Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի թվով 38 դատապարտյալներ դիմել են մեր լրատվամիջոցին: Նրանց մեջ է Ռուբեն Ամատունին, որն ունի երկու խրախուսանք, տույժ չունի, դիմել է պայմանական վաղաժամկետ ազատվելու խնդրանքով, մերժվել է անկախ հանձնաժողովի կողմից 1 անգամ:
Դատապարտյալ Ռաֆիկ Այվազյանը 10 անգամ է մերժվել, Աշոտ Անտոնյանը՝ 2 անգամ, ինսուլտով հիվանդ Հարություն Գալոյանը 3 անգամ էր մերժվել, կալանքի տարիներին ստացել է անբուժելի հիվանդություններ, Վարուժան Եղիազարյանը 2 անգամ է մերժվել, որից մեկը անկախ հանձնաժողովի կողմից: Արտաշես Շուխյանը, որն աշխատում է հագուստի պահասենյակում, մերժվել է 11 անգամ:
Պետրոս Խոջոյանը 7 անգամ էր մերժվել: Այս անունները կարելի է շարունակել, մեր տրամադրության տակ են բոլոր 38 մերժվածների տվյալները:
Դատապարտյալները բարձրացնում են պայմանական վաղաժամկետ ազատվելու հարցը, հայտնելով, որ տարիներ շարունակ իրենք դրսեւորել են դրական վարքագիծ, ստացել են դրական բնութագրեր վարչակազմի կողմից, խրախուսվել են, թույլ չեն տվել կարգապահական խախտումներ:
Կարդացեք նաև
«Ըստ հանցագործության հոդվածի ծանրությամբ նախատեսված ժամկետի, մեր պատիժը պետք է փոխարինվի ավելի մեղմ պատժատեսակով կամ կիրառվի պայմանական վաղաժամկետ ազատում: Մենք իրազեկում ենք Ձեզ, որ Ձեր միջոցով ողջ հանրությանը, որ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում տիրող աբսուրդ իրավիճակը հետեւանք է օրենքների շրջանցման, անտեսման, կամ ուղղակիորեն ոտնահարման՝ կապված պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու եւ վաղաժամկետ ազատման գորդյան հանգույցի հետ»:
Դատապարտյալների գնահատմամբ՝ մասսայական մերժումները հիմնավորվում են «ներքին կարգով վերեւներից տրված բանավոր հրահանգների կտրուկ մեկնաբանմամբ»:
Նրանց մինչ օրս անհայտ է, թե ով է կամ ովքեր են այն պաշտոնատար անձինք, որոնք իրենց օրենքից վեր են դասում, հրահանգում են բանավոր կարգով իրականացնել դատապարտյալների անօրինական, զանգվածային մերժումները, որոնց հետեւանքով դատապարտյալների մեծ մասի մոտ նկատվում է հոգեկան շեղվածության ախտանիշներ, միաժամանակ, նրանց ընտանիքները յուրաքանչյուր անգամ ենթարկվում են բարոյահոգեբանական խոշտանգումների:
«Առավել անհասկանալի է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից 2006թ.-ի հրամանով ստեղծված եւ ներկա նախագահի կողմից «Անկախ հանձնաժողովի» գործելաոճը, վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու ուղղությամբ:
Հանձնաժողովի յուրաքանչյուր խմբում 8 անդամներից 6-ը ուժային կառույցների եւ գերատեսչությունների պաշտոնատար անձինք են կամ ղեկավարները, որոնք ճնշում են գործադրում վարչական հանձնաժողովների վրա, ստիպելով մերժումների մեծ մասը վերցնել իրենց վրա, թողնելով միայն տասը տոկոսը»,-ասում են նրանք:
Դատապարտյալները հիշեցնում են, որ իրենք ունեն իրավունքներ, մասնավորապես, առանց ուղեկցողի դատապարտյալներն իրավունք ունեն տարեկան երկու-երեք անգամ կարճաժամկետ մեկնման հնարավորություն, արտակարգ իրավիճակների կամ հարազատի, մերձավորի մահվան դեպքում առանց ուղեկցողի կարճաժամկետ մեկնելու հնարավորություն: Սոցիալապես անպաշտպան դատապարտյալների ընտանիքի անդամներն ունեն նյութական հատուցման իրավունք:
Սակայն որեւէ կենսական խնդիր պետությունը չի լուծում եւ դատապարտյալները հակված են մտածելու, որ իրենց թվաքանակի ավելացումը շահավետ աղբյուր է մի խումբ պաշտոնատար անձանց համար, որոնք դատապարտյալներին օգտագործում են, որպես թրաֆիքինգի առարկաներ հանդիսացող շրջանառու միջոցներ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ