Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ըստ նախկին քաղբանտարկյալի՝ Սերժ Սարգսյանն անկեղծ էր

Սեպտեմբեր 25,2013 15:02

Ազատ Արշակյանի կարծիքով՝ միակ բանը, ինչը ՌԴ-ն կարողանում է լավ անել, կռվելն է

– Տարիներ շարունակ Դուք պայքարել եք խորհրդային ամբողջատիրության դեմ, հանուն Հայաստանի անկախության նվիրաբերել եք Ձեր երիտասարդությունը. այդ ամբողջ զրկանքներով անցնելուց հետո ինչպե՞ս ընկալեցիք Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ին արած հայտարարությունը Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ: Ի՞նչ զգացողություններ Ձեզ մոտ առաջացան:

– Դառնություն զգացի: Իսկ ընդհանրապես՝ ես կարծում էի, որ տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունն օրինական, լեգալ ճանապարհով՝ ՌԴ-ի եւ ԵՄ-ի փոխադարձ համաձայնությամբ, մի ճամբարից տեղափոխվում է մյուս ճամբար: Հիմա էլ, անկեղծ ասած, ես մտածում եմ, որ նախնական համաձայնություն, ըստ երեւույթին, եղել է: Բայց սեպտեմբերի 3-ին ինձ համար զարմանալիորեն պարզվեց, որ Եվրոպական միությունը մաքսանենգ ճանապարհով ուզեցել է Հայաստանին առեւանգել ՌԴ-ի ազդեցության գոտուց: Ռուսաստանն էլ զայրացել է այդ մաքսանենգության պատճառով ու այն կանխել է: Ամեն ինչ մնացել է իր տեղում:

Ես չեմ ուզում ասել՝ ի՞նչ կտար Հայաստանին ԵՄ-ի հետ Ասոցացման եւ Խորը եւ համապարփակ, ազատ առեւտրի գոտի ստեղծելու պայմանագրերի ստորագրումը: Հասկանալի է՝ այն ամենը, ինչը որ եվրոպացիներն ունեն, խոստանում են տալ: Ի՞նչ կտա մեզ Ռուսաստանը: Աշխարհին է հայտնի, եւ բնավ գաղտնիք չէ, որ Ռուսաստանը մեզ կարող է տալ զենք, զինամթերք եւ կռվել: Միակ բանը, որը ՌԴ-ն կարողանում է լավ անել, կռվելն է: Ռուսաստանի տնտեսությունը, քաղաքական, սոցիալական ծրագրերը, կառավարման համակարգը, արդյունաբերության վիճակը եւ այլն շատ ավելի ցածր մակարդակի վրա են, քան Եվրոպայինն է: Այսինքն՝ ես կարծում եմ, որ մենք ոչինչ էլ չենք շահում: Մենք մնում ենք այնտեղ, որտեղ որ եղել ենք 200 տարի:

Ընդհանուր առմամբ, ես շատ կուզենայի, որ մենք ՌԴ-ի հետ միասին, որպես բախտակից ժողովուրդներ, նոր ազատագրված, նոր ժողովրդավարություն եւ ազատություն տեսած ժողովուրդներ, միասին ընդունեինք մեզ հարազատ արեւմտյան արժեքային համակարգը եւ շարունակեինք առաջ ընթանալ: Բայց կարծում եմ, որ առաջընթացն այդ ուղղությամբ կկասեցվի: Մենք պետք է հավասարվենք այն երկրներին, ում հետ որ հիմա դաշնակցային հարաբերությունների մեջ ենք: Կարծում եմ, որ մենք մի քիչ ավելի ազատական կլինենք, ավելի ժողովրդավարական կլինենք՝ մեզ հետ նույն շարքում կանգնած գործընկեր պետությունների համեմատությամբ, բայց, միեւնույն է, դա մեզ համար լավ շրջապատ չի: Այնուհանդերձ, լավատես եմ եւ կարծում եմ, որ քաղաքական առումով ռուսական իմպերիան ի վիճակի չէ վերագաղութացնելու, վերանվաճելու Հայաստանը: ՌԴ-ն այդպիսի ռեսուրսներ չունի: Բացի այդ՝ մենք շատ ենք փոխվել, մենք էլ չենք հաշտվի ցածր կարգավիճակի հետ: Մենք շատ գնահատում եւ սիրում ենք մեր ազատությունը: Մենք արդեն մեր խոսքն ասել ենք սրանից 23 տարի առաջ, հանրաքվեի ժամանակ: Մենք հիմա հպարտ ենք, մենք հիմա ազատ ժողովուրդ ենք, մեզ ստրկացնել, ճնշել, խեղճացնել հնարավոր չի:

– Դուք հեռուստաէկրաններից տեսե՞լ եք այն պահը, երբ նախագահներ Պուտինն ու Սարգսյանը հայտարարում էին Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության մասին եւ հայտարարության տեքստն էին ստորագրում: Դուք տպավորություն ստացա՞ք, որ Հայաստանն ազատ ու անկախ երկիր է, որին հնարավոր չէ ստորացնել:

– Այնտեղ, որտեղ հատուկ կարծիք պետք է ձեւավորվեր, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքն ուզում է մնալ ազատ երկրի նախագահ: Դրածո լինել չի ուզում: Ես դրա համար շատ ուրախ եմ, այդ հայտարարությունը շատ տեղին էր եւ լավն էր: Ինքը բոլորի առաջ ֆիքսեց, որ Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության կողմնակիցն է եւ չի զիջելու ինքնիշխանությունը, Հայաստանի անվտանգությունը՝ Մաքսային միությանը միանալու որոշմամբ: Ինքն անձամբ անկախության կողմնակից է եւ թույլ չի տա, որ իր իշխանության օրոք Հայաստանի ինքնիշխանությունը պակասի: Նա դա արեց եւ մեզ համար, եւ հակառակորդների:

– Այդ դեպքում ինչո՞ւ էր այդքան կաշկանդված Սերժ Սարգսյանը, երբ ստորագրում էր հայտարարությունը:

– Կաշկանդված էր, որովհետեւ մենք արդեն փորձ ունենք. ռուսական «գռաբլին» մենք 20-ական թվականներին մի անգամ տրորել ենք եւ գիտենք, թե ինչ է նշանակում առանց պետության անվտանգության երաշխիքների՝ դուրս գալ անվտանգության համակարգից:

Ես համարում եմ, որ բոլոր առաջընթացները, բարեփոխումները նախեւառաջ պետք է ամրացնեն հայկական պետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը: Եթե որեւէ բան վտանգ է ստեղծում մեր պետության համար, ուրեմն դա առաջընթաց չի: Հիմա, եթե հայկական պետության ինքնիշխանությունը պետք է զոհաբերվի հանուն անվտանգության, իմ կարծիքով՝ դա աբսուրդ է, քանի որ անվտանգությունը կոչված է պահպանելու ՀՀ-ի ինքնիշխանությունը: Եթե ինչ-որ գործողություն, քաղաքականություն կամ ձեռնարկ պակասեցնում են Հայաստանի ինքնիշխանությունը, դա հակապետական եւ հակազգային է: Եթե Մաքսային միությունը սահմանափակելու է մեր ինքնիշխանությունը, ուրեմն դա ոչ թե անվտանգության, այլ վտանգավոր համակարգ է: Նույնն էլ ԵՄ-ի պարագայում:

– Ձեր կարծիքով՝ Մաքսային միությանն անդամակցելու նախագահ Սարգսյանի որոշումը ճի՞շտ էր, թե՞ պարտադրված:

– Մենք ինքնուրույն որոշում կայացրել ենք. դա հանրաքվեի ժամանակ մեր «այո»-ն էր անկախությանը: Իսկ նախագահը ոչ միայն քաղաքացի է, այլ նաեւ երկրի անվտանգության պատասխանատուն է: Ես կարծում եմ, որ նախագահն այն տարիների ընթացքում, երբ վարում էր եվրոպամետ քաղաքականություն, առանց խաղի, անկեղծորեն հավատացել է, որ ՀՀ-ն գնում է ԵՄ Ասոցացման համաձայնագրին, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտուն միանալուն, որ դա հնարավոր է: Բայց երբ սեպտեմբեր ամսին պարզվեց, որ դա անհնար է, այսինքն՝ ՌԴ-ն չի ցանկանում Եվրոպային աջակցել Հայաստանի տեղափոխության հարցում, բնական է, որ Սերժ Սարգսյանը պետք է կասեցներ այդ գործընթացը եւ մնար նույն տեղում՝ ՌԴ-ի ազդեցության ոլորտում:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Տրամաբանական է, որ մեր երկրին, այսինքն ս.ս.- ին պարտադրել են ստորագրել ՄՄ-ն պայմանագիրը: Անտրամաբանական է, որ այսքան ազատատենչ ժողովուրդ ենք, բայց հանդուրժում ենք՝ երկրում կատարվող համատարած հանցագործություններին:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30