Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բարոյական իրավունք չունենք ադրբեջանցուն մեղադրել՝ ինչու են քանդում մեր հուշարձանները». Ակցիա Մատենադարանի դիմաց

Սեպտեմբեր 25,2013 15:31

Այս պահին Մատենադարանի նոր մասնաշենքում պատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները թեմայով միջազգային փորձագետները գիտաժողով են անում: Իսկ Նախախորհրդարանի մի խումբ ակտիվիստներ Մատենադարանի շենքի դիմաց գիտաժողովի մասնակիցների ուշադրությունն են հրավիրում «Ծածկած շուկայի» եւ ոչնչացվող այլ հուշարձանների վրա:

«Կոչ ենք անում բոլոր մտահոգ մարդկանց ճնշումներ գործադրեն պատկան կառույցների վրա, որ «Ծածկած շուկան» վերականգնի իր նախկին տեսքը եւ մնա պատմամշակութային հուշարձան: Նման տեմպերով եթե ոչնչացնենք մեր պատմությունն ու մշակույթը ապա վաղը չենք ունենա ոչ պատմություն, ոչ մշակույթ եւ որպես ազգ կվերանանք երկրի երեսից: «Ծածկած շուկան» հուշարձան է, որը ոչնչացվում է օլիգարխի կողմից»,- ասաց ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը:

Նրա խոսքերով, պատմամշակութային հուշարձանները չպետք է սուպերմարկետ դառնան, այն էլ՝ արտաքին տեսքի խաթարման հաշվին. «Եթե «Ծածկած շուկան» բոլորիս աչքի առջեւ ոչնչացվում է, ապա նման գիտաժողովները որեւէ իմաստ չունեն, քանի որ գործնականում որեւէ ազդեցություն դրանք չեն ունենում: Շուկայի արտաքին տեսքը լրիվ փոխվել է, լուսամուտները շարված են, ներքին տեսքը նույնպես փոխված է: Կոչ ենք անում բոլորին միանալ եւ պահպանել մեր հուշարձանները: Մենք բարձր ենք գնահատում նման միջազգային գիտաժողովները եւ կոչ ենք անում բոլոր մասնակիցներին իրենց ներդրումն ունենալ Հայաստանի պատմամշակութային հուշարձանների պահպանման գործում: Եթե մեր պետական կառույցներն ի վիճակի չեն Երեւանի կենտրոնում պաշտպանել հուշարձանը, ապա ինչպե՞ս ենք պաշտպանելու մեր հուշարձանները մարզերում եւ մեր երկրի տարածքներից դուրս: Բոլորս ընդվզեցինք, երբ ադրբեջանցի զինվորները Ջուղայում քանդեցին մեր հուշարձանները, բայց բարոյական ի՞նչ իրավունքով, եթե մենք ինքներս ենք անում մեր երկրի կենտրոնում: Քանի դեռ մեր հուշարձանները քանդվում են հայի ձեռքով, մենք իրավունք չենք ունենալու թշնամուն մեղադրել, որ մեր հուշարձանը քանդում են»:

Գիտաշխատող, գիտաժողովի մասնակից Գարեգին Ղազարյանը դրսում հանդիպեց ակտիվիստներին եւ ասաց, որ իրենց բարձրացնելով չէ ոչնչացվող հուշարձանների խնդիրը լուծվում. «Պետական պատժիչ մեքենան չկա, որ հանցագործին պատժի… Մշակույթի դաշտի գործիչները որոշիչ դեր չունեն: Մի մարդ է որոշում, ու դուք լավ գիտեք, թե ով է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Մանրամասները՝ շուտով տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30