«Խչոն (Խաչիկ Ավետիսյանը) օրենքից է խոսում, ես զարմանում եմ այդ սպա կոչվածի ցինիկության վրա: Նա գումարտակի հրամանատար եղած ժամանակ թալանել է բանակից 12 մլն դրամ, որի համար դատապարտվել է 5 տարի ազատազրկման, իսկ գումարը ներկայումս բռնագանձվում է նրա թոշակից, որպեսզի վերականգնվի բանակից գողացածը: Այդքանից հետո նա հայկական բանակի սպայի համազգեստով հացադուլի է նստում, մամուլով ելույթներ է ունենում, եւ հեգնանքով խոսում այն ազատամարտիկ սպայի մասին, որն առաջինը համարձակվեց բարձրացնել ազատամարտիկների, բանակից զորացրված սպաների ծանր սոցիալական վիճակի մասին եւ ներկայումս դրա համար ինքը հատուցում է իր սեփական ազատությամբ՝ գտնվելով բանտում»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանի հայտարարություններին այսպես պատասխանեց ազատամարտիկ, փոխգնդապետ Սամվել Մկրտչյանը:
Խաչիկ Ավետիսյանը քննադատել էր սոցիալական խնդիրներ բարձրացնող ազատամարտիկներին եւ հայտարարել, որ իրենց խմբից ոչ ոք ի պաշտպանություն կալանավորված գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի նստացույցին չի միանա: Ըստ Խաչիկ Ավետիսյանի, «Յուրաքանչյուր մարդ սխալական է, ես էլ կարող եմ իմ կարծիքի մեջ սխալվել…ի՞նչ կապ ունի ազատամարտիկ է, թե օլիգարխ է եղել հանցագործություն կատարողը: Լիսկային էլ էին ազատամարտիկ համարում, հետո՞, կանգնեին մեզ ասեին, ինչո՞ւ նստացույց կամ հացադուլ չեք անում Լիսկային արդարացնելու համար: Էդպես չէ»:
Սամվել Մկրտչյանի խոսքերով՝ «Ես անձամբ խիստ կասկածում եմ Խչոյի՝ պատերազմի մասնակցության վրա: Հակված եմ այն տեսակետին, որ նա այդ բանակից թալանած գումարներով է գնել իր պետական պարգեւները: Թող նա եւ Սուրիկը՝ Սուրիկ Սարգսյանը, ապացուցեն, որ եղել են մարտի դաշտում, կռվել են առաջին գծում եւ տեսել են գեթ մի կենդանի թուրք զինվորի: Դուք պիտի կանգնեիք երիտասարդ ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ, ինչո՞ւ մինչեւ հիմա այդպես էլ չերեւացիք: Դուք աշխարհազոր եք հավաքում, ո՞ւր է ձեր հավաքածը, երեւի թուրքական բանակը ջարդելով՝ մտել է արդեն Բաքո՞ւ: Դուք միայն զբաղված եք դատարկախոսությամբ, չարախոսությամբ եւ դյուրահավատ մարդկանց խաբելով»,-դիմելով իրենց քննադատող փոխգնդապետին՝ ասաց ազատամարտիկը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ