ՀՀ քաղաքաշինության նախարարությունը շահագործման հանձնեց այս տարվա հերթական մշակութային օբյեկտը: Սեպտեմբերի 25-ին նորամուտը նշեց Վեդի քաղաքի մշակույթի տունը, որի բացման հանդիսավոր արարողությունը իր ներկայությամբ պատվեց Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
“Հանրապետության նախագահի հանձնարարականի համաձայն` շենքի հիմնանորոգման ընդհատումներով ընթացող շինաշխատանքներն ավարտուն տեսք ստացան, հիմնականում` անցած եւ այս տարվա լայնածավալ աշխատանքների շնորհիվ: Հիմնանորոգման վրա ծախսվել է շուրջ 350 մլն դրամ”,- հանդիսության ժամանակ նշեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը:
Նա տեղեկացրեց, որ Վեդու մշակույթի 286 տեղանոց տունը համապատասխանում է ժամանակակից մշակութային հաստատության պահանջներին: Կառույցն ունի հարմարավետ դահլիճ, տարատեսակ խմբակների համար նախատեսված սենյակներ: Երկհարկանի մշակույթի տան կառուցապատման մակերեսը կազմում է շուրջ 2210 քառ մետր: Անցած դարի 30-ական թվականներին աղյուսից կառուցված շենքը տարիների ընթացքում ամբողջովին քայքայվել էր, իսկ 1988 թվականի երկրաշարժից հետո դադարեցվել էր շենքի շահագործումը: Շինարարական օբյեկտի 2011 թվականի նախագծային լուծումները մշակվել են 9 եւ ավելի բալականության սեյսմիկ վտանգի պահանջներին համապատասխան:
“Բնակարանային շինարարությանը զուգահեռ, որը հիմնականում ընթանում է աղետի գոտում, քաղաքաշինության նախարարությունը հատուկ նշանակություն է տալիս ամբողջ հանրապետությունում կրթական եւ մշակութային օբյեկտների հիմնանորոգմանը` անհրաժեշտության դեպքում նաեւ նոր շենքերի կառուցման խնդրին”,- ընդգծեց նախարար Սամվել Թադեւոսյանը:
Կարդացեք նաև
Այս տարի քաղաքաշինության նախարարության “Քաղաքաշինական” ԾԻԳ-ը շահագործման է հանձնել 5, մինչեւ տարեվերջ եւս մեկ կրթական, մշակութային օբյեկտ, իսկ եկող տարի արդեն 15 կրթական, մշակութային օբյեկտ:
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅԱՆ Եւ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈւԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ