանը: Այսօր առավոտվանից քննարկվում է մկրտության կարգի կամ ծեսի խորհուրդը, համապատասխան ավանդության շարունակություն ունենալու մտահոգությամբ եւ սկզբունքով: Շատ աշխույժ քննարկումներ են, ժողովական լավ մթնոլորտ»,-ասաց Բագրատ սրբազանը:

Նա հավելեց, որ մեծ ծավալի աշխատանք է տարված թե ժողովի պատրաստման եւ թե քննարկումների համար, ու ինքը հույս ունի, որ այս օրերին եպիսկոպոսաց ժողովն իր առաքելությունը կկատարի եւ որոշումներ կկայացվի այդ հարցերի վերաբերյալ:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ այս երկու օրերին շոշափվե՞լ են «կնճռոտ» հարցեր: «Կնճռոտ» հարցեր չեն շոշափվել, քննարկվել են միայն այդ երկու հարցերը: Ամսի 27-ին երկու զեկուցում է նախատեսված՝ Օշական սրբազան Չոլոյանի եւ իմ: Թեման լինելու է այսօրվա հայ եկեղեցին՝ ժամանակակից մարտահրավերների առջեւ եւ քննարկվելու են թե Սփյուռքում, թե Հայաստանում ընդհանրապես այսօրվա իրականության մեջ եղած մարտահրավերները: Ինչպե՞ս է հայ եկեղեցին պատրաստվում դիմագրավել, կեցվածք արտահայտել դրա վերաբերյալ»,-հայտնեց սրբազանը:

Անդրադառնալով եպիսկոպոսաց ժողովի բացմանը հնչած Ամենայն հայոց վեհափառ հայրապետի խոսքին  հոգեւորականը այն որակեց ուղենշային՝ մարտահրավերների նկատմամբ ունեցած վերաբերմունքի իմաստով: Նաեւ հույս հայտնեց, որ ամսի 27-ի քննարկումների ժամանակ լուծումներ կառաջարկվեն եւ դրանք նյութ կդառնան գալիք եպիսկոպոսաց ժողովի համար:

Հավելենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի տանն Կիլիկիո վեհափառ հայրապետն էլ եպիսկոպոսաց ժողովի ժամանակ կոչ էր արել եկեղեցու վերքերը ճիշտ տեսնելու եւ ցավերը ճիշտ զգալու քաջություն ունենալ, քանի որ, ըստ նրա, հաջողության գրավականը նաեւ ինքնաքննադատությունն է ու նրա ձեւակերպմամբ, «Հայ եկեղեցւոյ ծիսական կեանքէն ներս խոր արմատներ նետած թերութիւններու սրբագրումը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30