ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանն անդամակցելու` սեպտեմբերի 3-ի որոշումից հետո իշխանական թևից հնչում էին կարծիքներ, թե այս միությանն անդամակցելը նշանակում է ՀՀ անկախության, ինքնիշխանության կորուստ: Հիմա կարծես թե իրավիճակը փոխվում է` հատկապես հաշվի առնելով ՀՀԿ որոշ անդամների հայտարարությունները: Օրինակ` ՀՀԿ անդամ Ռաֆիկ Պետրոսյանը հարցի վերաբերյալ այսպես է արտահայտվել. «Մենք պետք է պահպանենք մեր անկախությունը, բայց ընդհանուր հարցեր լուծելու համար անկախության որոշ մասեր, որոշ ատրիբուտներ կարող ենք զիջել…»:
Aravot.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Մաքսային միության անդամակցմանը կողմնակից Խոսրով Հարությունյանից հետաքրքրվեց ` ինքն է՞լ է իր այդ կարծիքին: Պարոն Հարությունյանը պատասխանեց. «Մի քիչ կոշտ է ասված անկախության որոշ ատրիբուտներ…չեմ կարծում, որ Եվրամիության անդամ երկրները էապես զրկված են իրենց անկախությունն իրացնելու հնարավորությունից: Մաքսային միության պարագայում տնտեսական իշխանության որոշ լիազորություններ վերազգային կառույցներին պատվիրակելու մասին է խոսքը: Բայց դա չի նշանակում, որ մենք ընդհանրապես կորցնում ենք մեր անկախությունը, զրկվում մեր ներքին կյանքը կազմակերպելու առումով քաղաքական որոշումներ կայացնելու անկախությունից, կամ որ մենք չենք կարող ինքնուրույն արտաքին քաղաքական կապեր հաստատել: Մեզ ոչ ոք չի խանգարում այլ պետությունների հետ ինքնուրույն տնտեսական և քաղաքական հարաբերություններ հաստատել»:
Պարոն Հարությունյանն այն կարծիքին է, որ «մենք չենք կարող օգտվել ու ոչ մի բան չտալ»:
Այնուհետև ՀՀԿ խմբակցության պատգամավորը շարունակեց. «Տնտեսական իշխանության որոշ լիազորություններ մենք ստիպված կլինենք պատվիրակել Մաքսային միությանը: Եթե Մաքսային միությունը մեր տնտեսության համար շուրջ 250 միլիոնանոց սպառողական շուկա է տրամադրում, ապա դա օգտակա՞ր է, թե` ոչ»:
Փորձեցինք հստակեցնել, թե պարոն Հարությունյանը և՞ս զարգացնում է զիջումների գնալու թեզը, մասնավորապես անկախության, ինքնիշխանության, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Դա իրականությունն է, բայց ոչ անկախության, ոչ էլ ինքնիշխանության, այլ տնտեսական իշխանություն իրականացնելու որոշ լիազորություններ: Սակայն այն որոշումները, թե մեր ներսում ինչը զարգացնենք, ինչը` ոչ, կամ ինչպես զարգացնենք, որոնք տնտեսական իշխանության ատրիբուտիկա են, մենք որևէ մեկին չենք զիջելու»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ