Թվում էր, թե սեպտեմբերի 3-ը հստակություն է մտցրել Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերություններում
Վերջին օրերին Սերժ Սարգսյանի երկու հրապարակային տեքստերը ուշագրավ ուղերձներ էին պարունակում, որոնք արժանի են դիտարկման:
Սեպտեմբերի 21-ին Անկախության տոնի առթիվ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում այսպիսի մի հատված կար. «Անկախությունը միաժամանակ նպատակ է եւ կենսակերպ: Այն պիտի նվաճել ամեն օր` յուրաքանչյուր րոպե ապրելով, որոշումներ ընդունելով ու կատարելով դրանք որպես անկախ Հայաստանի ազատ քաղաքացի: Մենք ապրում ենք ազատ երկրում եւ ամեն ինչ կարող ենք քննարկման առարկա դարձնել: Մի բան, սակայն, կա եւ անփոփոխ է ցանկացած իրավիճակում. դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն է»:
Ինչպես հայտնի է, օրերս Սերժ Սարգսյանը Սոչիում մասնակցել է ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանին, որտեղ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների նեղ ձեւաչափով հանդիպմանը նա հանդես է եկել ելույթով, շոշափել է ՀԱՊԿ-ի արդյունավետության ու հեղինակության հարցը։ Ս. Սարգսյանը հիշեցրել է, որ ՀԱՊԿ փաստաթղթերում, այդ թվում՝ անցյալ տարի դեկտեմբերին ընդունված մոսկովյան հայտարարության մեջ, ընդգծվել էր Ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու կարեւորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա, որոնք, մասնավորապես, վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, ժողովուրդների իրավահավասարությանը եւ ինքնորոշմանը եւ տարածքային ամբողջականությանը: «Սակայն, ի հակադրություն մեր իսկ կողմից ընդունված որոշումների, որոշ անդամ պետություններ այլ հարթակներում եւ ուրիշ կազմակերպություններում նույն հարցի կապակցությամբ ընդունում են հայտարարություններ, որոնք աններդաշնակ են ՀԱՊԿ շրջանակներում ընդունված որոշումներին: Վերջին տարիներին փաստաթղթեր են ընդունվել, այդ թվում՝ նախագահական մակարդակով, որոնցում ադրբեջանական կողմի մատուցմամբ՝ ընտրողաբար, ի վնաս մյուս սկզբունքների, առանձնանում է տարածքային ամբողջականության սկզբունքը: Բնականաբար, շատ երկրներ Ադրբեջանի հետ կապված իրենց շահերն ունեն: Բայց մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնել, երբ այդ հարաբերությունները բերում են այնպիսի փաստաթղթերի ընդունման, որոնք ուղղված են ՀԱՊԿ անդամ պետությունների շահերի եւ, ընդհանուր առմամբ, Կազմակերպության հեղինակության դեմ»,- նշել է Ս. Սարգսյանը:
Կարդացեք նաև
ՀԱՊԿ անդամ երկրներ Ղազախստանը, Ղրղըզստանը եւ Տաջիկստանը «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության անդամ են, իսկ այդ կազմակերպությունը իր ընդունած հռչակագրերում շեշտում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը եւ աջակցում պաշտոնական Բաքվի դիրքորոշումը Ղարաբաղյան կարգավորման հարցում։ Ղազախստանն ու Ղրղըզստանը նաեւ Թուրքալեզու պետությունների միության անդամ են, նույն քաղաքականությունն էլ այստեղ է տարվում:
Սակայն խնդիրը միայն Ղազախստանը, Ղրղըզստանն ու Տաջիկստանը չեն: Արդեն հայտնի է, որ վերջին երկու-երեք տարիներին Ռուսաստանը Ադրբեջանին է վաճառել չորս միլիարդ դոլարի հարձակողական զենք: Այս մասին Ս. Սարգսյանը, բնականաբար, ոչինչ չի ասել Սոչիում: Բայց Սերժ Սարգսյանի ելույթի հիմնական ուղերձի սլաքը ուղղվում է ոչ միայն Ղազախստանին, Ղրղըզստանին ու Տաջիկստանին, այլեւ Ռուսաստանին: Բացի այդ, ՀԱՊԿ հավաքում ՀԱՊԿ-ի գործունեության արդյունավետության եւ հեղինակության հարցի բարձրացման փաստը ինքնին ուշագրավ է: Ի դեպ, հատկանշական է նաեւ այն, որ թեեւ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սարգսյան-Պուտին բանակցություններից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը Մաքսային միություն մտնելու մտադրություն ունի, այնուամենայնիվ, Սոչիում Սարգսյան-Պուտին առանձին հանդիպում չի կայացել: Սա վկայում է թերեւս այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունն ու անվստահությունը դեռեւս պահպանվում են:
Ս. Սարգսյանը հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Վերջինս նշել է, թե Բելառուսը պատրաստ է աջակցել Հայաստանին, որպեսզի վերջինս արագ անդամակցի Մաքսային միությանը, եւ կօգնի, որպեսզի բոլոր գործընթացներն արագ ավարտին հասնեն, իսկ Ս. Սարգսյանն էլ հավելել է. «Հայկական կողմի մտադրություններն այս հարցում շատ լուրջ են: Մենք չենք փոխել մեր միտքը, քանի որ ինքներս ենք ընդունել այդ որոշումը»:
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մտադրության մասին խոսելով՝ պարզ է, որ Սերժ Սարգսյանը պետք է փորձի հաշվի նստել հասարակական տրամադրությունների հետ եւ քարոզչական դաշտում պետք է որոշակի աշխատանք տարվի: Սեպտեմբերի 21-ին Անկախության տոնի առթիվ նրա շնորհավորական ուղերձում՝ «ամեն ինչ կարող ենք քննարկման առարկա դարձնել»՝ բացի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից ձեւակերպումը եւս ունի իր հասցեատերերը՝ դա ուղղված է թե՛ երկրի ներսում առկա մտահոգություններին ու դժգոհություններին, թե՛ Ռուսաստանին ու Արեւմուտքին:
Պակաս կարեւոր չէր Ս. Սարգսյանի ելույթի՝ սիրիական հակամարտության անդրադարձը, որտեղ խոսելով Սիրիայում բազմահազարանոց համայնքի մասին՝ նա ողջունեց ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։
Ինչեւէ, թվում էր, թե հայ-ռուսական հարաբերություններում սեպտեմբերի 3-ը հստակություն մտցրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հարցում, սակայն, ինչպես երեւում է, դա միայն թվացյալ է: Ինչ-որ բան, այնուամենայնիվ, այն չէ Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերություններում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Այն, որ ինքնակոչ նախագահը խոսում է `թե անկախությունը նպատակ է, օգտագործում է նվաճում, ինքնիշխանություն, քննարկում, ազատ քաղաքացի, ազատ երկիր բառերը, ինձ հիշեցնում են բրեժնևյան ճառերը: Ինքը երբեք էլ չի հասկանա այս բառերի իմաստը իրենց ամբողջ խորությամբ և նշանակությամբ, քանի դեռ հովանավորում է մարդասպաններ լիսկային ու դրա շրջապատին, անարդար ու կաշառակեր դատավորներին, գանձագող վարչապետին, դատախազին, մի խոսքով` ամենաթողությանը: Ոչ միայն խիյարնա թարս բուսնում մեր երկրում: