Այսօր երկօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզ է ժամանելու երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, որի առաջին կանգառը կլինի Սիսիան քաղաքում: Այստեղ նախագահը կայցելի ՌԴ քաղաքացիներ Ալեքսանդր Շլեպովի, Արմեն Գալստյանի և Սիմակ Գյանջումյանի նախաձեռնությամբ Սիսիանում բացված «Ավալ-Թրեիդ» ՍՊԸ, որը 2013թ-ի ապրիլից զբաղվում է տրիկոտաժի արտադրատեսակների արտադրությամբ:
Ընկերությունում աշխատում է 90 աշխատակից, որից 77-ը կին է, իսկ այստեղ պատրաստված արտադրատեսակներն ամբողջովին արտահանվում են Ռուսաստանի Դաշնություն:
Այնուհետեւ նախագահը կմեկնի Գորիս ու կայցելի «Գորիսի Գամմա» ՍՊԸ: Այն հիմնվել է 1979 թ., ՀՀ Գիտությունների Ակադեմիայի Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի բազայի վրա։ Նախկին ԽՍՀՄ ՊՆ ռազմաարդյունաբերական համալիրի համար հատուկ տեխնիկայի արտադրության բնագավառում մասնագիտացված գործարանում այժմ գործում են մեխանիկական, հատուկ տեխնիկայի հավաքման, էլեկտրաշարժիչների հավաքման, օպտիկական արտադրամասեր և փորձարկումների լաբորատորիա։
Իսկ աշխատանքային այցի երկրորդ օրը նախագահը կանցկացնի Կապան եւ Քաջարան քաղաքներում: Քաջարանում նախագահը կմասնակցի հանքարդյունաբերական քաղաքի 55-ամյակին նվիրված հանդիսավոր մեծ տոնին, ներկա կգտնվի վերակառուցված «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ մասնաշենքի բացման արարողությանը եւ այլն:
Կարդացեք նաև
Օրվա երկրորդ կեսին Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում նախագահին ուղեկցող աշխատանքային խումբը կծանոթանա հրապարակի վերակառուցման եւ երգող շատրվանների կառուցման աշխատանքներին, այնուհետեւ Կապանի թիվ 2 ավագ դպրոցի շենքի կառուցման աշխատանքների ընթացքին:
Սերժ Սարգսյանը երկօրյա իր աշխատանքային այցը կեզրափակի Կապանում գործող մանր եղջերավոր անասունների մորթման և վերամշակման արտադրամաս շրջայց կատարելով:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային. Սերժ Սարգսյանն ու Սուրեն Խաչատրյանը Սյունիքում