Սեպտեմբերի 24-ին Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպել էր ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 22-ամյակին:
Բացման խոսքով հանդես եկավ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ա. Պապիկյանը, ով ընդգծեց, որ Հայաստանն անկախացումից հետո առաջին անգամ ստանձնել է Եվրոպայի խորհրդի պես կազմակերպության նախագահությունը, ինչը յուրովի վկայում է կայացած պետականության մասին։ Ժողովրդավարության անշրջելի ուղին բռնած հայ հանրության 22-ամյա անկախության ձեռքբերումներից է նաեւ այն, որ այսօր Հայաստանն ի վիճակի է իր ներդրումն ունենալ եվրոպական արժեքային համակարգի հետագա զարգացման ու ամրապնդման ընդհանուր ջանքերում եւ նպաստել համաեվրոպական կարեւորություն ունեցող խնդիրների լուծմանը։
Ընդունելությանը մասնակցեցին Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, Ստրասբուրգի տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ