Վերջին ամիսներին հասարակական մեծ աղմուկի տեղիք տված հայտնի «գենդերային օրենքի» ընդունումը, որին հետևեցին «այլասերված Եվրոպայի» մասին բազմաթիվ քննարկումները, տեսանյութերի և աղավաղված տեղեկությունների տարածումը, ըստ որոշ վերլուծաբանների և մարդու իրավունքների պաշտպանների՝ կազմակերպված, նախապատրաստված փիար էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Հայաստանի Մաքսային միությանը միանալու հայտարարությունից առաջ ցույց տալու համար Ռուսաստանի «առավելությունները» և Արևմուտքի փչացած լինելը:
«Իշխանությունները ցանկացած հարց կարող են նման փոխակերպման ենթարկել, հող նախապատրաստել գործողությունների համար, և այս դեպքում ևս հնարավոր է, որ աշխատեց հենց այդ սցենարը»,- «Մեդիալաբին» ասում է անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը:
Սակայն այս ամենը կատարյալ անհեթեթություն է որակում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Դա անհեթեթություն է, գենդերային այդ օրենքը որևէ կապ չունի և կապ էլ չի ունեցել դիվանագիտության հետ,- «Մեդիալաբին» ասում է Սահակյանը: – Եթե որոշ երկրներում նման դեպքերն արտահայտված են քաղաքականության մեջ, այդպիսի երևույթներ Հայաստանում չեն լինի, դա ո՛չ թող կապեն Եվրոպայի հետ, ո՛չ դիվանագիտության հետ, ո՛չ Ռուսաստանի հետ, ո՛չ էլ աշխարհի հետ»:
«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը, որը ստացավ «գենդերային օրենք» անվանումը, ՀՀ Ազգային ժողովն ընդունեց մայիսի վերջին, իսկ հունիսի 11-ին վավերացվեց ՀՀ նախագահի կողմից:
Թեև օրենքում հստակ նշված է, որ օրենքի նպատակը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովումն է, կանանց և տղամարդկանց իրավական պաշտպանությունը գենդերային խտրականությունից, այնուամենայնիվ սկիզբ առած բուռն քննարկումները և հայտարարությունները շարունակաբար փորձում էին մարդկանց «հասցնել», որ օրենքով ի դեմս Եվրոպայի Հայաստան են մտնում այլասերվածությունը, միասեռականությունը:
«Ես թքել եմ Եվրոպայի վրա: Նրանք ուզում են իրենց այլասերվածությունը տարածել ամենուր, որպեսզի վերացնեն ազգերն ու պետություններն ու ստեղծեն մի համասեռ և համասեռամոլ մի զանգված, որին ինչպես ուզեն` կառավարեն: Բայց մեզ մոտ դա նրանց չի հաջողվի»,- «Ֆեյսբուքում» գրում է ընդդեմ օրենքի և հայ ընտանիքի բարօրության և պահպանման համար ստեղծված հայտնի «Համահայկական ծնողական կոմիտե» խմբի, որը մոտ 9 հազար անդամ ունի, անդամներից մեկը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ